Է. Նալբանդյան. «Անհնար կլինի անցնել երկրորդ փուլին, եթե Ղարաբաղի կողմից համաձայնություն չլինի»
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր իր շվեդ գործընկերոջ՝ Կարլ Բիլդտիի հետ հանդիպումից հետո պատասխանել է լրատվամիջոցների հարցերին:
Պարոն Նալբանդյան, նախորդ շաբաթ Միրոսլավ Լայչակը Ձեզ հետ հանդիպմանը հայտարարել էր, որ այս տարվա աշնանը կսկսվեն մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունները: Արդյոք կա՞ այս պահին ժամանակացույց, թե՞ դրանք ոնց են ընթանալու, ե՞րբ են ավարտվելու եւ ինչպիսի՞ դյուրացում ենք ակնկալում:
Ակնկալվում է, որ արդեն գալիք սեպտեմբերին մանդատ կտրվի վիզային ռեժիմի դյուրացման բանակցությունների մեկնարկի համար: Դեռ բանակցությունները չսկսված, իհարկե, չենք կարող խոսել ավարտի մասին, բայց, կարծում եմ՝ կարող ենք վստահ լինել, որ բանակցությունները արագ են ընթանալու՝ նպատակ ունենալով դյուրացնել վիզային ռեժիմը քաղաքացիների տասնվեց կատեգորիաների համար՝ լրագրողների, մարզիկների, ուսման, բուժման, գիտական փոխանակումների նպատակներով մեկնողների համար: Հաջորդ փուլը նպատակ է ունենալու ազատականացնել վիզային ռեժիմը, այսինքն՝ վերացնել վիզաները:
Պարոն նախարար, ինչպես հայտնի է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը համանախագահների հետ վերջին հանդիպման ժամանակ հայտարարեց, որ առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական ներգրավման բանակցային գործընթացում անհնարին է հիմնախնդրի լուծումը: Ո՞ր փուլում է նախատեսվում Լեռնային Ղարաբաղի ներգրավումը բանակցային գործընթացում եւ երկրորդ հարցը, Կազանի հանդիպումից առաջ իսկապես շատ լավատես հայտարարություններ են հնչում, Ձեր կարծիքով՝ ինչ-որ փաստաթուղթ կարո՞ղ է ստորագրվել Կազանում, թե՞ ոչ:
Նախ եւ առաջ ասեմ, որ լիովին համամիտ եմ նախագահ Բակո Սահակյանի ասածին: Անհնար կլինի անցնել երկրորդ փուլին, եթե Ղարաբաղի կողմից համաձայնություն չլինի հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Երկրորդ փուլում նախատեսվում է մշակել, պատրաստել կարգավորման պայմանագիրը, ինչին միանշանակ Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակից լինի:
Մեզ համար խաղաղ կարգավորման հիմնաքարն այն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է իր ճակատագրի տերը: Ինչ վերաբերվում է գալիք Կազանի հանդիպմանը, գիտեք, որ արտգործնախարարությունը հաղորդագրություն էր տարածել Մոսկվայում կայացած նախարարների մակարդակով եռակողմ հանդիպումից հետո, որտեղ ասվում էր, որ կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները մի շարք առանցքային հարցերի շուրջ եւ եթե այդ դրական միտումը պահպանվի նաեւ Կազանում, ապա կկարողանանք դրական առաջընթաց արձանագրել:
Կցանկանայի նաեւ արձագանքել այն հարցին, որ ռազմատենչ հայտարարություններ են հնչում անգամ Դովիլից հետո, տարբեր ադրբեջանական պաշտոնյաների կողմից խոսվում է խաղաղ կարգավորման վերջին շանսի մասին եւ այլն: Ո՞վ է խանգարում ադրբեջանցիներին օգտագործել այս շանսը: Իսկ ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ, կարող եմ հիշեցնել, որ Դովիլյան հայտարարության մեջ հստակ կոչ է արվում պատրաստել ժողովուրդներին խաղաղությանը, հակառակը՝ կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Սա ասվում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարության մեջ:
Նախ՝ նախորդ հարցի ճշտում, կարո՞ղ ենք Ձեր պատասխանից եզրակացնել, որ Կազանում առաջին փուլի ավարտ է ակնկալվում, քանի որ դուք խոսեցիք երկրորդ փուլի մեկնարկի մասին Ղարաբաղի մասնակցությամբ: Եվ մյուս հարցը՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը վերջերս խոսել էր խաղաղապահների տեղակայման հարցում համաձայնության առկայության մասին՝ նշելով, թե որ երկրները չեն կարող լինել՝ Մինսկի խմբի համանախագահող եւ տարածաշրջանային երկրները: Եթե հաստատեք, որ նման համաձայնություն այս սկզբունքի շուրջ ձեռք է բերվել, ապա ո՞ր երկրներն են դրանք լինելու եւ ե՞րբ են խաղաղապահները տեղակայվելու:
Կարծեմ ես արդեն ասացի, որ առաջին փուլը մենք կարող ենք հաշվել եզրափակված, երբ հնարավորություն ունենանք անցնել երկրորդ փուլին, երբ ոչ միայն Հայաստանը եւ Ադրբեջանը, այլեւ Լեռնային Ղարաբաղն իր համաձայնությունը տա հիմնարար սկզբունքներին: Ինչ վերաբերում է խաղաղապահ ուժերին, ապա ես այդ կապակցությամբ արդեն մեկնաբանություն արել եմ: Այն դրույթների մեջ, որոնք հրապարակվել էին նախագահներ Օբամայի, Սարկոզիի եւ Մեդվեդեւի կողմից Լ՛Ակվիլայում եւ Մուսկոկայում արված հայտարարություններում՝ վեց դրույթների շարքում կար նաեւ Ղարաբաղի շուրջ խաղաղապահ գործողության մասին դրույթ: Բայց այս հարցի վերաբերյալ մանրամասներ վերջին երեք տարիների ընթացքում չեն քննարկվել: Եթե չի քննարկվել, ապա որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել