Մետրոյի արդիականացման 2-րդ փուլում կլուծվի թունելներում ջրահեռացման խնդիրը
Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման և արդիականացման ծրագրի առաջին փուլով իրականացված աշխատանքները փաստում են, որ ծրագիրը հաջողված է, և նույն արդյունավետությամբ կշարունակվեն նաև 2-րդ փուլի աշխատանքները: Այս մասին այսօրվա հանդիպման ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ծրագրի 2-րդ փուլում հիմնական շեշտը կդրվի մետրոյի թունելներում ջրահեռացման խնդրի լուծման վրա՝ միաժամանակ ապահովելով էլեկտրաէներգիայի էական խնայողություն: Ծրագրի շրջանակում կարևոր բաղադրիչ է նաև շարժակազմերի արդիականացումը:
Ծրագրով կատարված գնումների արդյունքում կան զգալի ֆինանսական տնտեսումներ, որոնք ամբողջությամբ ուղղվել են գործող շարժակազմերի արդիականացմանը: Այդ տնտեսման հաշվին արդեն իսկ ամբողջովին նորացվել է 8 վագոն:
«Մետրոն մայրաքաղաքի կարևոր տրանսպորտային միջոցներից մեկն է: Մեր քաղաքականությունն է ընդլայնել մետրոպոլիտենի ցանցը, որն անշուշտ մեծ ներդրումներ է պահանջում, սակայն այսօր մենք ունենք նաև շատ կարևոր խնդիր՝ պահպանել առկա համակարգն ու առաջին հերթին լուծել մեր բնակիչների անվտանգության խնդիրը»,- ասել է Տարոն Մարգարյանը:
Երևանի մետրոպոլիտենում իրականացվող ծրագիրը ֆինանսավորում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Եվրոպական ներդրումային բանկը և Եվրամիությունը:
Այսօր Տարոն Մարգարյանի հետ հանդիպմանը մասնակցել են Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթան ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:
«Մենք այսօր ունենք ամուր հիմք շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ: Թիմային աշխատանքի արդյունքում այսօր Երևանի մետրոպոլիտենը շատ ավելի անվտանգ է ձեր քաղաքի բնակիչների համար»,- ասել է Տրայան Հրիսթան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել