ԱԻՆ-ում հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծվել է 30 աշխատատեղ
«Մենք ստեղծել ենք 30 աշխատատեղ, և հաշմանդամների համար ձևավորում ենք բոլոր այն պայմանները, որոնք նրանց հնարավորություն կընձեռեն դառնալ կոլեկտիվի լիարժեք անդամ»,- այսօր՝ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ, ասել է նախարար Արմեն Երիցյանը:
Առաջին փուլում աշխատանքի կընդունվեն ամենախոցելիները՝ մարդիկ, ովքեր տեղաշարժվում են միայն սայլակներով, որից հետո կքննարկվեն մյուս տարբերակները:
ԱԻՆ-ը աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմում ստեղծել էր «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի» թեմատիկ խումբ, որում ընդգրկված են ՀՀ արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ԱՌՆԱՊ հիմնադրամի, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սեղմ ժամկետներում և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աշխատանքային խմբի կազմակերպած քննարկումների արդյունքում հստակեցվել են հաշմանդամություն ունեցող անձանց ԱԻՆ համակարգում աշխատանքի տեղավորման հիմնական խնդիրները, անհրաժեշտ պայմաններն ու ներկայացվող պահանջները։
«Դեկտեմբերի 6-ին թեմատիկ խմբի քննարկմանը ես էլ կմասնակցեմ: Հրավիրեք նաև մրցույթին դիմած սայլակավոր հաշմանդամներին»,- ասել է Արմեն Երիցյանը:
Հիշեցնենք, որ այսօր հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել