«Հրապարակ». «Նաիրիտի» աշխատողների մեկ ամսվա աշխատավարձը վճարել են
Աշխատավարձի բաժանումը «Նաիրիտում» վերջին մեկ-երկու տարում հանրապետական նշանակության իրադարձություն է: Գործարանի ղեկավարությունը, ինչպես և խոստացել էր, վճարեց աշխատողների դեկտեմբերի աշխատավարձը: Բանվորներն իրենց գումարը ստացան նոյեմբերի 29-ին, իսկ մյուս աշխատողները՝ նոյեմբերի վերջին օրը:
Կոլեկտիվին ևս մեկ ամսվա աշխատավարձ խոստացել են տալ մինչև դեկտեմբերի 20-ը: Այս մասին հպարտորեն հայտնեց «Նաիրիտի» մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը:
Սպասվում է, որ մինչև դեկտեմբերի առնվազն 15-ը բողոքի ակցիաներ չեն լինի: Այսպիսով, «Նաիրիտում» աշխատավարձ պոկելու միակ աշխատող միջոցը գործադուլն է դարձել:
Ինչ վերաբերում է «Նաիրիտի» վաճառքի գործարքին, ապա «Հրապարակի» աղբյուրներն ասում են, տհաճ իրավիճակում է հայտնվել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Վերջինս այն քչերից է, որն ի պաշտոնե քաջատեղյակ է արդյունաբերական գիգանտի շուրջ ընթացող բանակցություններին և հավանական գնորդների ցանկին:
«Հրապարակի» տեղեկություններով՝ նրան են վերագրել վերջին ինֆորմացիոն արտահոսքերը, ըստ որոնց՝ մամուլ են սպրդել սեփականատերերի և հավակնորդների, մասնավորապես Ծառուկյանի անունները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել