2013 թ. կջեռուցվեն արվեստի ու երաժշտական դպրոցները, մշակույթի տներն ու գրադարանները
Ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում առաջնահերթության կարգով վերանորոգումներ և անհրաժեշտ այլ աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում, մանկապարտեզներում և առողջապահական հիմնարկներում: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
«2011 թվականին մենք կարողացանք մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներն ապահովել ջեռուցման համակարգերով: Այս տարի ջեռուցվեցին նաև դպրոցները: 2013 թվականին կփորձենք ավարտել նաև արվեստի ու երաժշտական դպրոցների, ինչպես նաև մշակույթի տների և գրադարաններ ջեռուցման խնդիրը»,- ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Մատակարարվող սննդի պատշաճ որակի ապահովման ուղղությամբ պարբերական ստուգայցեր են իրականացվել մայրաքաղաքի 159 մանկապարտեզներում: Հանրակրթության վարչության պատասխանատուի զեկուցմամբ վերջին մեկ տարվա ընթացքում հետևողական աշխատանքի շնորհիվ դրական տեղաշարժ է արձանագրվել հատկապես սննդի պիտանելիության ժամկետների և սանիտարական նորմերի պահպանման ուղղությամբ:
Համապատասխան նեդրողների հետ վարչական շրջանների տարածքներում նոր վերգետնյա հետիոտն անցումների կառուցման նախագծի վերաբերյալ Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքում վերգետնյա անցումների բաշխումը կլինի ապակենտրոնացված և ցանկում կներառվեն նաև մյուս վարչական շրջանների համապատասխան տարածքները:
Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ ավարտվել են մայրաքաղաքի 144 կամարանցումների գեղարվեստական ձևավորման և նկարազարդման աշխատանքները:
«Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրենը զեկուցել է, որ էլեկտրոնային չվացուցակների համակարգի փորձարկման նպատակով 2 ավտոբուսային և 1 տրոլեյբուսային երթուղիների շարժակազմերը կահավորվել են GPS համակարգով: Ընթացքի մեջ է չվացուցակների տախտակների հենասյուների մոնտաժման աշխատանքները: Առաջիկա օրերին փորձնական տարբերակով կշահագործվի էլեկտրոնային չվացուցակների համակարգը:
Ավարտվել են ամանորյա տոնական ձևավորման և լուսավորության ապահովման նախապատրաստական աշխատանքները: Ընթացքի մեջ է նաև մայր տոնածառի և վարչական շրջանների կենտրոնական տոնածառերի տեղադրումը: Ամբողջացվել է տոնական մշակութային ծրագիրը: Միջոցառումներ կանցկացվեն ինչպես վարչական շրջանների հրապարակներում, այնպես էլ բակային տարածքներում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել