HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ես չեմ ուզում, որ որեւէ մեկը երբեւէ ասի` ինձ զարմացրեց Ստիվ Քյուրքչյանի գրածը

Սկիզբը` այստեղ

Հանդիպում 2-րդ

Ըստ «Բոստոն Գլոբի» լրագրող Ստիվ Քյուրքչյանի` Միացյալ նահանգներում լրագրողները նույնպես հանդիպում են դժվարությունների: Դրանք նույն են, ինչ Հայաստանում: Սակայն այնտեղ հազվադեպ են դեպքերը,երբ լրագրողը հետապնդվում է կամ նրան մեղադրանք է ներկայացվում: Ամենուր մամուլին պակասում է` կառավարության լիարժեք տեղեկատվությունը:Ասենք, թե ինչու է կառավարությունը կայացնում կոնկրետ այս կամ այն որոշումը:

«Բոստոն Գլոբն» ունի իրավաբաններ, որոնց միջոցով մենք հայց ենք ներկայացնում դատարան: Եթե տեղեկություններ ստանալը խնդիր է դառնում, նրանք դիմում են դատարան: Վերջին դեպքը կապված էր Ամերիկայի կաթոլիկ եկեղեցու Բոստոնի թեմի հետ: Դատի ենք տվել նախկին մի քահանայի, որը մեղադրվում էր բազմաթիվ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ: Երեխաներն արդեն մեծացել են, այսօր նրանք դիմել են իրավաբանի, իսկ վերջինս դատի է տվել եկեղեցուն եւ քահանային: Բոստոնի թեմը դատարանից պահանջել է փակել նյութերը` նշելով, որ կրոնի ազատությունը պաշտպանում է եկեղեցուն: Ասացինք` այո գաղտնի կպահենք նյութերը: «Բոստոն Գլոբ» նոր խմբագիր էր եկել: Ասաց` չէ դա մեզ համար կարծես կարեւոր գործ է, գուցե էլի քահանաներ կան, որոնք նմանատիպ բաներով են զբաղվել: Եկեք թույլ չտանք եկեղեցուն այս տեղեկությունները գաղտնի պահի: Եթե ընդամենը մի քահանա է, այդ տեղեկությունները չենք հրապարակի, բայց միգուցե փակված դռների հետեւում էլի ինչ-որ բաներ կան թաքնված: Դիմեցինք դատարան: Դատավորը եկեղեցու ներկայացուցիչներին ասաց, որ թերթը ճիշտ է, թող պարզի, թե փաստաթղթերում ինչ է գրված: Երբ մրցակից թերթը իմացավ այս դատի մասին, իրենք ուզեցին առաջինը վերցնել այդ նյութերը եւ տպել: Դա ինձ արդար չթվաց, ես համաձայնության եկա մեկի հետ, որը ներկայացնում էր տուժողներին, կարողացանք գրառումները մեկ-երկու օր ավելի շուտ ստանալ եւ հրապարակել: Այսինքն պատմությունն առաջինը մեզ հասավ: Կարեւորը, թե ինչ գտանք այդ նյութերի մեջ: Իմացանք, որ ոչ թե մեկ քահանա, այլ տասնյակ քահանաներ, երեխաներին սեռական բռնության են ենթարկում: Եկեղեցու վերնախավը գիտեր այդ չարաշահումների մասին, սակայն չեն դիմել ոստիկանություն, վախեցել են սկանդալից: Հասարակությունից գաղտնի են պահել: Քահանային մի թեմից տեղափոխել են մեկ այլ թեմ: Եվ նա, տեղափոխվելով, շարունակել է իր գործելակերպը: Պարզեցինք, որ կառույցը գործել է լուռ ու մունջ, մթության մեջ` հասարակությանը հաշվետու չլինելով: Դա էլ նպաստել էր ոտնձգությունների իրականացմանը: Պատմությունը այնպիսի թափ հավաքեց, որ երբեւէ նման բան չէր եղել: Հետեւանքները մինչ օրս դեռ փորձում են ծավալի առումով գնահատել: Ո՜չ լրագրողները, ո՜չ էլ լրատվամիջոցը չեն ուրախանում կամ ոգեւորվում, որ նման բաներ է լինում եկեղեցու հետ: Կաթոլիկ եկեղեցին Բոստոնում շատ լավ բաներ է անում աղքատների, ծերերի, հիվանդների համար: Բայց միաժամանակ կան նման վատ երեւույթներ: Կարծում եմ, որ կաթոլիկ եկեղեցու համակարգում բարեփոխումներ կիրականացվեն, եւ կկանխվեն նման երեւույթները:

- Ե՞րբ հասկացաք, որ պետք է զբաղվեք լրագրողական հետաքննությամբ:

1970-ականների սկզբներին առաջին անգամ սկսեցի հետաքննություններ անել: Մեր խումբը դարձավ պուլիցերյան մրցանակակիր, եւ հայտնի դարձանք: Բոլորը գիտեին, թե մենք ինչով ենք զբաղվում: 50-60-ականներին Ամերիկայում կարծես մոռացել էին հետաքննական լրագրության մասին եւ մենք կարծես վերակենդանացրինք այդ ժանրը: Մենք այդ մեծ շարժման վերածննդի սկզբի մի մասն էինք զգում մեզ:Գիտակցում էինք, որ կարեւոր գործ ենք անում եւ, մարդիկ մեզ արդեն շատ լուրջ են վերաբերվում: Հետո, երբ ստիպված գնացի Վաշինգտոն 86-ից մինչեւ 91 թթ., հետաքննություն չէի անում, այլ զբաղվում էի քաղաքական լրատվությամբ: Այդ ժամանակ գիտակցեցի, թե ինչքան մեծ նշանակություն ունի ինձ համար հետաքննական լրագրությունը: Ոչ թե փառքի, ճանաչման, չնայած դա նույնպես հաճելի է, այլ ինձ համար կարեւոր էր հասականալ, որ իսկապես մարդկանց կյանքում փոփոխություններ եմ մտցնում: Ես, փաստորեն, նրանց անունից դրական տեղաշարժեր էի իրականացնում: 5-6 տարի դրանից հեռացա, չնայած, ասենք Վաշինգտոնում էի, նախագահական ընդունելությունների էի մասնակցում, նույնիսկ նախագահի հետ եմ հարցազրույց արել: Բայց այդ նյութերը երկարատեւ ազդեցություն չէին ունենում: Իսկ այն, ինչ անում էի մինչ այդ եւ այն ինչ անում եմ հիմա այլ է, դրական նոր բան եմ ստեղծում:

- Իսկ ինչ-որ հատուկ կրթություն ստացար, թե միայն քո աշխատանքային փորձն էր:

Միակ հետաքննական դասընթացը անցել եմ ո՜չ որպես լրագրող, այլ որպես իրավաբան: Իրավաբանական համալսարան գնալն ինձ սովորեցրեց աշխատել խճճված փաստերի հետ, պարզել թե ինչու է ինչ-որ բան տեղի ունենում եւ հասկանալ այն, ինչը ես չգիտեի: Ձգտել հասնել նրան, որ տեղեկատվության առումով ամեն ինչ անթերի լինի: Երբ երիտասարդ էի Մասաչուսեթս նահանգի կառավարության մասին նյութեր էի անում: Դա ինձ օգնեց հասականալ, թե ինչպիսին է կառավարության քաղաքականությունը, ինչպես են աշխատում պետական մարմինները:

- Սովորական լրագրողն ի՞նչով է տարբերվում հետաքննողից:

Հիմնականում երկու բան կարող եմ ասել: Ժամանակն է կարեւոր: Սովորական լրագրողը աշխատում է վաղվա, կամ վաղը չէ մյուս օրվա համար: Հետաքննող լրագրողը շատ ավելի երկար ժամանակ է ծախսում եւ բացատրում է թե ինչու է ինչ-որ բան տեղի ունենում: Ոչ թե արձանագրում է, որ այսինչ բանը տեղի է ունեցել, այլ բացատրում է թե ինչու այդպես եղել:

- Ինչպի՞սի հնարանքներ եք օգտագործում հետաքննության ժամանակ:

Ես գիտեմ ինչպես կարդալ փաստաթղթերը, գլուխ եմ հանում բարդ, խճճված փաստերից: Խճճված իրավաբանական մանրամասներն ինձ չեն դժվարեցնում: Երբեմն բավականին ժամանակ եմ ծախսում փաստաթղթեր կարդալու վրա: Միանգամից հասկանում եմ, թե ում հետ պետք է խոսեմ, ինչպիսի հարց պետք է տամ: Իսկ լավ հետաքննական լրագրությունը հիմնված է փաստաթղթերի վրա եւ մարդկանց մասին է: Ո՞վ է սխալ արել, եւ ո՞վ տուժել: Հսկայական ժամանակ եմ ծախսում մարդկանց համոզելու, որ ինձ հետ խոսեն: Եվ հիմնականում հաջողվում է, ես ավելին եմ ձեռք բերել, քան սպասել եմ: Դա հետաքննական լրագրության շատ կարեւոր մասն է կազմում: Պետական ծառայողների մեծ մասը չեն էլ ուզում խոսել լրագրողների հետ: Վախենում են, որ պաշտոնից կհեռացվեն: Վախենում են, որ իրենց անունը սկանդալի հետ կկապվի եւ կկորցնեն իրենց աշխատանքը: Ես ջանքեր չեմ խնայում նրանց համոզելու համար: Ես ապացուցում եմ նրանց, որ այդ ամենն ի շահ հասարակության է: Ասում եմ, միեւնույնն է ձեր անունը նշվելու է նյութում, եթե դուք նույնիսկ բան չեք ասում, այդ դեպքում շատ ավելի վատ կլինի ձեզ համար: Շատ պարզ, հասկանալի եւ համոզիչ ձեւով եմ նրանց հետ խոսում, բացատրում, թե ինչու իրենք պետք է խոսեն ինձ հետ: Դա ասում եմ նաեւ ի պաշտպանություն իրենց: Ասում եմ ավելի լավ է խոսեք, լռություն պահպանելով սկանդալը ավելի շատ կկապվի ձեզ հետ քան, եթե խոսեք: Եւ ի վերջո նրանք հասկանում են, որ Քյուրքչյանը արդար է վարվում իրենց հետ, որ պետք է վստահեն իմ աշխատանքին, որ ինձ հետ դժվար է գործ ունենալը: Բայց եթե Քյուրքչյանը ինչ-որ բան խոստանում է, անպայման կատարում է, իր խոստումը երբեք չի դրժում:

- Սովորաբար հավաքած նյութի քա՞նի տոկոսն եք օգտագործում:

Հավանաբար տաս տոկոսը, առավելագույնը` տաս տոկոսը: Տարիների ընթացքում, երբ քո աշխատանքում պրոֆեսիոնալ ես դառնում, հասկանում ես, թե հատկապես ինչ է քեզ պետք այդ նյութը գրելու համար:Արդեն ունես բավարար ինֆորմացիա նյութը պատմելու համար, այնքան, որ եթե ինչ-որ մեկը քեզ դատի տա կարողանաս ապացուցել քո ճշմարտացիությունը: Ես մեքենա չեմ, պարզապես սիրում եմ հետաքննական աշխատանքը: Սիրում եմ մարդկանց հետ աշխատել, սիրում եմ մարդկանց գրավել, ընկերություն անել նրանց հետ: Ինձ շատ է դուր գալիս, երբ դժվար մարդկանց եմ հանդիպում, որովհետեւ ես ի վիճակի եմ լինում նրանց համոզել: Ասել, որ իրենց հետ համագործակցությունը, նույնիսկ եթե նրանց անունը սկանդալի մեջ է ներքաշված, կկանխի ինչ-որ մեկին պատճառվող վնասը, ցավը: Հիմնականում չեն էլ համաձայնվում, ասում են ոչ մի մեկնաբանություն չենք տալիս: Բայց ես նրանց ասում եմ, թե իրենք ինչ կկարդան թերթում իրենց մասին: Ես չեմ ուզում, որ որեւէ մեկը երբեւէ ասի` ինձ զարմացրեց Ստիվ Քյուրքչյանի գրածը:

- Նյութը միանգամից ես սարքում, տպում, թե՞ մաս-մաս, մի քանի համարներում:

Երբ հետաքննական խմբով ենք աշխատում հիմնականում հետաքննական նյութերի շարք ենք պատրաստում, որովհետեւ աշխատանքները երեքից մինչեւ վեց ամիս են տեւում: Շատ եմ սիրում կարճ հետաքննություններ անել: Սիրում եմ տարբեր նյութեր անել նույն թեմայի շուրջ: Ասենք երկու շաբաթից մինչեւ մեկ ամիս եմ աշխատում դրանց վրա: Այս նյութերը, հիմնականում հավաքվելով, դառնում են մեկ նյութ, որը զբաղեցնում է թերթի երկու էջը: Հիմնականում նրանք բարդ են, դրա համար ամեն ինչ պետք է անես, որ հասկանալի լինի ընթերցողին: Լուսանկարները եւ գրաֆիկաները նյութի կարեւոր մասն են կազմում: Աշխատանքիս կարերիայի կեսում արդեն ինձ հետ լուսանկարիչներ ունեի: Նրանք պրոֆեսիոնալ են, քան ես եւ գիտեն` ինչպես անել այդ գործը:

- Առավոտյան առաջին էջում, մեծ տառերով տեսնում եք Ձեր նյութի վերնագիրը, ի՞նչ եք զգում:

Վախ:

- Ինչու՞:

Նման օրերին սովորաբար գիշերվա երկուսին արթնանում եմ լրիվ քրտնած: Մտածում եմ, ախր ի՞նչու տպեցի այդ հատվածը: Միշտ դա առնչվում է ինչ-որ փոքր հատվածի, փաստի հետ, ինձ միշտ թվում է թե ենթադրել եմ, որ փաստեր ունեմ: Հենց այդ ժամին վեր եմ կենում, գնում խմբագրություն: Կարդում եմ, ասում` չէ ճիշտ եմ արել, ահա փաստերն էլ ունեմ: Աշխատանքի եմ գալիս 8 անց կես, 9-ին: Եւ եթե հեռախոսիս կարմիր լույսը վառվում է, ինձ հաղորդագրություն են թողել: Եթե զանգը մինչեւ ժամը ութն է լինում, ուրեմն հոդվածիս մեջ հաստատ սխալ է եղել: Իսկ եթե իննից հետո է, ուրեմն ամեն ինչ կարգին է: Նշանակում է մարդիկ կարդացել են, ուղղակի ինչ-որ մեկնաբանություններ են ուզում անել: Առավոտյան յոթից ութը սովորաբար զանգում են այն մարդիկ, ում մասին սխալ փաստեր եմ տպել: Շատ հաճախ դրանք պարզապես հիմար սխալներ են լինում: Ինչ-որ մեկի անունն եմ սխալ գրել, ասենք պաշտոնը, հասցեն եմ սխալ գրել: Բայց եթե նման ձեւի սխալներ եմ արած լինում, ստամոքսս սկսում է վատանալ, ֆիզիկապես վատ եմ զգում: Գիտեմ, որ շատ մարդիկ իմ եզրահանգումների հետ չեն համաձայնում: Միշտ տեղ եմ տալիս նրանց իրենց անհամաձայնությունը արտահայտելու: Պրոֆեսիոնալ եզրահանգումները միշտ անում եմ իմ փորձի հիման վրա: Նորմալ է, երբ ինչ-որ մեկն համաձայն չէ ինձ հետ: Բայց ես չեմ ուզում երբեւէ փաստական սխալներ անել: «Բոստոն Գլոբն» ինձ չի վճարում փաստական սխալներ անելու համար: Սակայն «Բոստոն Գլոբն» ինձ այնքան փող չի վճարում, որ ես չանեմ փաստական սխալներ: Ու եթե շատ փաստական սխալներ եմ անում, գրեթե երկու օր ստամոքսիցս բողոքներ եմ ունենում: Բայց պատահում է, ի՞նչ կարող ենք անել:

- Արդեն մեկ շաբաթից ավել է` շփվում ես հայ լրագրողների հետ, եթե Ամերիկայում Հայաստանի լրագրությունը նկարագրելու լինես, ինչպես ես դա անելու:

Կարծում եմ երկու բան կնշեմ: Առաջինը` բոլորը գիտակցում են, թե ինչքան կարեւոր է լրագրությունը հանրապետության ապագայի համար: Խնդիրները, ինչի մասին այստեղ խոսում են, նույնն են ինչի մասին մենք խոսում ենք Միացյալ նահանգներում: Հետաքրքրությունը եւ այն հասկացությունը, թե ինչքան կարեւոր է ժուռնալիստիկան, այստեղ առկա է: Բայց նաեւ կխոսեմ այն մասին, որ զգացվում է ժուռնալիստների առաջընթացի պակաս: Մենք միշտ սովոր ենք ասել հայ ժուռնալիստներին ժամանակ է պետք, ամեն ինչ էլ կլինի: Բայց հայ ժուռնալիստները պատասխանում են, ո՜չ դուք մեզ չեք հասկանում: Մենք ասում ենք, հենց որ անկախ լրատվամիջոցներ ստեղծվեն, բոլոր դժգոհությունները կանհետանան:Հոգուս խորքում չեմ կարծում, որ դա ճիշտ է: Բոլորն էլ ասում են, որ այդ է պատասխանը, բայց ես այնուամենայանիվ մտածում եմ, դա չէ խնդիրը: Այս այն դեպքն է, երբ մենք գործ ունենք Սովետական միության նախկին հանրապետության հետ, այն մի փակ տարածք է եղել: Ես կարծում եմ, որ հենց սա է խնդրի մեծ մասը: Այսինքն այսօրվա ժուռնալիստիկայի նմանատիպ խնդիրների հիմքը նախորդ տարիներն են:Կարծում եմ, սովետական պետական պաշտոնյաներ էլ նույնպիսին են եղել, նրանք էլ չեն սիրել խոսել, սովորաբար լռություն են պաշտպանել, երբ կարեւոր խնդիրներ են բարձրացվել: Կարծում եմ 20 տարի, լավ թող լինի, 50 տարի հետո արդեն կղեկավարեն այն մարդիկ, ովքեր ընդհանրապես Սովետական միության ժամանակներում չեն ապրել, չեն կազմել նրա մի մասը: Եւ գուցե թե այդ ժամանակ կլինի անկախ մամուլ եւ բիզնեսմենները կտեսնեն, որ ԶԼՄ-նում ներդնելով` կարող են լավ շահույթ ունենալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter