HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավորը մերժեց ցմահ բանտարկյալի փաստաբանի վերաքննիչ բողոքը

Թեև ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի գործով «Նուբարաշենի» բանտում կայացող Վերաքննիչ արտագնա նիստը դռնբաց էր, այդուհանդերձ լրագրողների տեսալուսանկարահանող սարքերը առգրավվեցին, նոր վերև թողեցին:

Արդեն 17-րդ տարին բանտում գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը ճաղավանդակների հետևում անցկացրեց մի քանի րոպե: Վերաքննիչ դատարանի արտագնա նիստի սկզբին նա միջնորդեց դատավոր Արշակ Խաչատրյանին ճաղերից դուրս մասնակցել դատին:

«Բացե՛ք վանդակի դուռը»,-դատավորն արագ դիմեց պահակային խմբին: Մհերին առաջարկվեց իր փաստաբան Վահագն Մանուկյանի հետ կիսել Նուբարաշենի բանտի դահլիճում (եթե կարելի է դահլիճ կոչել) փաստաբանի համար նախատեսված միակ աթոռը: «Նստեք»,- դիմեց դատավորը՝ նայելով բանտարկյալին: «17 տարի է նստած եմ»,- հնչեց Ենոքյանի պատասխանը:

Վերաքննիչ դատարանը արտագնա կարգով «Նուբարաշենի» բանտում լսեց Մհեր Ենոքյանի փաստաբանն ընդդեմ ՀՀ Գլխավոր դատախազության բողոքը: Փաստաբան Վահագն Մանուկյանն այս տարվա սկզբին փաստեր էր ներկայացրել Դատախազություն, համաձայն որոնց՝ 1996 թ. իր պաշտպանյալ Մհեր Ենոքյանի գործի քննության առաջին իսկ պահերից կատարվել են խախտումներ՝ հորինվել են ընթերականեր, կեղծվել են դատակենսաբժշկական փորձաքննության տվյալներ ու քննչական արձանագրություններ:

Դատախազությունը, սակայն, համարում է, որ այս ամենը բավարար հիմք չէ գործի վերաբացման համար: Բացի դրանից՝ Մհեր Ենոքյանը դիմել է դատախազություն՝ ներկայացնելով, որ 1996 թ. Արամ Հարությունյանի կողմից Իոսիֆ Աղաջանովի (մորական գծով ազգությամբ հրեա) սպանության դրդապատճառը կրոնական ատելությունն է եղել:

Մհեր Ենոքյանը, ինչպես և դիմել էր դատարանին վաղօրոք, ներկայացրեց արխիվային նյութեր, ըստ որոնց՝ հակահրեականության հողի վրա կատարված սպանության մասին միշտ է բարձրաձայնել: Մասնավորապես նա դատարանում հրապարակեց Մայր աթոռ սբ. Էջնիածնի դիվանատան կողմից իր հարցմանն ի պատասխան ուղարկված նամակը, որին կից ներկայացված էր դեռևս 8 տարի առաջ իր իսկ ձեռքով Վեհափառ Տիրոջը գրված դիմումը: Այդ դիմումում Մհեր Ենոքյանը դարձյալ նշում է, որ Արամ Հարությունյանը (ով դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման) սպանել է Իոսիֆին նրա հրեական անվան պատճառով:

«Այսինքն՝ ես չեմ քնել ու արթնացել, հիմա էլ ինչ-որ նոր բաներ հորինում, ես միշտ եմ բարձրաձայնել 1996 թ. կատարված Իոսիֆ Աղաջանովի սպանության իրական դրդապատճառի մասին, սակայն համակարգն ինձ լռեցրել է սպառնալիքներով, թե հարազատներիդ վնաս կտանք: Այս նույն բովանդակությամբ նամակ ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի միջոցով հանձնել եմ նաև հանրապետության նախագահին: Սակայն քար անտարբերություն: Ես 17 տարի է, ասում եմ՝ ինձ սխալ են դատապարտել, դատավճռիս հիմքում միայն իրական մարդասպանի չորս անգամ փոփոխված ցուցմունքներից մեկն է»,- դատարանում հայտարարեց Մհեր Ենոքյանը:

Իսկ փաստաբան Վահագն Մանուկյանը «Տաքսի-տաքսի» կատակերգության հերոսի հայտնի արտահայտությունն էր հիշել. «Հիմա ես ի՞նչ անեմ, էս ճամպրուկը ո՞ւմ հանձնեմ»՝ նկատի ունենալով, թե իր կողմից հավաքած նյութերը, ապացույցները, փաստերն ու փաստաթղթերը ո՞ւմ ներկայացնի, ո՞ր ատյանում բողոքարկի:

Դատախազ Արթուր Դավթյանը, սակայն, նշեց, որ գլխավոր դատախազությունը մեծագույն ցանկության դեպքում անգամ չի կարող 1996 թ. օրինական ուժի մեջ մտած դատավճիռը բեկանել, որ պաշտպանական կողմի բերած հանգամանքները բավարար հիմք չեն գործի վերաբացման համար:

Դատավոր Արշակ Խաչատրյանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որտեղից տասը րոպե անց դուրս եկավ ու հրապարակեց վճիռը՝ ցմահ բանտարկյալի փաստաբանի վերաքննիչ բողոքը մերժելու մասին: Անգամ ֆիզիկապես հնարավոր չէր դատական նիստի ժամանակ Ենոքյանի ներկայացրած գրավոր նյութերին ծանոթանալ: Փաստաբան Մանուկյանը տեղեկացրեց, որ վճիռը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում:

Հիշեցնենք, որ Բժշկական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանող 20-ամյա Մհեր Ենոքյանը 1996 թ. դատապարտվել է մահապատժի՝ մեղադրվելով համակուրսեցու սպանության մեջ (2003 թ.-ից ցմահ ազատազրկում): Մհերն իրեն մեղավոր չի ճանաչել, մինչ օրս էլ պնդում է, որ մարդասպան չէ: Դատարանում տվել է միևնույն ցուցմունքները, թե փորձել է կանխել հանցագործությունը, սակայն դա նրան չի հաջողվել: Գործով մյուս մեղադրյալ Արամ Հարությունյանն ընդունել է մեղքը՝ ասելով, որ կատարել է սպանություն, դատապարտվել է նույն հոդվածով 15 տարվա ազատազրկման:

Հ.Գ. Նիստի սկզբին ցմահ բանտարկյալը նշեց, որ երկու օր առաջ է դարձել Հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող, որպեսզի կարողանա ինքնուրույն պաշտպանել իր շահերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter