HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես ունենալ առողջ սերունդ. 73-ամյա կնոջ խորհուրդները

«Ամուսնացել եմ տասնինը տարեկանում, ունեցել եմ յոթ երեխա ու ամենքին 2-3 տարի կրծքով կերակրել եմ»,- ասում է 73-ամյա Սեդա Սողոյանը: Նա հենց մայրական կաթն է համարում առողջ սերունդ ունենալու երաշխիքը:

Սեդա տատն ապրում է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում, ավանդույթներ պահպանող ընտանիքում: Նրա հետ զրույցում փորձում եմ իմանալ, թե ինչպես է իր յոթ երեխաներին մեծացրել եւ ինչպես է, որ նրանք չեն հիվանդացել:

«Երեխեքս սաղն էլ փարթամ, փմփուխ ու առողջ են եղել: Ոչ մի անգամ բժշկի կամ բուժարան չեմ տարել, իմ կրծքի կաթը բավարարել ա նրանց առողջ մեծացնելու համար: Մեծանալուց հետո առանձնահատուկ ոչ մի ճաշ չեմ տվել, ինչ ես եմ կերել, էն էլ իրանց եմ տվել՝ քրչիկ, տոլմա, ապուր և այլն: Եթե երեխուն 2-3 տարի մայրական կաթով կերակրում ես, դրանից հետո կարևոր չէ առանձնահատուկ շիլաներով կերակրելը, ավելի լավ է՝ երեխուն տաս քո ձեռքով սարքած ճաշը»:

Սեդա Սողոյանն ասում է, որ ինքն իր զավակներին միշտ հորդորել է կրծքով կերակրել իրենց երեխաներին: Եվ դրա համար անհրաժեշտ մի քանի խորհուրդ տվեց նաեւ մեզ.

«Հիմիկվա կերերը սինթետիկ, խաբուսիկ կերեր են ու ոչ մի դեպքում չեն փոխարինի մայրական անարատ ու սննդարար կաթին: Բայց մայրը պիտի լավ սնվի, որ կարողանա սննդարար կաթ տալ երեխին: Մեր գյուղական ավանդական ճաշերով որ սնվել ենք, ամենաառողջն ենք եղել: Մեր քրչիկը, տոլման, ապուրը, հարիսան, դդումը ո՞նց կարելի ա փոխել հիմիկվա քիմիական սննդով:

Նորածին երեխա ունեցող մայրը պիտի օրական մեկ բաժակ կաթ խմա, որ կարողանա կերակրել իրա երեխուն: Հիմիկվա մերերն իրանց երեխեքին չեն կարում մայրական կաթ տան, որովհետև ուտում են քիմիական սնունդ: Հողից մինչև սեղան քանի տեսակ քիմիաներ են տալիս բանջարեղենին, մնացածին՝ էլ չասեմ: Մեր ժամանակ ամեն ինչ բնական էր, դրա համար էլ առողջ էինք:

Հիմիկվա սերունդին ես դրական գնահատական չեմ կարա տամ: Նրանք խուսափում են ֆիզիկական աշխատանքից: Ես յոթ երեխա եմ ունեցել,  ամեն տեսակի ֆիզիկական աշխատանք կատարել եմ, ոչ մի անգամ էլ չեմ հիվանդացել ու առողջ սերունդ եմ ունեցել:

Հղի կինը չպիտի խուսափի ֆիզիկական աշխատանքից, որովհետև հղիության ընթացքում երեխեն զարգանում ա, ու արգանդը քիչ-քիչ մեծանում ա, իսկ եթե մայրը ֆիզիկական որոշ աշխատանք չի կատարում, մարմնամարզություն չի անում, երեխան կուչ ա գալիս արգանդում ու թերհաս կամ ուրիշ խնդիրներով ա ծնվում: Եվ ամենակարևորն ա, որ աշխատող մայրը շատ հեշտ ա ծննդաբերում: 

Հիմիկվա երեխեքի թերհասությունն ու առողջական խնդիրներից շատը երիտասարդ մայրերի պատճառով ա: Իրանք պետք ա ճիշտ ու ռեժիմով սնվեն, օրական կես լիտր անարատ կովի կաթ խմեն, բարձր կոշիկներ չհագնեն, էդ քիմիական կոսմետիկաները չօգտագործեն, բամբակից հագուստ օգտագործեն:

Առողջ սերունդ ունենալու համար ոչ միայն երեխուն գրկել-փայփայելն է, այլև երեխուն կոփելը, նազուկ չդաստիարակելը: Օրինակ՝ մեր ժամանակ իմ երեխեքը «մասնակից» են էղել իմ կատարած բոլոր գործերին, մի ձեռքս շերեփն էր, մեկն՝ օրորոցը»:

73-ամյա Սեդա Սողոյանն իր խոսքն այսպես է ամփոփում. «Եթե էս ամենին հետևեն, առողջ սերունդ կունենան»:

Անի Գրիգորյան

ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանություններ (2)

Vardan
Քեռակին ճիշտ ես գրել
Pargev
apri Seda tat@

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter