HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այս մարմինը չի խանգարելու, որ մենք մեր առաջ դրված բոլոր խնդիրները հաղթահարենք»

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ու իրավունքներն են ասեղնագործ լոգոյանման պատկերների միջոցով ներկայացնում Ռուզաննա և Սյուզաննա Աղաբաբյան երկվորյակ քույրերը: Նրանք նշված թեմաներին նվիրված ասեղնագործ աշխատանքների ցուցահանդես են պատրաստվում ունենալ: Աշխատանքներն արվեստի գործեր չես համարի, սակայն անկեղծ են, ասելիքի իմաստով՝ բավականին մշակված:

Քույրերն ունեն հենաշարժողական խնդիրներ, ստիպված են լինում բազում խնդիրներ հաղթահարել` թեկուզ դասի հաճախումը վերածելով նախ հաղթանակի, հետո նոր միայն սովորական առօրյայի:

Ես իրավունք ունեմ

Քույրերը սովորում են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հոգեբանության ֆակուլտետի առաջին կուրսում: Նրանք հասկացել են՝ մարդն իր իրավունքներն ամեն տեղ պետք է պաշտպանի: Սեփական իրավունքները պաշտպանելու շնորհիվ են հիմա կարողանում կրթություն ստանալ:

Հիշում են՝ երբ ցանկացել են ընդունվել ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետ, իրենցից բժշկական փաստաթուղթ-ապացույց են պահանջել, որ իրենց հակացուցված չէ այդ մասնագիտությունը:

«Բայց ո՞վ է տեսել, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձը, ով չունի մտավոր խնդիրներ, չկարողանա կրթություն ստանալ: Մինչև այստեղ-այնտեղ չդիմեցինք, հարցը լուծում չստացավ»,- ասում է Ռուզաննան:

Այս միջադեպից շատ են ազդվել: «Գիտես, էդ ամեն տեսակի օրենքները` որով է այդպես նախատեսված, որով` չէ, այդ պահին քեզ չեն հետաքրքրում: Օրենքը պետք է մարդկային լինի, ու եթե բաներ կան օրենսդրության մեջ, որ հակամարդկային են, ուրեմն թող բարեփոխեն…. Մի ամբողջ նախարարություն կա: Ինչո՞ւ բարեփոխումներ չեն մշակվում, չէ՞ որ էդ նույն նախարարության համար մենք էլ ենք հարկ վճարում»,- զարմանում է Սյուզաննան:

«Դուք նաև պատկերել եք մի բժշկի, որ կաշառք է ուզում կենսաթոշակի համար: Նման բան պատահե՞լ է ձեզ հետ», հարցին քույրերը պատասխանում են. «Սա ընդհանրացված պատկեր է, բայց դու, օրինակ, չգիտե՞ս, որ նման դեպքերը բազմաթիվ են»: Ժպտում են:

Որ քաղաքն իմը դառնա

«Եկել էինք Ազգային ժողովի նախկին նախագահ Ս. Նիկոյանի հետ հանդիպման: Աստիճաններով բարձրանալն արդեն խնդիր էր մեզ համար: Պատգամավորներից միայն Անահիտ Բախշյանի շնորհիվ կարողացանք մեզ համար փորձություն դարձած աստիճանները հաղթահարել, պատգամավորներից մյուսների պետքն էլ չէր… Այս 59 աստիճանը բարձրացանք, գնացինք հանդիպման, հարցեր տվեցինք, բոլոր հարցերին ասացին` «կներեք, չի լինի», ու եկանք տուն»,- հիշում է Սյուզաննան:

Նա գիտի, որ իրենց գյուղից՝ Կողբից քաղաք գալն ու առանց ավտոմեքենայի շրջելը դեռ հեռավոր երազանք է: Հիշում է, որ նորակառույց բազում այն շենքերը, որտեղ ցանկացել են գնալ, թեքահարթակներ չեն ունեցել, իսկ քաղաքի գետնանցումների թեքահարթակներից օգտվելու դեպքում առողջ մարդն ինքը կարող է հաշմանդամություն ձեռք բերել, տրանսպորտի մասին ավելի լավ է` չխոսեն:

Ռուզաննայի և Սյուզաննայի ասեղնագործություններից

«Միայն ձևն առանց բովանդակության… քաղաքային գեղեցկությունները երկար չեն ապրելու, քանի որ մինչև հասարակության մի ստվար զանգված` հաշմանդամ մարդիկ, ինտեգրված չլինեն հասարակական կյանքին, քաղաքը գեղեցիկ չի լինելու, ինչքան էլ դրա համար փող դուրս գրեն: Եթե հանդուրժող չեն հաշմանդամ մարդու հանդեպ, հանդուրժող չեն լինի նաև նստարանների ու քաղաքի նկատմամբ»,-կարծում է Ռուզաննան:

Սյուզին վստահ է` կիսատ հոգեբանությամբ քաղաքն ագրեսիվ է. մեր քաղաքի ճարտարապետությունն ագրեսիվ է, ճարտարապետության հեղինակների ու քաղաքի անիսկական տերերի հոգեբանությունը՝ հիվանդ, քանի որ խուլ են բազում մարդկանց խնդիրների համար, ովքեր ուզում են թեկուզ իրենց շենքերից հասնել կանգառ ու տրանսպորտ նստել:

«Չնայած նույն քաղաքային տրանսպորտը վտանգավոր է ոչ միայն հաշմանդամ մարդու համար»: Ծիծաղում են:

«Սյուզի, իսկ ինչ ես ուզում՝ անեն»:

«Ուզում եմ` քաղաքն իմը դառնա…»

«Մեզ խղճալ պետք չէ: Մենք մեզ այսպիսին էլ ենք սիրում: Խղճացեք նրանց, ովքեր հիվանդ են մտածելակերպով»

Ի սկզբանե չեն կարծել՝ հաշմանդամությունն իրենց տարբերում է մյուսներից: Սակայն արդեն ընտանեկան շրջապատից դուրս գալով` զգացել են խտրականությունը հաշմանդամություն ունեցող մարդու հանդեպ: Սկսած ամենավաղ տարիքից՝ մարդկանց հայացքները հուշել են, որ իրենք ուրիշ են ընկալվում:

«Բայց որն է ուրիշը… Այ, օրինակ դու մտածե՞լ ես, որ դու ուրիշ ես, քանի որ աչքերդ դարչնագույն են: Ես էլ չեմ մտածել, որ ես ուրիշ եմ, քանի որ ինձ համար բնական վիճակը սա է եղել՝ այս մարմինը, այսպիսին եմ ինձ հիշում: Ուրեմն այսպիսին` բնական վիճակում լինելու համար ինչո՞ւ պետք է ինձ ուրիշը համարեմ»,- ասում է Սյուզին:

Ռուզանն էլ կարծում է, որ հատկապես մարզերում խնդիրը սուր է: Մարդիկ կան՝ ամաչում են, խուսափում են հաշմանդամների հետ շփումից, սակայն քայլ առ քայլ հասարակությանը պետք է կրթել, պետք է սովորեն՝ մարդիկ նաև հաշմանդամ են լինում:

«Օրերս տեսանյութ էի դիտում: Երեխան հաշմանդամություն ուներ, մայրն ասում է. «Ոչ մեկին չեմ ցանկանա նման խնդրով երեխա ունենալ»: Լրագրողը դա ներկայացնում է որպես իր տեսանյութի գլխավոր մեխ: Բայց նյութը չպետք է ցավի վրա կառուցված լինի, ու էդ էրեխուն էդ խոսքն էլ ոչ մի օգուտ չի տա»,- հիշում է Սյուզին:

Նրա խոսքով՝ առաջինը ընտանիքում պետք է հաշմանդամություն ունեցող մարդուն իրավահավասար վերաբերվեն և ապա հետո միայն սկսեն պահանջել մյուսներից:

«Այո, մենք էլ ենք ուզել մյուսների պես լինել, շատ եմ փորձել ուրիշների պես քայլել: Հետո, երբ չի ստացվել, հասկացել եմ, որ փոփոխության ենթակա չէ իմ հիվանդությունը, որ սա այն գերագույնն է, ինչին հասել են, ու սա էլ մեծ հաղթանակ է: Մենք մեզ այսպիսին էլ ենք սիրում, ու այս մարմինը չի խանգարելու, որ մենք մեր առաջ դրված բոլոր խնդիրները հաղթահարենք»,-ասում է Ռուզանը:

Սյուզանն էլ շարունակում է. «Պատերը մեր ներսում են, դրանք մենք ենք հնարում, մենք ենք մեզ գերի դարձնում նախ պատերին, հետո էլ ինքներս պատ դառնում»: 

Կրակ կա ու լեռնային ինչ-որ շատ ըմբոստ բան երկվորյակ քույրերի մեջ:

Մինչ զրուցում ենք, նրանք ևս մի աշխատանք են ավարտում: Այս աշխատանքներն արդեն պատեր քանդելու խորհրդանիշ են թվում:

Մեկնաբանություններ (1)

Lusine
Keccek axjikner. Marmins mi tesak pshakaxvec dzer kshradatvats u xelaci patasxanneric.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter