HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանը մասնակցել է զորամասերի նորակառույց շինությունների բացման արարողությանը

Զինծառայողների ծառայողական և սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, սպաների և նրանց ընտանիքների  բնակավորման խնդիրները մշտապես գտնվում են  պաշտպանության նախարարության հոգածության ներքո: Ազգային բանակի զորամասերում տարեցտարի ավելանում են նորակառույց շինությունները, իսկ ՊՆ պատվերով կառուցված բազմաբնակարան շենքերում ծառայողական բնակտարածքներով են ապահովվում նորանոր սպայական  ընտանիքներ:

Սեյրան Օհանյանն այսօր մասնակցել է 5-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի նորակառույց մեծ ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը: Ծանոթանալով նորակառույց շինության պայմաններին և իր գոհունակությունը հայտնելով կատարված աշխատանքից՝ նախարարը նշել է, որ «Առաջնագծում ծառայող և մարտական հերթապահություն իրականացնող զինվորները արժանի են նման պայմաններ ունենալուն»:

Պաշտպանության նախարարը մասնակցել է նաև ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի և հակաօդային պաշտպանության հռթիռահրետանային դիվիզիոններից մեկի զորանոցի բացման արարողությանը:  Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, այլ բարձրաստիճան հյուրեր:

Կատարված որակյալ աշխատանքի արդյունքում դիվիզիոնը այսօր արդեն ապահովված է հակաօդային պաշտպանության զորամասերին հարիր բոլոր անհրաժեշտ պարագաներով: Դասասենյակներն ու զորանոցները համալրված են անհրաժեշտ  գույքով, հիմնովին նորակառույց ճաշարանը ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով, կաթսաներով և սառնարաններով:

Շնորհավորելով դիվիզիոնի զինծառայողներին` Սեյրան Օհանյանը նշել է,  որ պաշտպանության նախարարությունը այսուհետ ևս, իր ուժերի ներածին չափով, անելու է  հնարավորը երկրի պաշտպանությունն իրականացնող սպաներին ծառայողական արժանավայել պայմաններով ապահովելու համար:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նկատել է նաև, որ շինությունների բացումը խթան կհանդիսանա եկող ուսումնական տարում դիվիզիոնի առջև դրված խնդիրներն առավել բարեխիղճ, նպատակասլաց և հետևողականորեն կատարելու համար: Սեյրան Օհանյանը հորդորել է չմոռանալ նաև, որ յուրաքանչյուր զինվորի անհատական պատրաստությունից, նրա գիտելիքներից և մասնագիտական հմտություններից է կախված ամբողջ Զինված ուժերի մարտունակությունը:

ՀՀ ՊՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter