HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Երբ թեկնածուն... լուսանկարն է

Դեկտեմբերին 2-ին թիվ 1 ընտրատարածքում կայանալիք ԱԺ լրացուցիչ ընտրությունների քարոզարշավը եզրագիծը հատում է խիստ օրիգինալ իրողությունների պայմաններում: Այդ ընտրարատածքում առաջադրված երեք թեկնածուներից իրական ընտրարշավ անցկացրել է միայն մեկը` «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:

Մյուս երկու թեկնածուներն ընդհանրապես իրենց մասին անձնապես չեն հիշեցրել: Սաֆարյանի իրական մրցակիցը` ՀՀԿ անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանը, այդ ամբողջ ընթացքում չի հանդիպել ոչ մի ընտրողի, երբևէ հրապարակային հայտարարություններով, ելույթներով հանդես չի եկել, որևէ լրատվամիջոցի երբեք հարցազրույց, պարզաբանում չի տվել: Ո՞վ է այս մարդը` ոչ ոք չգիտի: Եվ չնայած դրան` բոլորը համոզված են, որ Ռուբեն Հայրապետյանի թողած պատգամավորական մանդատի տերը հենց այս անձնավորությունն է դառնալու:

Իշխող Հանրապետական կուսակցությունը, փաստորեն, գործի է դնում մի չտեսնված-չլսված քաղաքական տեխնոլոգիա. իր վստահորդին պատգամավոր է դարձնում առանց ընտրողների հետ առերեսելու: Մարդիկ գնալու են ընտրատեղամասեր և քվեարկելու են մի մարդու օգտին, ում տեսել են միայն լրատվամիջոցներում «կախված» լուսանկարներից, այսինքն՝ քվեարկելու են` լուսանկարի օգտին կամ լուսանկարի դեմ:

Այդքանի համար, իհարկե, ընտրողները դեռ պետք է շնորհակալ լինեն, որովհետև գոնե հարգել են այնքանով, որքանով լուսանկարն են հրապարակել, չնայած եթե մարդուն չես տեսել` ի՞նչ իմանաս` լուսանկարում ի՞նքն է, թե՞ ոչ: Կարող էին, իհարկե, դա էլ չանել կամ էլ թեկնածուի անվան կողքին հանգիստ փակցնել Քիմ Քարդաշյանի, կամ էլ, մեղա, էյնշտեյնի լուսանկարները:

Խիստ օրիգինալ այս ընտրարշավի մյուս յուրահատկությունը, իհարկե, նախընտրական շտաբների խայտառակ մեծ թիվն է: ՀՀԿ-ում որոշել են, որ իրենց թեկնածուի քարոզարշավը տանելու համար դեռ 50-60 շտաբն էլ քիչ է: Եվ այս հարցում էլ նրանք օրինակելի համեստություն են արել: Ոչ թե շտաբներ են սարքել ամեն շենքի ամեն հարկում, այլ բավարարվել են ընդամենը «երկու շենքին մեկ շտաբ» խիստ ժուժկալ սխեմայով:

Թե ինչով են զբաղվել այդ շտաբները, որտեղ անգամ թեկնածուն ոտք չի դրել, ոչ մեր, ոչ էլ ընտրողների խելքի բանը չէ: Կարևորը բովանդակությունը չէ. կարևորը` տպավորիչ շտաբների տպավորիչ առատությունը:

Հավանաբար, նորահայտ քաղտեխնոլոգները ՀՀԿ-ին հուշել են, որ շտաբների գերառատությունը կարող է հոգեբանական այնպիսի ցնցող էֆեկտ ունենալ, որ եթե անգամ չուզենան էլ քվեախցիկում ձեռքներն իրենք գնան թեկնածուի անվան դիմաց «պտիչկա» անելու: Հո չե՞ն քվեարկելու «Ժառանգության» «խեղճուկրակ» ներկայացուցչի օգտին, ով կարող է անգամ մեկ-երկու շտաբի համար տարածք վարձակալելու փող չունենալ:

Մյուս կողմից էլ` դա կարող է ոչ միայն կոմպենսացնել թեկնածուի թե ֆիզիկական և թե բովանդակային բացակայությունը ընտրարշավից, այլ հակառակը` ամեն տեղ ներկայանալիություն ապահովել, համոզմուքն ստեղծել, որ նրա շունչն ամեն տեղ է, ամեն ծակուծուկում, որ նրանից ուղղակի պրծում չկա:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա ընտրություններին նման մասնակցությամբ ՀՀԿ-ն և նրա թեկնածուն առավել քան անկեղծ են: Նախ` ՀՀԿ-ն ավելորդ անգամ ցույց է տալիս, որ իրեն ոչ թե բովանդակային պատգամավոր է պետք` իր համոզմունքներով, քաղաքական ու քաղաքացիական հայացքներով, աշխարհըմբռնմամբ, այլ ընդամենը պատգամավորի «մուլյաժ», որի ներկայությունը խորհդրարանում արդարացվում է ընդամենը պարտաճանաչ ձևով կոճակ սեղմելու պատրականությունը կատարելով:

Իսկ դրա համար նախընտրական ծրագրի, կարգախոսի, ներկայանալիության, ընտրողի նկատմամբ տարրական հարգանքի ունակության նման զիզի-բիզի բաներ ոչ միայն պետք չեն, այլև նույնիսկ վնասակար են. իսկ եթե հանկարծ ընտրողը շատ ոգևորվի այդ ամենից, ու սկսի ինչ-որ բանե՞ր պահանջել իր սեփական պատգամավորից...

Երկրորդ` սա առնվազն մատնանշում է մեծամասնական ընտրակարգը պահպանելու համար քաղաքական մեծամասնության կողմից բերվող ամենահիմնական ու «անխոցելի» հիմնավորման սնանկությունը: Ինչպես հայտնի է, հանրապետականները համառորեն համոզում էին, որ այս ընտրակարգն անհրաժեշտ է ընտրողների հետ պատգամավորների կապը պահելու համար: Ի՞նչ կապի մասին կարող է խոսք լինել, եթե այդ պոտենցիալ պատգամավորի շողքն անգամ ընտրողները չեն տեսնում:

Երրորդ` ՀՀԿ-ն այսպիսով ապացուցում է, որ ընտրությունները և դրա ամենակարևոր հատկանիշը` մրցակցությունը, իր համար ընդամենը ձևական ֆորմալ երևույթներ են, և որ Հայաստանի պատմության մեջ ամենաժողովրդավարական ընտրությունները կարելի է անցկացնել նաև... առանց թեկնածուի և առանց մրցակցելու:

Սա ուղղակի կամ անուղղակի խոստովանություն է այն մասին, որ ընդունված քաղաքական տեխնոլոգիաներ պետք են իշխանության թենածուի հաղթանակն ապահովելու համար: Իսկ եթե դրանք պետք չեն, նշանակում է՝ կիրառվելու է բոլորովին այլ, իրավական դաշտից դուրս գտնվող գործիքակազմ:

Թե ինչ միջոցների մասին է խոսքը, նույնիսկ իմաստ չունի քննարկել, որովհետև ամենակոնցեպտուալ հարցում ՀՀԿ-ն ստիպում է անել միակ հնարավոր եզրակացությունը. Ռոբերտ Սարգսյանին «պատգամավոր» կարգելու օպերացիան իրականացվելու է ընտախախտումներով և միայն ընտրախախտումներով: Այլ կերպ ուղղակի հնարավոր չէ:

Սա պարզորոշ ցույց է տալիս, թե ինչպես են անցել այս տարվա խորհդարանական ընտրությունները և ինչպես են անցնելու փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունները: Միակ տարբերությունն այն է, որ եթե նախկինում կեղծարարությունները չէին խոստովանում, հիմա դրանց դիմում են առանց քաշվելու, բոլորի աչքի առաջ: 

Այս իմաստով՝ այն, ինչ տեղի է ունենում Ավանում, իսկական «գիտափորձ» է` հասկանալու համար, թե հնարավո՞ր է առանց ավելորդ սեթևեթանքների, ձևականությունների, առանց ընտրարշավ կազմակերպելու, առանց ընտրողներին բանի տեղ դնելու նախագահ վերընտրել:

Եթե Ռոբերտ Սարգսյանն այսքանից հետո ընտրվի պատգամավոր, իսկ դա առավել քան հնարավոր է, ապա Սերժ Սարգսյանը ևս հանգիստ կարող է իր աշխատասենյակից դուրս չգալ: Անհրաժեշտ է միայն գտնել ամեն շենքի, ամեն տան կողքին բացվելիք շտաբում աշխատող 2-3 հոգի, և հարցը լուծված է: Իսկ նման «հոգիներ» դժվար չէ գտնել. նրանք, ովքեր իրենց նկատմամբ այսպիսի ցինիկ վերաբերմունքի պայմաններում անգամ գնալու և ընտրելու են Ավունմ առաջադրված ՀՀԿ-ական պատգամավորին, հանգիստ կարող են այդ գործը վերցնել իրենց վրա:

Մեկնաբանություններ (2)

liana
mer strkamit ev aninqnaser joxovurdn arjani e liovin dran...ete nuynisk hhk anhayt teknatsun yntrvi tvyal yntratexamasic boxoqox chi lini...joxovurd@ durs chi ga poxoc payqarelu ir tvats dzayneri hamar, vorovhetev arajin hertin menq chunenq qaxaqaciakan hasarakutyun (cavoq), ev erkrord arden parz e vor mardik mi qani hazar drami hamar patrast en irenc dzayn@ caxelu ev hangist irenc strkamit goyutyun@ qarsh talu...shat kcankanayu Stepan Safaryanin krkin tesnel xorhrdaranum...:))) naxord gumarman amenalav ev amenagraget patgamavorneric:)) dzez maxtum em miayn ev miayn Haxtanak!!!!
Գեւորգ
Լավ հոդված է, սակայն լսողն ով է - դուք թքում եք, իրենց համար անձրեւ է գալիս: Ստացվում է՝ նկարած ընտրություն, նկարած արժանավորներ, նկարած ... իշ-խանություն: Ավելի պատվական կլինի էդ երկու տառը ջնջեն ու ավելորդ մեյմունությունից մեզ ազատեն, - գոնե պարզ կլինի ինչի հետ է գործներս ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter