HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քննարկվում է Դատական օրենսգիրքը. հիվանդություն ունեցող դատավորները կենսաթոշակ կստանան

Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ներկայացրած «Դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Կառավարությունն առաջարկում է որպես դատավոր առնվազն 10 տարի պաշտոնավարած անձին, որի լիազորությունները դադարեցվել են առողջական խնդիրներ ունենալու հիմքերով, տալ կենսաթոշակ՝ վերջին մեկ տարվա ընթացքում որպես դատավոր զբաղեցրած պաշտոնի համար ստացած միջին աշխատավարձի ընդհանուր գումարի 55 տոկոսի չափով։

Նշենք, որ դատավորները ստանում են 300 հազարից մինչեւ 1 միլիոն դրամից ավելի աշխատավարձ:

Հիվանդության կամ ժամանակավոր անաշխատունակության հիմքով իր լիազորությունները դադարեցնող դատավորների կենսաթոշակի վճարման հարցում, տարիքային կենսաթոշակի հասնելու տարիքից անկախ, նույնական մոտեցում է դրսեւորված նաեւ Սահմանադրական դատարանի դատավորների պարագայում: 

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ այսօր ունենք դատավորներ, որոնք շարունակում են պաշտոնավարել, որովհետեւ ստիպված են, քանի որ սոցիալական խնդիրներ կունենան, եթե մինչեւ կենսաթոշակային տարիքի հասնելը ազատվեն աշխատանքից:

Օրենքի նախագծով ավելացվելու է նաեւ վարչական դատավորների թիվը: Ներկայումս վարչական դատարանը գործում է դատարանի նախագահի եւ 16 դատավորի կազմով, իսկ փոփոխություններով առաջարկվում է դատավորների թիվը հասցնել 26-ի:

Դատավորների թվի ավելացումը պատճառաբանվում է նրանց ծանրաբեռնվածությամբ: Մասնավորապես` 2011 թ. ընթացքում փոխանցված եւ ստացված գործերի ընդհանուր թիվը ՀՀ վարչական դատարանում կազմել է 14.778, իսկ վճարման կարգադրություններինը` 73.426։ 17 դատավորի հաշվարկով՝ յուրաքանչյուր դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունը կազմել է մոտ 850-1000 գործ եւ 4000-4500 վճարման կարգադրություն:

ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը դժգոհեց, որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ օրենքը վերաբերելու է մի քանի դատավորների, իսկ մնացածի մասով բաց է մնացել:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ կիսում է գործընկերոջ մտահոգությունը եւ իր կողմից եւս մեկ խնդիր բարձրացրեց: Ըստ պատգամավորի՝ մինչ օրս Գերագույն դատարանի նախագահ Տարիել Բարսեղյանի կենսաթոշակի հարցը եւս կարգավորված չէ, եւ այս հարցում անելիք կա:

Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter