Մինչև 2022 թ. վերջնական անցում կկատարվի համընդհանուր ներառական կրթության
«Երբ Երևանում էինք ապրում, սովորում էի ներառական դպրոցում, ամեն ինչ շատ լավ էր, ես առանց դժվարությունների գնում էի դպրոց, որովհետև ինձ համար դպրոցում կային բոլոր պայմանները, մեր բնակարանն էլ դպրոցի մոտ էինք վարձել»,- ասում է 10-ամյա Արամը, ում ընտանիքը հանգամանքների բերումով վերջերս ստիպված էր տեղափոխվել Գորիս:
Արամի ոտքերն ու ձեռքերը թերզարգացած են, որի պատճառով չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, գրել, սնվել: Տատը պատմում է, որ երբ ընտանիքով տեղափոխվել են Գորիս, ոչ մի դպրոցում երեխային չեն ցանկացել ընդունել:
«Հետո գնացի Արամիկի այժմյան դպրոցի տնօրենի մոտ, լաց եղա, խնդրեցի, որ ընդունի երեխային, պատմեցի, որ շատ խելացի է: Հետո տնօրենը մի երկու բառ խոսեց Արամի հետ ու արցունքն աչքերին ասաց, որ նա ընդունված է»,- պատմում է տատիկը:
Արդեն մոտ 11 տարի է, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը մի քանի հասարակական կազմակերպության հետ ձեռնամուխ է եղել Հայաստանում ներառական կրթությունը զարգացնելու գործին, որը հնարավորություն է տալիս սահմանափակ հնարավորություններ ունեցողներին սովորելու մյուս երեխաների հետ կողք կողքի՝ իրենց տանը կամ բնակավայրին մոտ դպրոցներում:
«1999 թ. հաշմանդամ երեխաների մասնակցությամբ մի ֆիլմ դիտեցի, որն իմ մեջ հեղաշրջում մտցրեց»,- պատմում է Անահիտ Բախշյանն ու հավելում, որ 30 տարի դպրոցում աշխատելու ընթացքում ոչ մի այսպիսի երեխայի չէր հանդիպել, քանի որ նրանք հաճախում էին հատուկ դպրոցներ:
Անահիտ Բախշյանը որոշում է իր տնօրինած դպրոցում ընդունել հաշմանդամ երեխաների: Ուսուցիչները կտրականապես դեմ էին իր այդ որոշմանը: Սակայն «Միջանձնային հարաբերություններ և մարդու իրավունքներ» թեմայով վերապատրաստման դասընթացը, որին պարտավոր էին մասնակցել դպրոցի անձնակազմի բոլոր անդամները, որոշ չափով փոխեցին ուսուցիչների վերաբերմունքը, իսկ 2-3 տարի անց, տեսնելով երեխաների հաջողությունները, նրանք էլ ոգևորվեցին, իրենք էին գալիս և ուսուցչանոցում պատմում այս կամ այն երեխայի ասածն ու արածը, սկսում էին մտածել, թե էլ ինչ մեթոդներ կարելի է կիրառել այդ երեխաների կրթական պայմաններն ավելի բարելավելու համար:
Ներառական կրթության վերաբերյալ ուսուցիչների կարծիքն այժմ էլ միանշանակ չէ: Օրինակ՝ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի թիվ 1 դպրոցի ուսուցիչ Արմեն Սարգսյանը, ով աշխատում է հատուկ կրթական պահանջ ունեցող երեխաների հետ, դրական է համարում ներառական կրթության ծրագիրը: Նա նշում է, որ չնայած իր համար հեշտ չէ, բայց պետք է աշխատի, քանի որ մտավոր և ֆիզիկական որոշակի խնդիրներ ունեցող երեխաները մյուս երեխաներից ավելի շատ ունեն ուշադրության կարիք:
Մինչդեռ որոշ մանկավարժների կարծիքով՝ հանրակրթական դպրոցը պետք է մնա հանրակրթական, իսկ մտավոր և ֆիզիկական որոշակի խնդիրներ ունեցող երեխաների մուտքն այնտեղ ավելորդ դժվարությունների պատճառ կդառնա: Անահիտ Բախշյանը կարծում է, որ մանկավարժի հմտությունն այն է, որ կարողանա հասկանալ յուրաքանչյուր երեխայի լեզուն՝ անկախ վերջինիս կարողություններից:
Հայաստանում այսօր կա ներառական կրթությամբ 107 դպրոց, ըստ որում՝ դրանցից 77-ը հենց Տավուշի մարզում է, քանի որ այստեղ իրականացվում է համընդհանուր ներառական կրթություն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Տավուշում ներառական կրթության նկատմամբ հասարակության վերաբերմունքը շատ ավելի դրական է, քան անգամ Երևանում:
Ներառական կրթական համակարգին անցնելու համար դպրոցները կամավորության սկզբունքով հայտ են ներկայացնում, որից հետո Կրթության ազգային ինստիտուտը կազմակերպում է դասընթացներ տվյալ դպրոցի ողջ անձնակազմի համար:
Երեխայի կրթական հնարավորությունները գնահատելու համար ստեղծվում է բժշհոգեբանամանկավարժական հանձնաժողով, որի անդամ կարող են լինել նաև ուսուցիչները: Նպատակն է առանձնացնել այն երեխաներին, որոնց համար պետք է կազմել անհատական ուսումնական պլան. այս դեպքում հատուկ մանկավարժները, հոգեբանները, ուսուցչի օգնականները նպաստում են հատուկ կրթական պահանջ ունեցող երեխային հնարավորինս ընկալել դասը դասաժամի շրջանակներում: Եթե անհրաժեշտություն կա, ապա նաև դասերից դուրս՝ լրացուցիչ պարապմունքների միջոցով:
Մտավոր կամ ֆիզիկական խնդիր ունեցող երեխայի համար պետությունը տրամադրում է 4 անգամ ավելի ֆինանսավորում: Սա որոշ տնօրենների առիթ է տալիս չնչին խնդիրներ ունեցող երեխաներին ներկայացնել որպես հատուկ կրթական պահանջ ունեցող և ստանալ այդ ֆինանսավորումը:
Պատճառն այն է, որ այսօր Հայաստանում կա երեխայի կրթական կարիքը որոշող մեկ՝ Կատինյան կենտրոնը, որը չի կարող ամբողջ Հայաստանի, ինչպես նաև Արցախի տարածքում միայնակ վերահսկել, թե արդյոք ստեղծված հանձնաժողովները արդարացի՞ են ընտրում հատուկ կրթության կարիք ունեցող երեխաներին: Հանձնաժողովը տալիս է երեխայի վիճակի մասին վկայագիր, իսկ Կատինյան կենտրոնը որոշում է տվյալ երեխայի կրթական պահանջը:
Անահիտ Բախշյանի խոսքով՝ նախատեսվում է փակել որոշ հատուկ դպրոցներ: Հավանաբար յուրաքանչյուր մարզում կգործի մեկ հատուկ դպրոց, որը կվերանվանվի ռեսուրս-կենտրոն: Այս կենտրոնները կօգնեն նաև որոշել երեխայի կրթական պահանջները և մասնագիտական օգնություն ցույց կտան ներառական դարձած դպրոցներին կրթության կազմակերպման հարցում:
Հատուկ դպրոց հաճախող որոշ երեխաների ծնողներ մտավախություն ունեն, որ իրենց երեխաներին ներառական դպրոցներում կարող են անտեսել: Սակայն անգամ հատուկ դպրոցում, որտեղ բոլորը որոշակի խնդիրներ ունեցող երեխաներ են, մանկավարժները որոշակի տարբերություններ են դնում երեխաների միջև, նույնն իրավիճակն է նաև հանրակրթական դպրոցներում:
Անահիտ Բախշյանն ասում է, որ պետք է փոխել մանկավարժների մտածելակերպը, որպեսզի իրենց համար առաջնային լինեն երեխան և նրա իրավունքները, այլ ոչ թե միայն իրենք և իրենց դասը: Նա ուսուցիչների նկատմամբ վերահսկողության կարևոր միջոց է համարում ծնողների ներկայությունը դասերին, որը չի արգելվում օրենքով: «Դպրոցի դուռը չպետք է փակ լինի ոչ ծնողի, ոչ երեխայի, ոչ առհասարակ որևէ մեկի առաջ, փակ լինում են միայն բանտի դռները»,- ասում է Ա.Բախշյանը:
Հայաստանում համընդհանուր ներառական կրթություն իրականացնելու համար Մանկավարժական համալսարանի բակալավրիատի առաջին կուրսից մտցվել է ներառական կրթության մասին 2 առարկա, ինչպես նաև կա հատուկ ֆակուլտետ, որը պատրաստում է հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետների:
Ներառական դպրոցներում սովորելն ամենադժվարը թերևս լսողության խանգարում ունեցող երեխաների համար է, քանի որ նրանց հետ պետք է շփվել ժեստերի լեզվով, իսկ դպրոցներում ժեստերի լեզվին չեն տիրապետում ոչ ուսուցիչները, ոչ աշակերտները:
Այդ պատճառով ներառական վերապատրաստման ծրագրերը, Մանկավարժական համալսարանի ներառական կրթությանը վերաբերող առարկաները պարունակում են նաև ժեստերի լեզվի ուսուցում:
Հայաստանում նաև ընդունվել է «Հայերեն ժեստերի լեզվի օրենսդրորեն ճանաչում» նախագիծը, որը նախատեսում է Հայաստանի բոլոր կրթահամալիրներում իրականացնել ժեստերի լեզվի ուսուցում:
9-րդ դասարանի աշակերտ Աշոտը կարծում է, որ դա իր համար ավելորդ ծանրաբեռնվածություն կլինի, իսկ 8-րդ դասարանի աշակերտուհի Ալլայի կարծիքով՝ հետաքրքիր կլինի սովորել ժեստերի լեզուն, քանի որ դա իրեն հնարավորություն կտա ունենալ նաև խուլ ընկերներ:
Քրիստինեն սուրդոթարգմանչի մասնագիտություն է ստացել այն բանից հետո, երբ պարզվել է, որ իր որդին լսողության խանգարում ունի: «Այդ ժամանակ որոշեցի սովորել այս մասնագիտությունը, որպեսզի կարողանամ հասկանալ նրա աշխարհը»,- ասում է Քրիստինեն:
Նրա որդին՝ Աբգարը, սովորում է ներառական դպրոցում, որտեղ էլի խուլ երեխաներ կան: Քրիստինեն ցավ է ապրում, երբ դպրոցում տեսնում է ծնողների, որոնք չեն հասկանում իրենց երեխաների լեզուն:
Ի տարբերություն ծնողների՝ երեխաները բավականին լավ են հասկանում իրենց խուլ ընկերներին: Անահիտ Բախշյանը հիշում է իրենց դպրոցում սովորող մի խուլ աղջկա՝ Արմենուհուն, ով երեխաների հետ միշտ «անուն գոռոցի» էր խաղում և հասկանում, երբ իր անունն էին կանչում:
«Մի օր էլի երեխաներին խաղալիս տեսա և ուսուցիչներին կանչեցի ու ասացի, որ ինչ ուզում են, թող անեն, բայց իրենք էլ պետք է Արմենուհուն հասկանան այնպես, ինչպես երեխաներն են հասկանում ու հաղորդակցվում նրա հետ»,- հիշում է Անահիտ Բախշյանը:
Հայաստանում վերջնական անցումը համընդհանուր ներառական կրթության նախատեսվում է մինչև 2022 թ.: Տիկին Բախշյանը հույս է հայտնում, որ մինչ այդ կլուծվեն և ենթակառույցների և մասնագետների խնդիրները:
Արաքս Մամուլյան
Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել