HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ երաժիշտներն արժանացել են Էդիսոնի անվան մրցանակին

Գուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի ձայնասկավառակն արժանացել է հոլանդական «Edison Award» -ի մրցանակին «Լավագույն ժողովրդական ալբոմ» անվանակարգում:

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին, այն ստանալու համար Հոլանդիայի Այնդհովեն քաղաք էին մեկնել «Գուրջիև» անսամբլի ներկայցուցիչներ Էմմանուել Հովհաննիսյանը, Նորայր Գաբոյանն ու գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանը:

«Մեզ համար մեծ պատիվ էր նման մրցանակի արժանանալը: Սա մեզ նոր ստեղծագործական լիցքեր հաղորդեց: Սա նաև մեծ առիթ էր Գուրջիևին ևս մեկ անգամ միջազգային մակարդակով ներկայացնելու համար»,- ասում է Հոլանդիայից նոր վերադարձած Լ. Էսկենյանը:

Նրա խոսքերով, մրցանակաբաշխության արարողության ժամանակ համերգային կատարմամբ ելույթ են ունեցել դուդուկահար Էմմանունել Հովհաննիսյանն ու Նորայր Գաբոյանը` հուզելով ներկաներին:

«Դուդուկը պարզապես բացառիկ ընդունելության արժանացավ, այն նաև ներկաների մոտ հետաքրքրություն առաջացրեց հայկական երաժշտության հանդեպ: Դուդուկի կատարմամբ Գուրջիևի երաժշտությունը, վստահ եմ` հուզեց ներկաներից յուրաքանչյուրին, և դա էին վկայում երկար ժամանակ չլռող ծափահարությունները»,-պատմեց նա:

Նշենք, որ «Edison Award»-ի մրցանակն ստեղծվել է 1960 թ. և համարվում է աշխարհի 4 ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը: Իր հեղինակությամբ ու կարևորությամբ համեմատվում է ամերիկյան «Grammy Award», գերմանական «Preis der Schallplayyenkritik» և Ֆրանսիական «Victoire» երաժշտական մրցանակաբաշխությունների հետ:

Նախկինում այս մրցանակին արժանացել են Շառլ Ազնավուրը, Մայլս Դեյվիսը, Էմիլոու Հարրիսը, Էրիկ Քլեփտոնը, Բոբ Ջեյմսը, Ֆիլ Քոլինսը, Ռայ Քուդերը, Սթիվի Ուանդերը, Ռոբի Ուլիամսը, Վալերի Գերգիևը, Եվգենի Կիսինը, Կլաուդիո Արաուն, Պիեռ Բուլեզը և այլք:

Հաղթանակած ձայնասկավառակը` «Գուրջիևի երաժշտությունը» («Music of Georges I.Gurdjieff» The Gurdjieff Folk Instruments Ensemble-Levon Eskenian), ներկայացնում է հայազգի փիլիսոփա, երաժիշտ, պարուսույց, գրող Գ. Ի. Գյուրջիևի երաժշտության` ժողովրդական գործիքների համար արված մշակումներ, թողարկվել է 2011 թվականի հուլիսին՝ գերմանական հեղինակավոր «ECM Records» ընկերության կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter