HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մարդու մեջ որպես մարդ մաքուր եմ մնալու»

1996թ.-ից Վիգենը գտնվում է Կոշի քրեակատարողական հիմնարկում: Նրան ազատազրկել են զինվորական ծառայությունից հրաժարվելու համար: Վիգենը ծառայում էր բանակում, եւ մի օր զգաց, որ այլեւս այդպես չի կարող շարունակել. «Խուսափել եմ ոչ թե հայրենիքին ծառայելուց, այլ սպայի բոստանը փորելուց...»:

Վիգենը մյուս բանտարկյալներից տարբերվում է նրանով, որ, չնայած ունի 6-րդ դասարանի կրթություն, գրում է բանաստեղծություններ: Իսկ բանաստեղծություններում սեր է, մոր կարոտը եւ ազատության գաղափարը:

Մենության ձիգ տարիների խոր
Քաղցը արդեն ոսկրիս է հասել,
Ուզածս մորս թխած հացը չէ՞...
Անքուն գիշերների տանջալի տենդից
Մաշկիս տակ ասես մրջյուններ լինեն,
Ուզածս մի կուշտ հանգիստ քուն չէ՞...
Գարունս խորթ է, աշունս` մռայլ,
Ամառս ձմեռ է, մրսում եմ, ցուրտ է,
Ուզածս վառ արեւի շող չէ՞...
Մենավոր ու լուռ տխրությանս մեջ
Մայրական ձեռքի քնքշանքից զրկված
Ուզածս դատարկ խնդությունը չէ՞...

Վիգենը ծնվել է 1978թ., Հրազդանում: Սովորել է տեղի դպրոցում: Ծնողները բաժանված են: Հայրը ավագ որդու հետ Ռուսաստանում է եւ Վիգենին այցելել են ընդամենը մեկ անգամ: Մայրը հազվադեպ է այցելում որդուն, հնարավորություն չունի: Աստծո գոյությանը չի հավատում, բայց իրեն անհավատ չի համարում: Բանտարկության տարիների ընթացքում մեկ անգամ է աղոթել: Սիրում է Ավետարան կարդալ: Հաճախ է լինում գաղութի հոգեւոր «սենյակում», սակայն ոչ աղոթելու համար. այնտեղ են ծնվում նրա բանաստեղծությունների մեծ մասը:

Վիգենը երբեք չի սիրել, սակայն սերը անմարմին էլ է պատկերացնում: «Ես սերը տեսնում եմ ամեն ինչի մեջ, նույնիսկ ատելության»,- ասում է Վիգենը:

Նայիր, նայիր իմ աչքերին,
Որոնք լուռ են ու գարուն,
Որոնք բացված, թե փակված
Լինեն արթուն, թե քնած
Մեզ են տեսնում երազում...

Երկնքի պես պարզ ու անամպ,
որոնք զուգված քո պարկերով`
Հայացքներում անվերջ փնտրում
Քեզանով են երջանկանում:

Նայիր, նայիր իմ աչքերին ու նրանցում
Կարդա հրաշք պատմությունը այն թագուհու,
Որ կարապ է իմ աչքերում...

«Ես հաճախ եմ մտածում ազատության մասին ու երազում եմ ապրել այնպիսի կյանքով, որ երջանկություն կբերի մորս»- ասում է Վիգենը: Նրա միակ ցանկությունն է ունենալ միշտ լավը տեսնող աչքեր եւ տեսածն արտահայտելու լեզու: Եվ կյանքում ինչ էլ որ պատահի, առաջնորդվելու է մոր տված պատգամով` Մարդու մեջ որպես մարդ մաքուր եղիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter