
Չսպառած գազի դիմաց՝ 5000 դրամ, իսկ որքա՞ն են խաբում ձեզ
Տերմինալի միջոցով գազի սպասարկման համար հոկտեմբեր ամսվա վճարումը կատարելիս տեսա, որ գազի սպառած էներգիայի գումարը 4620 դրամ է: Թիվն իսկապես զարմացրեց, քանի որ այդ տանը, որի գազի սպասարկման համար վճարում էի կատարում, արդեն 2 ամիս է` գոնե մեկ օր չեմ ապրել: Այդուհանդերձ վճարեցի չսպառված գազի դիմաց:
Հաջորդ օրը զանգահարեց մեր թաղամասը սպասարկող հսկիչը: Անունը Լալա էր: Կինն ասաց, որ պետք է վճարեմ սպասարկման գումարը (դրա դիմաց իսկապես նախորդ օրը չվճարեցի):
Նրան հարցրի` ինչպես է հնարավոր չսպառած գազի դիմաց վերը նշված գումարը, եթե նշված տանը գոնե մեկ օր չեմ ապրել: Նա էլ թե՝ այդքան է եղել հաշվիչի ցուցմունքը: Ավելի զավեշտալին այն էր, որ տիկինը փորձում էր ապացուցել, որ հոկտեմբեր ամսին իմ տանը միջոցառում է եղել, հենց այդ ժամանակ էլ սպառել ենք գազը:
Միջոցառում իսկապես եղել է, սակայն սեպտեմբերի 28-ին, իսկ սեպտեմբեր ամսվա վճարումը վաղուց կատարել էի (1500 դրամ):
Այս խոսակցության հաջորդ օրը գնացի եւ ստուգեցի հաշվիչի ցուցմունքը: Նայեցի, բոլոր թվերը 0 էին: «Հայռուսգազարդ»-ի կայքից գտա ինչ-որ հեռախոսահամար: Բազմաթիվ զանգերից, երկար հարցուպատասխանից, ամեն զանգի հետ իրավիճակը նկարագրելուց հետո հեռախոսազանգին պատասխանեց մի կին, ով «միացրեց» Արաբկիրի հսկիչների պետի տեղակալին (Արսեն Մկրտչյան):
Վերջինս հայտնեց, որ պետք է կրկին դիմեմ տարածքային տեսուչին՝ Լալային, որ նրա հետ կուղարկի նաեւ ողջ տարվա ընթացքում սպառած գազի վճարումների մասին տվյալները:
Հանդիպեցի տիկին Լալային:
Պարզվում է` հաշվիչները փոխել են: Տեսուչի խոսքերով՝ նախորդ հաշվիչում արձանագրված ցուցմունքի համաձայն՝ սպառել եմ մոտ 35 խմ:
-Ինչո՞ւ անձամբ ինձ չեք ասել գազի հաշվիչը փոխելիս:
-Ձեր հաշվիչը փոխելիս ներկա է եղել Ձեր հարեւանուհին…
-Հարեւանուհիս ասում է` տեղյակ չէ (մինչ այդ խոսել էի նրա հետ):
Կարճ ասած՝ բաժանորդների հաշվիչները մեր թաղամասում փոխել են հոկտեմբերի 10-ին, այսինքն՝ նշված 4620 դրամի գազը, ըստ հսկիչի եւ ըստ նրա կողմից գրված ցուցմունքի, սպառել եմ հոկտեմբերի 1-10-ն ընկած ժամանակահատվածում:
Որքանո՞վ են հավաստի հսկիչի գրած ցուցմունքի թվերը, կարո՞ղ եմ նախորդ հաշվիչը տեսնել ու ինքս ստուգել՝ արդյոք ճիշտ են դրանք, թե ոչ, չէ որ, ի վերջո, մարդկային գործոնը կա, եւ սխալվելու հավանականություն էլ կա, հսկիչի խոսքերով՝ չեմ կարող, քանի որ հաշվիչներն այսքան երկար չեն պահվում:
Բացառում եմ հաշվիչի փչացած լինելը, քանի որ մինչեւ փոխելը ոչ մի անգամ խնդիր չի եղել, գազի արտահոսքն էլ է բացառված է, քանի որ գազի միացման հիմնական կետերից անջատված է դեռ սեպտեմբերից, իսկ եթե այդուհանդերձ ընդունենք, որ գազի արտահոսք է եղել, ապա հաշվիչը փոխելուց հետո էլ պետք է դա լիներ, ինչն էլ կարձանագրվեր նաեւ հիմա:
-Ուրեմն գազը սպառել եք: Եթե ուզում եք, կարող եք բողոքել, դիմել դատարան…
Ստացվում է` ընկերությունն ինձնից չսպառած գազի դիմաց գանձել է 5000 դրամ, ու եթե հաշվի առնենք, որ վստահաբար միակ խաբված բաժանորդը չեմ, ուրեմն ընկերությունը հաշվիչները փոխելիս կարող էր ամեն բաժանորդի չսպառած գազի դիմաց ինչ-որ թվեր գրել՝ շատ լավ հասկանալով, որ գործնականում բաժանորդը հետագայում չի կարող ապացուցել, որ ինքը չի սպառել գազը:
Հաշվիչների ցուցմունքների հետ կապված դժգոհություններ ունեն նաեւ այլ բաժանորդներ, սակայն նրանցից շատերի խոսքերով՝ պարզապես շատ դեպքերում հետամուտ չեն լինում գործին մի քանի հազար դրամի համար:
Ի դեպ, բաժանորդներից շատերը դժգոհում են նաեւ սպառած գազի կալորիականությունից:
Իրականում չգիտեմ՝ հնարավո՞ր էր հաշվիչները փոխելիս փոխել նաեւ հաշվիչի ցուցմունքը, բայց որ ինձ զգացի դասական թալանի զոհ, դա փաստ է:
Հսկիչի հետ խոսելուց հետո կրկին զանգահարեցի «Հայռուսգազարդ», որտեղ դարձյալ ամենասկզբում զանգահարած համարը տվեցին: Այստեղ պատասխանեց մեկը, ով նախ ասաց՝ տարածքային հսկիչին պետք է դիմեմ, ապա կրկին խոստացավ՝ կզանգեն:
Հ.Գ. Բոլոր զանգերը կատարել եմ ոչ թե իբրեւ լրագրող, այլ որպես քաղաքացի: Թերեւս դա է պատճառը, որ արդեն մոտ 2 շաբաթ է՝ հարցը կոնկրետ լուծում չի ստանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել