
ՀՀԿ շտաբերի՞ց են նշանակվում
Ինչպես հայտնի է, Հայաստանում գործում է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգը (կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասին ընտրական հանձնաժողովներ): Ընտրողները, սակայն, անմիջականորեն առնչվում են բացառապես տեղամասային ընտրական հանձնաժողովի հետ, երբ գալիս են քվեարկելու:
Արդեն շատ տարիներ ընտրությունների քվեարկությունների արդյունքները բացարձակապես չեն կեղծվում ընտրատարածքային և կենտրոնական ընտրական հանձնաժողովում, այլ կեղծվում են ընտրական հանձնաժողովներից դուրս, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովում:
Տեղամասային ընտրական հանձնաժողովները (ՏԸՀ) ունեն 8-ական անդամ: Համաձայն Ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի, անդամներից 6-ին նշանակում են ԱԺ անցած կուսակցությունները (ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», ՀՅԴ և ՕԵԿ)` մեկական հոգի և ևս երկու անդամ նշանակվում են վերադաս (ընտրատարածքային) ընտրական հանձնաժողովի կողմից:
ՏԸՀ-ներում կեղծիքները վերջին տարիներին սովորաբար արտահայտվում են այլ անձնաց փոխարեն, կամ մեկից ավել անգամ քվեարկություններով, ընտրողների ցուցակներից քաղվածքներ անելով և ընտրողների վրա հոգեբանական ճնշում գործադրելով: Այդ բոլոր գործառույթները (կամ, նույնիսկ դրանցից մեկը) իրականացնելու համար իշխանությանը քիչ է հանձնաժողովում 1-2 հոգի ունենալը: Այդ իսկ պատճառով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (ԸԸՀ), որպես կանոն, ՏԸՀ-ներում իր քվոտաներով նշանակում է հանրապետական կամ պրո-հանրապետական անձանց, ովքեր տեղամասերում սպասարկում են հանրապետականի, որպես կանոն, կեղծիքներ անելու շահերը:
Ավելի քան մեկ տասնյակ անգամներ եղել եմ ՏԸՀ անդամ, մեկ անգամ` քարտուղար և վերջին մեկ տարում չորս անգամ նշանակվել եմ ՏԸՀ նախագահ (այժմ այդ պաշտոնը նշանակովի է` խորհրդարանական կուսակցությունների քվոտաներով)… Դեռ երբեք չեմ հանդիպել այնպիսի մի ընտրություն, որ ԸԸՀ-ի կողմից նշանակված ՏԸՀ անդամները, կամ, առնվազն, դրանցից մեկը քվեարկության ավարտին իրեն չմատնի` որպես ՀՀԿ-ի շահերը բացահայտորեն ներկայացնող:
Թեև Ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ ԸԸՀ-ի կողմից ՏԸՀ անդամները նշանակվում են ԸԸՀ անդամների առաջադրմամբ և վիճակահանությամբ, փաստացի, տպավորությունն այնպիսին է, որ իրենք նշանակված են ՀՀԿ-ի շտաբերի կողմից, քանի որ ՏԸՀ այդ և ՀՀԿ-ի նշանակած անդամները, հաճախ դուրս են գալիս տեղամասից և դրսում մշտապես հավաքված հանրապետականներին ասում, թե ո՞վ չի եկել ընտրության, ո՞վ ինչ հայացքով նայեց, երբ քվեաթերթիկն էր գցում և այլն… Իսկ օրվա վերջում` հաշվարկի ժամանակ, որպես կանոն, հենց ԸԸՀ նշանակած անդամն է իր մոտ պահում հանրապետականի, կամ դրա թեկնածուի քվեաթերթիկներով տրցակը:
ԸԸՀ նշանակած անդամները նաև ակտիվորեն մասնակցում են հանցավոր կեղծիքներին: Օրինակ, երբ ես 2009 թվականին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպք ֆիքսեցի, պարզվեց, որ ընտրողների ցուցակում քաղաքացուն այլ անձի փոխարեն հենց ԸԸՀ-ի կողմից նշանակված ՏԸՀ անդամն էր գրանցել:
Բացի այդ, քանի որ ԱԺ-ում ամենամեծ խմբակցությունը ՀՀԿ-ն է, ՏԸՀ-ներում ՀՀԿ-ի ներկայացուցիչները նախագահ, կամ, առնվազն, քարտուղար են (ինչպես ասեցի, դա քվոտաներով է բաշխվում): Անշուշտ, ՏԸՀ նախագահ ունենալը սանձարձակության հնարավորություններ է տալիս, սակայն շարքային ընտրակեղծարարության համար պետք են հանձնաժողովի շարքային անդամներ, ովքեր ընտրողների ցուցակներով մատյաններում կարող են մի քաղաքացուն` մեկ այլ քաղաքացու փոխարեն լրացնել, կամ անձնագրում դրոշմակնիքը թույլ խփել, որ այն շուտ ցնդի (կամ չխփել) և այլ նմանատիպ խախտումներով կարող են «թիվ ապահովել»: Եվ հենց այդ ՏԸՀ շարքային անդամներով են ՀՀԿ-ին ապահովում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները:
Խնդրի լուծումը վաղուց գտնված է
Նկարագրված խնդրի լուծումը, բնականաբար, բարդ չէ: Պարզապես, պետք է ԸԸՀ-ներին զրկել ՏԸՀ անդամ նշանակելու հնարավորությունից և փոխանցել այդ քվոտան խորհրդարանական կուսակցություններին (քվոտաներով կամ այլ մեխանիզմներով):
Սակայն 2011 թվականին, երբ քննարկվում էին ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, ի հեճուկս «Ժառանգություն» կուսակցության առաջարկի, իշխող մեծամասնությունը որոշեց ՏԸՀ 2-ական այդ անդամների խնդրո առարկա քվոտան հանձնել ԸԸՀ-ներին (այդ որոշման պատճառներն ակնհայտ են):
Մեզ մնում է միայն հուսալ, որ ընդդիմությունը կկարողանա վստահված անձերով, տեսախցիկներով և ՏԸՀ-ներում իր անդամներով կանխել բոլոր տեսակի ընտրակեղծիքները, որոնց նուրբ մանրամասներին մենք կանդրադառնանք հետագայում:
Մեկնաբանել