
Հայաստանցի կանայք տառապում են Թուրքիայում. «Ո՞ւր ա իմ պետության աչքերը»,- հարցնում է նրանցից մեկը (վիդեո)
Անի Հովհաննիսյան
Էդիկ Բաղդասարյան
Մի քանի օր շարունակ մենք գնում էինք Ստամբուլի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակ ու սպասում մեր նոր պատմությունների հերոսներին: Թուրքիայում աշխատելու մեկնած հայ կանայք օրվա տարբեր ժամերին մտնում էին եկեղեցի, մոմ վառում, աղոթում ու խաչակնքելով դուրս գալիս: Նրանցից ոմանք այնտեղ էին գալիս ընկերուհիների հետ. աղոթելուց հետո նստում էին բակում տեղադրված նստարաններին ու կիսվում օրվա անցուդարձից: Մենք նրանց խոսելաձեւից արդեն հասկանում էինք, թե Հայաստանի որ մարզից ու որ քաղաքից կլինեն. հիմնականում չէինք սխալվում: Ստամբուլում աշխատող հայ կանանց մեծամասնությունը Գյումրիից է, Վանաձորից ու Երեւանից:
Եկեղեցի մտնողներից մեկը` Սիլվան (անունը փոխված է), չէր կարողանում զսպել լացը: Մենք չէինք համարձակվում նրան հարցեր տալ: Աղոթելուց հետո նստեց նստարանին, լաց եղավ ու սկսեց խոսել. «Հիմա իմ սիրտն ինչի ա մղկտում: Իմ տղեն, որ 24 տարեկան ա, դեռ ամուսնացած էլ չի, օտար երկրում հիվանդացել ա, ես չեմ կարողանում գնամ, իմ էրեխուն տանեմ բժշկի: Ու ես եկել եմ Աստծո դուռը, Աստծուց եմ խնդրում… Ուր ա իմ պետության աչքերը: Խի են մեզ սենց տանջում»,- կսկիծով ասում էր Սիլվան: Որդուն Ռուսաստանից առողջական ծանր խնդիրներով տեղափոխել էին Հայաստան, իսկ ինքը չէր կարողանում մեկնել` տեսակցության. վիզայի խնդիր ուներ: Նա ապօրինի է գտվում է Թուքիայում:
Մոտ 5 տարի առաջ, երբ Սիլվան դեռ Ստամբուլ գնալու որոշում չէր կայացրել, հողի մշակմամբ էր զբաղվում Հայաստանում: Հարկերն ու ոռոգման դժվարությունները պատճառ դարձան աշխատանքները դադարեցնելու եւ արտագաղթի ճանապարհներ որոնելու համար. «Ասում են` վայ, գնացին Թուրքիա: Հիմա Թուրքիայում տեսնես ինչերով են զբաղվում: Արի, տես ինչով եմ զբաղվում: Մեր պետությունը մեզ չի պահում, դուրս ա շպրտում: Կամ էլ դնում ա անդունդի եզրին, ասում` կամ դու ինքդ ընկի, մեռի, կամ էլ սովից մեռի. ոնց քեզ հարմար ա: Դրա համար մենք էսօր եկել ենք ուրիշի հիվանդին ենք պահում, որ կարողանանք հացի կոպեկ ուղարկենք էրեխեքին, ապրեն»,- ասում է նա:
Սիլվան թուրքի ընտանիքում է աշխատում. տունն է մաքրում, ճաշն է եփում ու ծերերին խնամում: Աշխատանքային օրվա ավարտին կարոտը, հույզերն ու միայնությունը կիսում է հնամաշ օրագրի էջերում: Նա հանեց օրագիրը եւ սկսեց առանձին հատվածներ կարդալ` ներկայացնելով իր ապրումները: Հետո նրան համոզեցիքն, որ օրագիրը տրմադրի մեզ: Նա սկսեց թերթել ու տարբեր էջեր պոկելուց հետո տվեց մեզ: Ահա մի քանի հատվածներ այդ օրագրից.
«…Երանի ծիտ լինեի թռչեի գնայի Արմենիս մոտ ու գայի: Մեկ Լեւոնիս համար վառվեցի տեղս նեղ էր, հիմիկ էլ Արմենիս համար: Նստած եմ, ձմերուկ ու կլուբնիկ բերին, քթիս մուխը գնաց, որ երեխեքս չեն ուտում: Օրեցօր լղարում եմ, սրանք էլ ամեն ինչ անում են, ասում են ինչն է ապատճառը որ նիհարում ես: Արմենիս համար 100 դոլար փող ուղարկի: Տենամ Անան կհասցնի, թե չէ, սպասում եմ զանգին: Ասել եմ, որ գնա տենա երեխին ու զանգի ինձ, որ ես հանգիստ լինեմ: Սպասում եմ ու սպասելուց վատ բան չկա: Ասել եմ գնա տենա ու Արմենին տա հեռախոսը, որ խոսեմ, սիրտս հագստանա: Մռենմ քեզ Արմեն, կյանքս, իմ թանկ բալա… …Մայիսի 18-ին գնացի իզինի, հիվանդս ասում է գնա, մի սպասի, դու շատ լավն ես, գնա երեխեքիդ հետ խոսի: Բայց փոխարինողս պետք է գա, որ ես գնամ: Չմոռանամ իրանց համար մկրատ ու կլուբնիկ առնեմ: Մարդը իմ խաթեր էսօր գործի չի գնում, որովհետեւ ինքը պետք է ինձ տանի, տղեն էլ թե ես կտանեմ, ասավ չէ, դու գնա ռեստորանի տեր եղի մինչեւ ես կգամ: Էսօր շատ լավ օրա, ես ութ շաբաթ է ինձ շատ լավ եմ զգում, կյանքիս մեջ առաջին անգամ է, որ լավ տեղ աշխատեցի: Քուչուկ Չեքմեջեյից նստեցի, հաշվում եմ աստանովկեքը, 12 աստանովկա պետք է գնամ… …Երվանդս առավոտ շուտ զանգեց, ինձ իրա ծննդյան օրը, երեխեն հենց իմացել է, թե ես մոռացել եմ, բայց ոնց կլինի ես մոռանայի իմ ամենաթանգ թոռան ծննդյան օրը: Բայց ես իրկունը ժամը 11-ին զանգեցի Վահեիս հետ էլ խոսեցի, սիրտս հանգստացավ, որովհետեւ նավի քամին ինձ հանգստացրեց: Ես մի մոլոր մարդ եմ աշխարհում, գնում եմ, գնում եմ անծայր ծովերով, երբ ետ եմ դառնում իմ հին կյանքս եմ հիշում, տխրում եմ այս անծայր ծովերում: Նայում եմ շուրջս ու լաց եմ լինում … Ինձ մնաց 2 ու կես ամիս, որ գնամ Հայաստան: Գոնե մի քիչ փողով գնամ, պարտքերս փակեմ, մեկ էլ գնամ Արմենիս մոտ, տենամ երեխես ինչ ձեւի տեղա ծառայում, խաղաղ ա թե չէ, որովհետեւ սահմանա, շատ եմ վախենում, ոնց Լեւոնի համար էի մտածում, այնպես էլ մտածում եմ Արմենիս համար: Մեռնեմ ջանիդ Արմեն ջան, թանկ ու թանկ բալա ջան: …Նստել եմ բալկոնում նայում եմ շուրջս, գեղեցիկ, նախանձում եմ ես սրանց, թե խի հայը չունի սրանից: Սիտս լցվում է, մեր հայերը ոնց են տանջվում, մենք աշխատում ենք, սրանք զվարճանում են: Մեզանից են սովորում գործ անելը, մաքուր ու ճաշակով հագնվելը, բայց բախտ չունի մեր ազգը: Ես գիտեմ, թե ինչու չունի բախտ ազգը, Գյուլի պես ազգասեր բաշմակը պահում է իր անխելք ազգը, բայց Սերժը չի անում այն բանը, որ պետք է մեր ազգին: Ես սրանց ասեցի, որ թուքերին չեմ սիրում, դրանից հետո թարսվեցին ինձ հետ, բայց վեջս չի: Սիրում եմ ազգիս, իմ հողը, իմ ջուրը, կարոտում եմ երեխեքիս, բայց ճար չունեի, ժամանակավոր լքեցի հողս, կվերդառնամ իմ թանկ հայրենիք, իմ սիրուն Հայաստան, փոքր ու հպարտ Հայաստան: …Նեղվում եմ, բայց ճար չունեմ, մնացել է 2 ամիս, թե ոնց եմ անցկացնելու էդ էլ, միայն աստված գիտի: Տեր իմ զորավոր, տուր ինձ համբերություն, որ կարողանամ էս երկու ամիսը անցկացնեմ, փառք քեզ տեր ջան, միայն հույսս դու ես…» |
Թուրքերի ու հարուստ պոլսահայերի ընտանիքներում աշխատող հայ կանայք բազմաթիվ դժվարություններ են ունենում: Նրանք հաճախ իրենց օգտագործված են համարում, քանի որ գործատուներն աշխատեցնում են ավելին, քան սահմանված է: Կարինեն արդեն մի քանի ընտանիք է փոխել. չի կարողանում աշխատել այն տներում, որտեղ իր արժանապատվությունը ոտնահարված է համարում:
«Հիմնականում տան գործեր ենք անում, հետո արդեն հիվանդների կամ ծերերի ենք խնամում: Համ պոլսահայերի տներում ենք աշխատում, համ էլ թուրքերի: Հայերը, որ ճիշտն ասեմ, մեզ ավելի շատ են տանջում, քան թուրքերը: Դժվար ա էլի: Ամանները լվանում ես, ճաշն եփում ես, ամեն ինչ մաքրում ես, որ երկու րոպե պիտի հանգստանաս, ասում ա` բա պատուհանները չես լվացել: Հեշտ չի, ամեն մեկի հետ հեշտ չի»,- պատմում է Կարինեն:
Կարինեն ու իր վանաձորցի ընկերուհին 4-5 տարի Թուրքիայում աշխատելուց հետո, չափազանց շատ էին հոգնել: Ստամբուլում գտնվելը նրանց համար գումար վաստակելու միակ ճանապարհն էր: Նրանք Ստամբուլում միայն իրար ունեին` կարոտը, լարվածությունն ու հույզերը կիսելու համար:
Թուրքիա մեկնած հայ կանանց մեծամասնությունը վիրավորվում է պոլսահայերի թաքուն անհանդուրժողական վերաբերմունքից Հայաստանից ժամանած հայերի նկատմամբ: Իսկ պոլսահայերը համարում են, որ իրենց եւ հայաստանցիների միջեւ զուտ մշակութային տարբերություններն են մեծ:
«Մեզ համար էն ա վիրավորական, որ դու հայ ես, ինքը հայ ա, բայց քեզ էնպես ա աշխատեցնում, էնպես ա վերաբերվում, որ ստիպված ես լինում թողնել, ուրիշ ընտանիք փնտրել: Հանգստյան օրդ կտրում են, ասում` ինչ անպայման ա, որ հանգստանաս, մնա ստեղ: 24 ժամ մեզ հասնում ա. պիտի հանգստանանք, բայց նա քեզ տալիս ա երկու ժամ, ասում ա` գնա Հայաստան զանգի, արի: Եթե աշխատանք լիներ, մենք ինչի պիտի գայինք էստեղ: Մեր ընտանիքին, մեր էրեխեքին նվիրված անում ենք, ինչ անենք»,- պատմում են Կարինեն եւ ընկերուհին:
Քիչ թվով կանայք են իրենց ընտանիքների ու ամուսինների հետ մեկնել Ստամբուլ: Նրանք հիմնականում միայնակ են դուրս գալիս յուրաքանչյուր դժվարության դեմ` մտքում պահելով Հայաստան վերադառնալու, կրկին ընտանիքի մայր լինելու ցանկությունը:
Լուսանկարները` Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել