HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նալբանդյանը հանդիպել է իր շվեդ գործընկերոջը

Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտին: Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է սկանդինավյան տարածաշրջանի, հատկապես՝ Շվեդիայի հետ փոխշահավետ համագործակցության համակողմանի շարունակական զարգացումը եւ վստահություն է հայտնել, որ իր գործընկերոջ այցելությունը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ փոխգործակցության ընդլայնմանը եւ խորացմանը:

Շվեդիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ իր երկիրը վերջին տարիներին ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի եւ հարավկովկասյան տարածաշրջանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:

Նախարարներ Նալբանդյանն ու Բիլդտն անդրադարձել են երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջխորհրդարանական, առեւտրատնտեսական, կրթական, մշակութային համագործակցության զարգացմանը, ապակենտրոնացված մակարդակով հարաբերությունների հաստատմանը, գործարար կապերի խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:

Երկուստեք նշվել է, որ վերջին տարիներին բարձր մակարդակի փոխադարձ այցելությունները, բազմաթիվ հանդիպումները միջազգային հարթակներում՝ երկկողմ կապերին նոր լիցք հաղորդելու պատրաստակամության վկայությունն են: Նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել հավելյալ ջանքեր գործադրել տարբեր բնագավառներում հարաբերություններն ընդլայնելու համար:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, մանրամասն քննարկվել է «Արեւելյան գործընկերություն» ծրագրի իրականացման ընթացքը, որի գլխավոր նախաձեռնողներից է Շվեդիան: Մասնավորապես քննարկվել են ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքները: 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի շուրջ եւ վերահաստատվել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է բանակցային գործընթացի վերջին զարգացումները՝ Կազանում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ:  

Բանակցությունների օրակարգում եղել են տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լայն շրջանակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter