HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժաննա Ալեքսանյան

Եզդիական համայնքը հուսահատված է

«Ո՞ւր գնան եզդիները, ի՞նչ անեն»

«Ապրուստի միակ միջոցը անասնապահությունն է, դրանով են ապրում բազմանդամ եզդի ընտանիքները: Հիմա դժվարություններ են ստեղծվում նաեւ այդ ասպարեզում: Հողը մրցույթի կարգով տրվում է առանձին մարդկանց: Այդ մրցույթը մենք համարում ենք քաղաքականացված, որի նպատակն է եզդիներին դուրս մղել Հայաստանից: Մի՞թե դրա ապացույցը չէ այն, որ արոտավայրերի համար մեր կնքած պայմանագիրը լրանում է այս տարվա օգոստոս ամսին, բայց փետրվարին մեր արոտավայրերն արդեն տրվել են ինչ-որ Լյուդայի: Այդ նույն Լյուդան ընկեր-բարեկամների հետ բազմիցս եղել է սարերում, սպառնացել եզդիներին, պահանջել, որ հեռանան Հայաստանից` ասելով, թե Հայաստանը միայն հայերինն է»:

Այս հատվածը եզդիների բաց նամակից է ուղղված հայաստանյան իշխանություններին: Այն հրապարակվել է նաեւ մամուլում:

Կոտայքի մարզի Զովունի գյուղը Հայաստանում եզդիներով բնակեցված ամենախիտ տարածքն է: Օսմանյան կայսրության կազմակերպած ջարդերի ժամանակ եզդիները հայերի հետ միաժամանակ գաղթեցին Արեւմտյան Հայաստանից: Զովունի գյուղի առաջին եկվորները եզդիներն են, որոնք այստեղ բնակություն են հաստատել 1936թ-ին, ավելի վաղ քան հայերը: Գյուղի պռնկին ծվարած եզդիական Ամո թաղամասում բնակվում են 350 բազմանդամ եզդի ընտանիքներ (շուրջ 1500 մարդ): Նախկին մարդահամարի տվյալներով Հայասատանում եզդիների թիվը հասնում էր 60000-ի: Եզդիներ ազգային միության նախագահ Թամոյանի տվյալներով այսօր Հայաստանում ապրում են մոտ 30000 եզդիներ:

Ինչպես եզդիներն են սիրում ասել` հայերի հետ բարեկամությունը դարերի պատմություն ունի: Միշտ ապրել են կողք կողքի` հաշտ ու խաղաղ: Հայերի ու եզդիների միջեւ քավոր-սանիկային հարաբերություններ են հաստատված, մշտապես մասնակցում են միմյանց հարսանիքների եւ այլ ծեսերի: Եզդիները հայ ժողովրդից չեն դժգոհում: Նրանց բողոքը հայ չինովնիկի դեմ է:

«Տեղյակ ենք պահում ձեզ, որ եթե եզդիների պայմանները չբարելավվեն, չվերադարձվեն եզդիների արոտավայրերը, կասենք` վերցրեք մեր բնակարանները, վերցրեք մեր անասունները.մենք գնում ենք Հայաստանից: Այլեւս այսպես չենք կարող ապրել: Մեր գործը թողնում ենք Աստծոն»,- Հայաստանի նախագահին, վարչապետին ուղղված բաց նամակում գրում են եզդիները:

2001թ. ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում առաջին անգամ հեռագնա արոտների վարձակալությունը իրականացվեց մրցութային կարգով: Մրցույթների անցկացման լիազորությունը տրվեց մարզային մրցութային հանձնաժողովներին: Զովունի գյուղում բնակվող եզդիների պարբերական ցույցերը ՀՀ նախագահի նստավայրի եւ կառավարության շենքի մոտ վերը նշված հանձնաժողովների դեմ են: Եզդիական համայնքի ներկայացուցիչները պնդում են, որ մրցույթն անցկացվել է խտրական սկզբունքով, այսինքն` հայ հայտատուի հետ ոչ հավասար պայմաններում: Աճուրդային պայմաններով վաճառքի հանված արոտավայրերից զրկվեցին 25 եզդի ընտանիքներ, որոնցից շատերն արդեն վաճառել են իրենց անասուններին:

Մաջիթ Ամարյանը ստիպված վաճառել է իր 90 գլուխ մանր եղջերավոր անասունը, քանի որ տեղ չունի պահելու: «Դա իմ ապրուստի միակ միջոցն էր: Դրանով էի պահում իմ 20 հոգուց բաղկացած ընտանիքը: Աճուրդի ժամանակ ինձ զրկեցին իմ արոտավայրից: Մենք հիմնականում զբաղվում ենք անասնապահությամբ: Հողահատկացման ժամանակ մեզ մի թիզ հող չհատկացրին, եթե հիմա անասուն էլ չպահենք, ինչպես ենք ապրելու, ո՜չ աշխատատեղ կա, ո՜չ էլ աշխատանք»,- ասում է նա:

Այժմ այս ընտանիքները իրենց գոյությունը պահպանելու միակ ելքը տեսնում են Հայաստանից դուրս: «Նրանք պատրաստվում են լքել Հայաստանը, ինչպես երկու տարի առաջ հեռացան 130 ընտանիքներ: Հայաստանը մեր հայրենիքն է, մեր ծննդավայրը, մեր օջախը, այստեղ են մեր հանգուցյալների շիրիմները: Ինչպես թողնենք հեռանանք»,- ասում է եզդիների առաջնորդ Ազիզ Թամոյանը: Նա չի բացառում նաեւ իր հեռանալու տարբերակը:

Հայաստանում բնակվող եզդիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Նրանք տարվա ցուրտ ամիսներն անցկացնում են գյուղում: Մնացած ամիսներին սարերում են, անասուն են պահում: Սարը նրանց տունն ու սրբությունն է:

«Հողի սեփականաշնորհման ժամանակ եզդիները հող չստացան: Նրանք ունեն տնամերձ հողեր, սակայն ոռոգման ջուր չեն ստանում: Գործարաններ ու ֆաբրիկաներ չկան, որ մարդիկ կարողանան աշխատել: Ապրուստի միակ միջոցը անասնապահությունն է, դրանով են ապրում եզդի բազմանդամ ընտանիքները: Հիմա նոր դժվարություններ են առաջացել: Մրցույթի կարգով այդ տարածքները` արոտավայրերը, տրվում են առանձին մարդկանց»,- ասում է Ա.Թամոյանը:

Եզդիների առաջնորդը համոզված է, որ մրցույթը քաղաքականացված է եւ դրա նպատակը եզդիներին Հայաստանից դուրս մղելն է: «Մի՞թե դրա ապացույցը չէ այն, որ արոտավայրերի համար կնքած մեր պայմանագիրը ավարտվում է օգոստոսին, բայց փետրվարին մեր տարածքները հանձնում են մեկ ուրիշին»,- հարցնում է նա:

Այդ հողերին տեր է դարձել Լյուդա Հովհաննիսյանը, որը մենատնտես է: Մեր զրուցակից եզդի տղամարդիկ պատմում էին, թե ինչպես է այդ կինը իր բարեկամների եւ թիկնապահների հետ սար բարձրացել, սպառնացել իրենց եւ պահանջել հեռանալ Հայաստանից` ասելով. «Հայաստանը հայերինն է: Նա ձեռքով ցույց էր տալիս Մասիս սարը եւ ասում.ձեր տեղը այդ սարի ետեւում է»,- վիրավորված պատմում են եզդիները:

Ազիզ Թամոյանը ցույց է տալիս բազմաթիվ դիմում-բողոքներ, որով դիմել են իշխանություններին.«Լյուդայի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը, գալով սար, կրկնեց այդ կնոջ խոսքերը` թողեք, հեռացեք այստեղից»,- շարունակում է պատմել նա:

Լյուդայի հետ տեղի ունեցած միջադեպի մասին, ինչպես նաեւ եզդիներին առնչվող այլ խնդիրներին տեղյակ է ՀՀ նախագահի խորհրդական, ազգային փոքրամասնությունների հարցերով պատասխանատու Ռազմիկ Դավոյանը: Նա ընդունել է եզդիներին եւ լսել նրանց: «Հողատարածքների հետ կապված խնդիրների առնչությամբ հանրապետության նախագահը կարգադրել է հարցին մեղմ մոտեցում ցույց տալ: Հարցը քննարկվել է խորհրդակցության ժամանակ, որին ներկա են գտնվել տարածքային կառավարման նախարարն ու եզդիների ներկայացուցիչները: Դրանք եզդիների պապենական հողերը չեն եւ նոր կարգի համաձայն աճուրդի պիտի դրվեն: Հողատարածքներից զրկվել են նրանք, ովքեր հայտերը ժամանակին չեն ներկայացրել կամ ներկայացրել են թերի»,- ասում է նախագահի խորհրդականը:

Եզդիները Զովունի գյուղի բնակչության 30 տոկոսն են կազմում եւ գյուղապետ Սերժիկ Ավետիսյանին ընտրել են միաձայն: Նրանք գյուղապետից առանձնապես դժգոհ չեն, գյուղապետն էլ` եզդիական համայնքից: Նա շատ հարցերով է փորձել օգնել եզդիներին, բողոքել է կառավարություն եւ մարզպետարան, սակայն միայն խոստումներ են տրվել, իսկ իրականում ոչինչ չի արվել: Եզդիների հետ հարաբերությունները ջերմ են, սակայն հողատարածքների հարցը գյուղապետի իրավասությունից դուրս է եւ այն կարգավորում է մարզպետարանը: «Խորհրդային տարիներին եզդիական համայնքին Աբովյանի սարերում արոտավայրեր են հատկացրել: Այդ տարածքները մշտապես եզդիներն են օգտագործել: Մարդիկ տեղեկացված չեն եղել աճուրդի եւ դրա անցկացման կարգի մասին, բացատրական աշխատանքներ չեն կատարվել: Ճիշտ է, մամուլում հրապարակվել է, բայց գյուղում ով է թերթ կարդում, որ իմանա այդ մասին: Եթե հարցն իմ իրավասության շրջանակներում լիներ, նրանք անպայման տեղյակ կլինեին անցկացվող մրցույթի մասին»,- ասում է գյուղապետը:

Մարզպետը եզդիներին թույլ է տվել մինչեւ տարվա վերջ օգտագործել արոտավայրերը, իսկ հետո, բնական է, որ մրցույթը շահող կողմը արգելք կդնի:

Եզդիները մտահոգված են եւ չեն պատկերացնում իրենց հետագա անելիքը: «Մեր ձեռքից արոտավայրերը վերցնում են, ի՞նչ պիտի անենք, ո՞ւր գնանք, ինչո՞վ զբաղվենք»,- շարունակ կրկնում են նրանք:

«Եթե դիտավորյալ չի արվում, այդ դեպքում ինչու ազատ տարածքները չեն դրվում մրցույթի, այլ դրվում են այն հողերը, որտեղ մենք 40-50 տարի շարունակ ապրել ենք: Մեր ժողովուրդն էլ մտածում է, որ մեզ ուզում են տեղահան անել: Այս ամենը գալիս է վերեւից»,- ասում է Ագիթ անունով մի տղամարդ:

Հայաստանում ամենաէժան գյուղատնտեսական մթերքը վաճառում են եզդիները: «Մենք կաթը 70 դրամով վաճառում ենք մեր բարեկամ հայերին: Նրանք բերում են Երեւան եւ 200 դրամով վերավաճառում: Իսկ մեր պանրի վաճառքի գինը հավասարվել է խնձորի գնին` 500-600 դրամ: Մենք կարող ենք ապահովել ամբողջ Հայաստանին»,- ասում է Ազիզ Թամոյանը:

Վտանգավոր գոտի

Ձորի բերանին 70 հեկտար տարածքի վրա ապրում են շուրջ 70 եզդի ընտանիքներ: Խորհրդային տարիներին այս նույն տարածքում կատարվել է բարձրավոլտ էլեկտրալարանցում: Բարձր լարման էլեկտրալարերի դզզոցը սովորական ականջի համար լսելի է: Այս տարածքում ճառագայթային մասը բարձր ու անթույլատրելի է եւ հղի հիվանդությունների վտանգով: 73-ամյա Օրո Ավդալյանը պատմում է, որ տարբեր հիվանդություններից մահացել են իր կինը, եղբայրն ու հարսները: Նա 11 երեխա ունի եւ 60 թոռներ: Օրո Ավդալյանն ասում է, որ թոռները նույնպես հիվանդ են եւ իրենց միակ փրկությունը այս տարածքում որքան հնարավոր է քիչ մնալն է: Այսինքն` սար բարձրանալը, ինչից իրենց փորձում են զրկել: Վտանգավոր այս գոտում մարդիկ չեն կարողանում հեռուստացույց միացնել, բարձր հոսանքից դրանք այրվում են:

Հորդառատ անձրեւներից ու կայծակից մի քանի անգամ էլեկտրալարերը պոկվել են.«Գյուղը ելել փախչում էր»,- շարունակում է պատմել Օրո Ավդալյանը: Իշխանությունների խոստումները, թե մարդիկ այս վտանգավոր գոտուց կտեղափոխվեն, չեն կատարվել: Ի տարբերություն հայկական թաղամասերի` եզդիների տնից տուն անցնելը բավականին դժվար է: Ճանապարհները, որոնցով քայլում ես դժվար է փողոց անվանել: Դրանք ասֆալտապատ չեն եւ անանցանելի, ամբողջովին ջուր է եւ ցեխ: Ճանապարհները բարեկարգելու վերաբերյալ եզդիների բողոքները անտեսվում են: «Հիմնադրամներ կան, որոնք մեծ գումարներ են ծախսում ճանապարհաշինարարության վրա, սակայն այդ ամենը մեր կողքով է անցնում»,- բողոքում է եզդիների առաջնորդը:

Եզդիներն իրենց ներկայացուցիչները չունեն ՀՀ նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովում: Չկան եզդիական դպրոցներ ու դասարաններ, ուսուցիչներ ու եզդիերեն դասագրքեր: Եզդիերեն դասավանդող միակ ուսուցիչը վերջերս մահացել է:

Եզդիները չեն հասկանում, թե ինչու են հայ իշխանավորներն իրենց ատում: Լրագրողի այցելությունը գյուղ եւ իրենց խնդիրներին ուշադրություն դարձնելը նրանց մեջ հույսեր արթնացրին, իսկ երբ իմացան, որ հոդվածը տպագրվելու է ինտերնետային էջում ` համոզված էին, որ իրենց խնդիրներին լուծում կտրվի: «Եթե ինտերնետում կարդան` դրսից շատերը կգան օգնության: Ինտերնետը մեզ կփրկի»,- վստահ է Ազիզ Թամոյանը:

Եզդիները չեն ընդգծում եւ բարձրաձայն չեն արտահայտում ազգային խտրականության հարցը, սակայն Թոռնիկ անունով մի տղամարդ հարցնում է. «Ես ինչ մեղավո՞ր եմ, որ եզդի եմ ծնվել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter