
Ֆիննախն ասում է, որ խախտումներ չեն եղել
Պարզաբանում «Հետք» ինտերնետային թերթին
«Հետք» ինտերնետային թերթում ս.թ. դեկտեմբերի 4-ին և 5-ին տեղ գտած հրապարակումներն այն մասին, որ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է օրենքի խախտումով, չեն համապատասխանում իրականությանը: Նախագծի վերաբերյալ ստացված բոլոր առաջարկների գրավոր պատասխանները ներկայացվել են ԱԺ պատգամավորներին, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարը ներկայացրել է ընդհանուր տեղեկատվություն՝ ստացված, ընդունված և մերժված առաջարկությունների վերաբերյալ: Նշենք, որ ընդհանուր առմամբ ստացվել է 406 առաջարկություն, որից 67-ն ընդունվել է, 207-ը կարող է օգտագործվել առաջիկա տարիների ընթացքում, իսկ 137-ն ընդունելի չի համարվել, ուստի դրանց բոլորին առանձին-առանձին անդրադառնալ և բանավոր պարզաբանումներ ներկայացնել պարզապես հնարավոր չէր:
Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե «բյուջեն ընդունվեց՝ առանց եկամուտների քննարկման», հայտնում ենք, որ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների 06.11.2012 թ. հրավիրված համատեղ նիստի ընթացքում քննարկվել է նաև 2013 թվականի պետական բյուջեի եկամուտների ձևավորման հարցը:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Մեկնաբանել