Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց ՔԱԳՎ-ում
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում (ՔԱԳՎ) այսօր խորհրդակցություն անցկացրեց` ՔԱԳՎ պետի, Արարատի եւ Արմավիրի մարզպետների, Երեւանի փոխքաղաքապետի, ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ», «Արմավիա» ընկերությունների ղեկավարության, ինչպես նաեւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում համապատասխան գործառույթներ իրականացնող պետական կառույցների ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Քննարկվեցին օդանավակայանի հեռանկարային զարգացման ծրագրի նախագիծը, օդանավակայանում պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված եւ այլ հարցեր:
Օդանավակայանի զարգացման ծրագրի նախագծի համատեքստում քննարկումներ ծավալվեցին օդանավակայանի զարգացման հեռանկարների, օդանավակայանի տարածքում ազատ տնտեսական գոտու զարգացման, գործող տերմինալների ընդլայնման, օդանավակայան տանող երկաթուղային եւ տրանսպորտային նոր գծերի կառուցման հնարավորությունների շուրջ: Որոշվեց, որ օդանավակայանի ղեկավարությունը, Արարատի եւ Արմավիրի մարզպետարանների, Երեւանի քաղաքապետարանի, շահագրգիռ այլ մարմիների հետ կշարունակի աշխատել ծրագրի նախագծի վրա եւ լրամշակելուց հետո կներկայացնի կառավարություն:
Օդանավակայանի ղեկավարությունը նաեւ տեղեկացրեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ դեպի օդանավակայան տանող նոր երկաթուղային գծի կառուցման ուղղությամբ քննարկումների ընթացքի մասին:
Կարեւորվեց, որպեսզի օդանավակայանում ծառայություններ մատուցող համապատասխան մարմինները սպասարկման պատշաճ որակ ապահովեն` հարմարավետ պայմաններ ստեղծելով ուղեւորների համար, ինչը կարեւոր է նաեւ զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Փոխվարչապետը նաեւ դրական գնահատեց նշված մարմինների միջեւ վերջին տարիներին ձեւավորված արդյունավետ համագործակցությունը:
Անդրադարձ եղավ նաեւ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» եւ «Արմավիա» ընկերությունների միջեւ փոխհարաբերություններին եւ նրանց կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել