Կառավարությունում քննարկվել է Հայաստանի զարգացման ռազմավարությունը
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Համաշխարհային բանկի խմբի մշակած «Հայաստան. քաղաքականության վերլուծականներ կառավարության համար» զեկույցին նվիրված քննարկում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ անցկացված խորհրդակցությանը մասնակցել են Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին, Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Գիերմո Տոլոսան և Հայաստանում Միջազգային ֆինանսական կորպորացիայի գրասենյակի ղեկավար Թոմաս Լյուբեքը:
Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև ծավալված համագործակցության վերաբերյալ:
Հենրի Քերալին նշել է, որ առաջարկվող քաղաքականության վերլուծականներում ուրվագծվում են Հայաստանի զարգացման հիմնական մարտահրավերները: Առաջնահերթություններ են համարվում կառավարման նոր համաձայնության մշակումը, տնտեսական աճի նոր ուղու ձևավորումը և արտադրողականության բարձրացմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումների իրականացումը:
Ժան-Միշել Հափին ընդգծել է, որ փաստաթղթում արծարծվում է համընդհանուր բարեկեցությանը, կառավարման բարեփոխումներին և աղքատության հաղթահարմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է Հայաստանի զարգացման ռազմավարության առաջնահերթությունները: Հաջորդող քննարկման ժամանակ արծարծվել են համընդհանուր բարեկեցության ապահովմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, մարդկային կապիտալին և սոցիալական պաշտպանությանն առնչվող հարցեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել