HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիմնանորոգվել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան, ծանոթացել կատարված հիմնանորոգման աշխատանքներին:

Տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքները պետական ֆինանսավորման ծրագրով մեկնարկել էին 2011թ.: Նախագծային աշխատանքների համար ներդրվել է 18 մլն, իսկ շինաշխատանքների համար՝ 29 մլն 468 հազար դրամ:

Վերանորոգվել է տուն-թանգարանի ողջ տարածքը. հիմնական ցուցադրության, գրասենյակային, ֆոնդային: Մինչև այդ չգործող կիսանկուղային հարկը հիմնանորոգվել է և վերածվել դահլիճի:

Այսօր տուն-թանգարանը ներկայանում է ժամանակակից չափանիշներին համապատասխան նոր ցուցադրությամբ, որում կարևորվել է Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության տեղն ու դերը 20-րդ դարի համաշխարհային և մասնավորապես հայկական երաժշտարվեստի զարգացման գործում, նրա անգնահատելի դերը հայկական սիմֆոնիկ երաժշտության հիմնադրման, սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման, օպերային ստուդիայի ձևավորման գործում: Օգտագործվել են նորագույն տեխնոլոգիաներ՝ գրավիչ ու ամբողջական ցուցադրություն ներկայացնելու համար:

Այցելուները, բացի կոմպոզիտորի կյանքին հաղորդակից լինելուց, կներգրավվեն տարածաշրջանում միակ «Ես դիրիժոր եմ» ինտերակտիվ խաղին, որով կարող են փորձարկել իրենց դիրիժորական կարողությունները:

Վերանորոգումից հետո գործող հիմնական ցուցադրությունն իրականացվել է պետական ֆինանսավորման ծրագրով: Այն տուն-թանգարանի պատմության մեջ 3-րդ հիմնական ցուցադրությունն է, որի ձևավորման էսքիզային և դետալավորման նախագծային ու ցուցադրության աշխատանքներն իրականացվել են 2012թ:

Տուն-թանգարանը հիմնադրվել է 1963թ., բացվել 1967-ին: Հանրապետության առաջին երաժշտական թանգարանն է:

Նալբանդյան 21 հասցեում գտնվող տուն-թանգարանի շենքը կառուցվել է 1925-26 թթ. ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով և ընդգրկված է Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցանկում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան:

1926 թ. ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ բնակարանը հատկացվել է Ալեքսանդր Սպենդիարյանին, որտեղ կոմպոզիտորն ապրել է մինչև կյանքի վերջը՝ 1928 թ.:

Տուն-թանգարանը ստեղծվել է նրա դստեր՝ Մարինա Սպենդիարովայի ջանքերով: Թանգարանի հավաքածուի մեծ մասը՝ կոմպոզիտորի անձնական իրերը, փաստաթղթերը, նամականին և ձեռագրերը, նրա նվիրատվություններն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter