Բաց նամակ նախագահին և վարչապետին. Երևանի կենտրոնում քանդվում և խեղաթյուրվում է հուշարձան-շենքը
Հարգելի պարոն նախագահ,
Հարգելի պարոն վարչապետ,
Գրեթե երկու տարի է, ինքնակամ, առանց համապատասխան իրավական և քաղաքաշինական փաստաթղթերի, շինություն է իրականացվում Երևանի Ծածկած շուկայի տարածքում։ Ոչնչացվում է պետության կողմից պահպանվող մշակութային հուշարձանը, ոտնահարվում են հարակից շենքերի բնակիչների իրավունքները։
Այս մասին բազմիցս տեղեկացվել է Երևանի քաղաքապետարանը, սակայն ոչ մի միջոցառում չի իրականցրել աշխատանքները կանխելու և խնդիրն իրավական դաշտ բերելու ուղղությամբ:
Աշխատանքների համար հիմք է շրջանառության մեջ գտնվող էսքիզային նախագիծը։ Կառուցապատողը և քաղաքապետարանի ներկայացուցիչները բազմիցս հավաստիացրել են, որ շենքի ծավալատարածական լուծումները պետք է պահպանվեն, հուշարձանի գոնե արտաքին տեսքը չպետք է խախտվի, շրջակա բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչների վիճակը էլ ավելի չպետք է վատթարանա, սակայն ներկայումս արագ տեմպերով կառուցվում են շենքի նորանոր հարկեր և կառուցապատողը սկսել է վերին հարկի ծածկի իրականացման աշխատանքները՝ դուրս գալով գոյություն ունեցող հուշարձան շենքի ծավալային չափերից:
Հակառակ բնակիչների շահերի և պետական շահագրգիռ մարմինների տեսակետների և արգելքների՝ շենքի արտաքին ծավալներից դուրս պատրաստվում է կառուցվել լրացուցիչ հարկ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչերի պատուհանների դիմաց՝ վատթարացնելով բնակարանների առանց այն էլ անբավարար լուսավորությունը և տեսանելիությունը, խախտելով քաղաքաշինական նորմերը և վերջնականապես խաթարելով հուշարձան շենքի կերպարը:
Փաստորեն, քաղաքի կենտրոնում բոլորի աչքի առաջ բազմաթիվ գրավոր նախազգուշացումներից հետո ինքնակամ քանդվում և խեղաթյուրվում է հուշարձան շենքը, խախտվում են բնակիչների արդարացի իրավունքները, իսկ քաղաքային իշխանությունները մատը մատին չեն տալիս իրենց պարտականությունները կատարելու համար: Մի՞թե Հայաստանում գոյություն չունի օրենք, իսկ թողտվությունը սահմաններ չունի:
Վերջին հույսը Դուք եք, և եթե շտապ չարձագանքեք, արդեն ուշ կլինի, քանի որ շինարարությունը, չնայած որ ինքնակամ է, ընթանում է շատ արագ տեմպերով, և չի բացառվում, որ մեկ-երկու օրից մեկ կամ մի քանի հարկեր կառուցվեն, և բոլորիս փաստի առաջ կանգնեցնեն:
Խնդրում ենք նաև, բացի վերը նշվածից, պատասխանել հետևյալ հարցերին.
- Բազմաբնակարան բնակելի շենքից մոտ 2մ հեռավորության վրա կառուցապատողի կողմից շենքի հիմքերից էլ ցածր նիշի վրա փորված 2-3մ խրամուղու մեջ, առանց համապատասխան համաձայնեցված նախագծի, իրականացվող մեծ տրամաչափի կոյուղագծի տեղադրումը արդյոք չի՞ ազդի շենքի սեյսմակայունության վրա և վտանգի չի՞ ենթարկի բազմաթիվ մարդկանց:
- Արդարացվա՞ծ են արդյոք Երևան քաղաքի կենտրոնում՝ արդեն իսկ շատ խիտ բազմաբնակարան բնակելի շենքերով կառուցապատված տարածքում տեղադրված և շահագործվող առևտրական խոշոր օբյեկտի վերակառուցումը և դրա հզորությունների ավելացումը: Չէ՞ որ քաղաքաշինական տեսակետից այդ տարածքը նման պոտենցիալ չունի և գերծանրաբեռնված է:
Շուկայի երկու կողմում բազմաբնակարան բնակելի շենքերն արդեն իսկ կառուցվել են քաղաքաշինական նորմերի խախտումով` շուկայից ոչ բավարար հեռավորության վրա, իսկ համաձայն ներկայացված էսքիզային նախագծի՝ վերակառուցման աշխատանքներն իրականացնելու դեպքում սպասարկման համար ստիպված օգտագործել են ցածր անցունակություն ունեցող ներբակային փողոցներն ու անցուղիները, բնակելի շենքերին կից և բնակիչների սպասարկման համար նախատեսված ընդհանուր օգտագործման տարածքները` վատթարացնելով Մաշտոցի պողոտայի և Պարոնյան փողոցների այդ հատվածների տրանսպորտային իրավիճակները, բազմակի անգամ ավելացնելով շրջակա միջավայրի աղտոտվածությունը, օդում մեքենաների շարժիչների աշխատանքի արդյունքում արտանետված գազերի պարունակությունը բնակելի շենքերի սենյակների պատուհանների անմիջական հարևանությամբ, և անհնարին դարձնելով այդ սենյակների օդափոխությունը և ուղղակիորեն բացասաբար չի՞ ազդի բազմաթիվ բնակիչների առողջության վրա:
- Առաջնորդվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13-րդ և 14-րդ հոդվածներով, համաձայն ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 660 որոշմամբ սահմանված կարգի՝ անհրաժեշտ չէ՞ր արդյոք զանգվածային լրատվության միջոցներով Փակ շուկայի վերակառուցման ծրագրի և նախագծի ցուցադրման միջոցառումներով իրազեկել ֆիզիկական և իրավաբանական անձանց կենսագործունեության միջավայրի, տարածքի գոտևորման և քաղաքաշինական նախատեսվող այլ փոփոխությունների մասին, ինչպես նաև մինչև հրապարակված քաղաքաշինական ծրագրի և նախագծի հաստատումը կազմակերպել դրանց հասարակական քննարկումներ` ապահովելով շրջակա բնակելի շենքերի բնակիչների, այլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների մասնակցությունը, և հաշվի առնել նրանց կողմից ներկայացված իրավական ու նորմատիվ ակտերով հիմնավորված դիտողությունները և առաջարկությունները:
- Վերակառուցվող առևտրի կենտրոնը ՀՀ օրենսդրությամբ դասակարգվում է որպես բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) օբյեկտ, և համաձայն սահմանված կարգի՝ դրա նախագծային փաստաթղթերը, բացի զուտ քաղաքաշինական մոտեցումներից, պետք է պարունակեն նաև շրջակա միջավայրի ու պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, կապի համակարգերի, տրանսպորտային, էներգետիկ ու ինժեներական այլ ենթակառուցվածքների անվտանգության, տեխնոլոգիական և սանիտարահիգիենիկ միջոցառումների իրականացում և ենթակա են համալիր փորձաքննության:
Արդյոք մինչև շինարարության սկիզբը իրականացվե՞լ է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն` շահագրգիռ այլ պետական փորձագիտական մարմիններ մասնակցությամբ:
Ուզում ենք հավատալ, որ հավատալու և փոխելու Ձեր կարգախոսը սոսկ նախընտրական լոզունգ չէ, և մենք իրապես իրավական երկրում ենք ապրում։
Պարոնյան փողոց թիվ 4ա շենքի բնակիչներ
03.12.2012թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել