«Ուզում եմ մասնակից լինել համակարգափոխության գործընթացին»
Մատուցողուհուց դոկտոր, քաղաքագիտությունից գինեգործություն... Հայաստանից Ամերիկա, Բեռլինից Լոնդոն: Այս շարքը կարող ենք շարունակել, երբ խոսում ենք Իրինա Ղափլանյանի մասին:
Այսօր Իրինան Քեմբրիջի համալսարանում դոկտորական թեզն է գրում: Իսկ մինչ այդ...
«14 տարեկան էի` 9-րդ դասարանում էի սովորում, երբ ամերիկյան պետական մի ծրագրում դիմումս ընդունվեց: Մեկնեցի Ամերիկա: Այնտեղ մշակութային շոկ էր ինձ սպասում... 90-ականների Հայաստանն ու Ամերիկան անհնար ձևով տարբեր էին»,- հիշում է Իրինան
Անգամ փողոցային լուսավորությունից շլացած 14 տարեկան Իրինային բազմաթիվ փորձություններ էին սպասում:
«Ընկերություն էի անում ինձանից տարիքով մեծ մարդկանց հետ: Պատճառները տարբեր էին. Նախ՝ ես, որպես ուրիշ մշակույթ ներկայացնող դեռահաս, չէի հետաքրքրում իմ դասընկերներին: Մյուս կողմից էլ ինձ հասակակից դասընկերներն ու ես տարբեր մանկություններ էինք ունեցել: Նրանք չգիտեին առանց էլեկտրականության ու գազի, առանց առևտրային կենտրոններով լեցուն անհարմար իրականության մասին: Իսկ այդ տարիներին Երևանն այդպիսին էր: Մութ ու ցուրտ, բայց մարդկանց մեջ կար խորություն և կյանքի սեր. նյութականը կարևոր չէր»,- ասում է Իրինան:
Քանի որ անչափահաս էր, Իրինային չէր թույլատրվում աշխատել: Կարողանում է միայն մի աշխատանք գտնել` մաքրում էր իր հարևանությամբ ապրող ընտանիքի այգին, որ կարողանար ճանփորդել Ամերիկայի տարածքում: Մեկ տարի հետո Իրինան վերադառնում է Հայաստան: Ընդունվում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, որը շուտով թողնում է եւ ուսումը շարունակում Մալթայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Մագիստրոսական կրթություն ստանալու համար ընդունվում է Լոնդոնի դիվանագիտական ակադեմիա:
«Լոնդոնը տարասեռ ու տարօրինակ քաղաք է ու կարծես մարդուն տանում է իրեն տեսնելու, որի համար ինձ լրացուցիչ գումար էր պետք: Սկսեցի տարբեր ռեստորաններում մատուցողուհի աշխատել, որի ընթացքում բացահայտեցի իմ սերը դեպի սնունդը, սնունդը ոչ որպես միայն կենսական պահանջները բավարարելու միջոց, այլ որպես մշակութային առանձնահատկություն: Սկսեցի ուսումնասիրել գինեգործությունը: Տարբեր դասընթացներ անցա և սկսեցի աշխատել ավելի բարձրակարգ ռեստորաններում՝ որպես բարձրաստիճան հյուրերին սպասարկող մատուցող: Ես շատ էի սիրում այս աշխատանքը»,- պատմում է Իրինան:
Նա սկսում է «տեսնել Լոնդոնը»` թանգարաններ ու ակումբներ, դասական երաժշտության համերգներ ու բարձրակարգ ռեստորաններ, ցուցահանդեսներ ու միջոցառումներ:
Հետո Լոնդոնի դիվանագիտական ակադեմիայում Իրինան՝ «Գենդերը՝ որպես երևույթ դիվանագիտության մեջ, կին դեսպանները՝ արտաքին քաղաքականության մեջ» թեմայով թեզ է պաշտպանում:
Ավարտելուց հետո աշխատանք գտնելու նպատակով դիմում է տարբեր կազմակերպությունների տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Առաջարկ է ստանում, որպես ինֆորմացիոն կոորդինատոր, աշխատել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, եւ մեկ տարի աշխատում է բնապահպանական ծրագրերի ոլորտում. «Մեկ տարի հետո ծրագիրը փակվեց, որովհետև քաղաքական կամք չկար մեր իշխանությունների կողմից այն հետագայում ֆինանսավորելու ու շարունակելու»:
Իրինան տեղափոխվում է Բեռլին, որտեղ տարբեր հետազոտական աշխատանքներով է զբաղվում: Նա արդեն ապրում էր իր ներկայիս ամուսնու հետ. «Դեյվին հանդիպել եմ Մալթայում, այդ ժամանակ նա ծառայում էր ամերիկյան հատուկ զորքերում: Ինչքան էլ ես իմ տեսակով սիրում եմ վերլուծել իրականությունը, բանականությամբ ազդել զգայարաններիս վրա, այս դեպքում ուրիշ էր. 9-տարի առաջ երբ հանդիպեցինք, դա սեր էր առաջին հայացքից»: Նրանք պաշտոնապես ամուսնացել են միայն երկու տարի առաջ, երբ իրենց որդին արդեն երկու տարեկան էր:
Այժմ Քեմբրիջի համալսարանում իր թեզի շրջանակում նա ուսումնասիրում է Հայաստանի ներքաղաքական դաշտի քաղաքական երկխոսության ձեւավորումը, ինչպես նաեւ դրա արդյունքում ձևավորվող ազգային ինքնագիտակցությունը և արտաքին քաղաքականությունը:
Այս ընթացքում Իրինան իր ընտանիքի հետ հաստատվում է Երևանում: Շվեյցարիայից Հայստանում վերահաստատված իր քրոջ ընտանիքի հետ Երևանում ստեղծել են «Green Bean» բնապահպանական «էություն ու մեսիջ ունեցող» սրճարանը, որն իր հաջողության հնարավորության շեշտը դնում է մշակութային կողմի վրա. «Մենք փորձում ենք Հայաստան ներմուծել այսպես կոչված «սրճային մշակույթը», որի նպատակը միայն բիզնեսը չէ, այլ միջավայրի ստեծումը, որտեղ մարդիկ ոչ թե սրճարանին վերաբերում են որպես հանդիսավոր մի վայրի, որտեղ երկար պատրաստվածությունից հետո կարելի է այցելել, այլ մի վայրի, որտեղ էկոլոգիապես մաքուր միջավայրում մարդիկ պարզապես սրճում են կամ թեյում ու ստեղծվում է ստեղծագործական միջավար, որտեղ նորարությունը մարմին է ստանում»:
Աշխարհի տարբեր երկրներում աշխատանքի հնարավորություն ունեցող Իրինան ինչո՞ւ է տեղափոխվել Հայաստան: Հարցին նա պատասխանում է. «Իշխանության կողմից պետության շարունակական յուրացումը նշան է, որ Հայաստանի քաղաքացին պետք է մասնակցի Հայաստանում իշխանափոխության, կամ ավելի կոնկրետ՝ համակարգափոխության գործին, քանի որ իշխանությունը ՀՀ քաղաքացունն է: Երբ սովորում ես դրսում ու ապրում մի հարմարավետության մեջ, որտեղ ոչ ոք օրենքից բարձր չէ, իհարկե, գրավիչ է: Բայց այդ հարմարավետությունը բերում է նաև անհարմարավետություն. դու պայքարում ես քո երեխայի, օրինակ, տարրական հայեցի կրթության համար, բայց մենք սփյուռքի օրինակով տեսնում ենք, որ տարրալուծումն արդեն գրեթե անխուսափելի է: Իսկ մյուս կողմից, ես ուզում եմ խմորվել քաղաքացիական հասարակության ծավալած գործընթացի մեջ: Իհարկե, չեմ հայտարարում, թե եկել եմ Հայաստանը փոխելու, բայց ուզում եմ մասնակից լինել համակարգափոխության գործընթացին: Իսկ ամենավերջում՝ այստեղ են իմ մտերիմները, որոնց սերն ինձ անհրաժեշտ է»:
Լիլիթ Պետրոսյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել