HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«A1+» հեռուստակայանին պետք է հնարավորություն ընձեռնվի նորից վերադառնալ եթեր»,- ասում է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի դեսպան Ռոյ Ռիվը

Որքա՞ն կարեւոր է Ձեր եւ Ձեր գրասենյակի համար ինֆորմացիայի մատչելիության խնդիրը եւ ինչպիսինն է իրավիճակը Հայաստանում:

Կառավարման համակարգի մասին տեղեկություն ստանալու անհատի իրավունքը ԵԱՀԿ գործունեության հիմքում ընկած հիմնարար չափանիշներից է: Այդ պատճառով, խոսքի եւ մամուլի ազատության հետ միասին, ինֆորմացիայի ազատությունը մեզ համար չափազանց կարեւոր խնդիր է: Հայաստանում մենք արդեն առաջին դրական տեղաշարժն ենք տեսնում. անցյալ տարի Հայաստանի կառավարությունը եւ Ազգային Ժողովը վավերացրին բնապահպանական տեղեկատվության վերաբերյալ Օրհուսի կոնվենցիան, որով օրենսդրությամբ քաղաքացիներին բնապահպանական տեղեկություն ստանալու իրավունք է տրվում: Սրանից բացի մեր ուշադրության կենտրոնում է նաեւ ավելի լայն իմաստով Ինֆորմացիայի ազատության մասին օրենքի գաղափարը, որով պաշտոնյաները պատասխանատու կդառնան, իսկ նրանց գործունեությունը` թափանցիկ: Այս առումով ուրախ եմ, որ Ինֆորմացիայի ազատության վերաբերյալ օրենսդրության ընդունումը Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության առաջնային խնդիրներից է: Հասարակական կազմակերպություններն արդեն մեծ աշխատանք են կատարել այս ոլորտում, օրինակ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, որն օրենքի նախագծերի վրա է աշխատում: Իհարկե, մենք արդեն քննարկումներ ենք ունեցել թե՜ Ազգային Ժողովի եւ թե՜ Կառավարության ներկայացուցիչների հետ` համապատասխան օրենքի ընդունման անհրաժեշտության շուրջ: Նրանք այդ ուղղությամբ համատեղ աշխատելու պատրաստակամություն են հայտնել: Հուսով եմ, որ մենք ի վերջո կկարողանանք շարժվել առաջ` Հայաստանում Օրհուսի վավերացման սզբնական փուլից անցնելով դեպի ինֆորմացիայի ազատության ավելի ընդգրկուն օրենսդրության:

Շուտով նախատեսվում է անցկացնել տարածաշրջանային միջոցառում` խոսքի ազատության թեմայով: Որքա՞ն կարեւոր է այն Ձեր գրասենյակի համար եւ ինչու՞ տարածաշրջանային:

Այդ միջոցառումն առնչվում է ինֆորմացիայի, մամուլի եւ խոսքի ազատության խնդիրներին: Իմ կարծիքով, երեքն էլ շաղկապված են: Հայաստանը, ինչպես նաեւ Հարավային Կովկասի մյուս երկրները` Վրաստանն ու Ադրբեջանը, արդեն վավերացրել են մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիան: Սա նշանակում է, որ այդ պետություններն այսուհետ պարտավոր են կատարել այն, հատկապես երբ խոսքը վերաբերում է անձի` առանց հետապնդվելու ազատ արտահայտվելու իրավունքին:

Այս տարվա սկզբին մենք աշխատանքային քննարկում էինք կազմակերպել` Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Կենտրոնական եւ արեւելաեվրոպական իրավական նախաձեռնություն գրասենյակի հետ համատեղ` քննարկելու Եվրոպական Դատարանում առկա խոսքի ազատությանն առնչվող մի շարք դեպքեր: Այդ ժամանակ որոշեցինք, որ լավ կլիներ, եթե նմանատիպ միջոցառում կազմակերպվի տարածաշրջանային մակարդակով: Այժմ մենք ԵԱՀԿ Բաքվի եւ Թբիլիսիի գրասենյակների, ինչպես նաեւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության ներկայացուցչությունների հետ միասին նախապատրաստում ենք այդ տարածաշրջանային սեմինարը, որին հրավիրվելու են ԶԼՄ-ների, կառավարության եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հավանաբար այն կանցկացվի նոյեմբերին, Վրաստանում: Սեմինարի քննարկման առարկան` Եվրոպայի շրջանակներում ազատ արտահայտվելու խնդիրներ են:

Պր-ն դեսպան, Դուք արդեն վաղուց եք ուսումնասիրում Զանգվածային Լրատվության Միջոցները Հայաստանում: Ինչպես եք գնահատում տեղեկատվության ազատությունը Հայաստանում:

Ցանկանում եմ նշել, որ կարեւոր փոփոխություն է տեղի ունեցել: Հայաստանը միացել է Եվրոպական Կոնվենցիային (Հռչակագրին), ինչը նշանակում է, որ նա պետք է հետեւի Եվրոպական Կոնվենցիայի դրույթներին եւ սկզբունքներին, պատասխանատու լինի Ստրասբուրգում Եվրոպական դատարանի առաջ, եթե նման անհրաժեշտություն լինի: Այսպիսով, կարծում եմ, որ ներկայումս վավերացման գործընթացը ավարտված է, եւ Հայաստանը պետք է շատ ավելի զգույշ լինի անհատների դեմ ուղղված զրպարտության հարցերը կառավարելու եւ Եվրոպական չափանիշները խախտելու հարցերում: Հուսով եմ, որ Հայաստանը կարգապահություն կցուցաբերի եւ կհաստատի դատական գործընթացի հսկողություն, հատկապես դատավորների հարցում:

Ձեր գրասենյակը ընդգրկված է հակակոռուպցիոն ծրագրում: Ի՞նչ դեր ունեն այդ ծրագրում զանգվածային լրատվության միջոցները:

ԶԼՄ-ն կարեւոր դեր ունի հակակոռուպցիոն ծրագրի իրականացման գործում, քանի որ, եթե քաղաքացիները լիովին տեղեկացված չլինեն կառավարության նոր ինստիտուտների եւ նոր օրենսդրության ընդունմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, նրանք այս հարցին լրջորեն չեն վերաբերվի: ԶԼՄ-ն, որպես հասարակությանը տեղեկացնելու միջոցներից մեկը, էական դեր է խաղում կառավարության ստանձնած պարտավորությունների հսկման հարցում: Այդպիսով, հաջողության հասնելու համար ԶԼՄ-ն կարեւոր եւ կենտրոնական դեր է ունենալու:

Քանի որ ծրագիրը բազմիցս քննադատել են զանգվածային լրատվամիջոցները, եւ արդեն որոշակի վերաբերմունք է ստեղծվել այդ ծրագրի նկատմամբ: Տեղյակ եք, թե ինչպես է կառավարությունը ընդանրապես դիտարկում լրագրողների ներգրավումը ծրագրում:

Ես ընդունում եմ, որ կառավարությունը, հնարավոր է դեմ լինի, բայց եկեք տեսնենք, թե ինչպես նա կարող է դեմ կանգնել ծրագրում ներգրավված ԶԼՄ-ներին: Ինչպես ասացի, ծրագրի առաջնային խնդիրներից է Տեղեկատվության Ազատության մասին օրենքի ընդունումը: Առաջին նախապատվություններից է նաեւ հասարակությանը, ԶԼՄ-ներին, հասարակական կազմակերպություններին ներգրավել կառավարության կողմից ծրագրի իրականացումը մոնիտորինգ անելու գործընթացի մեջ եւ նոր գաղափարներ ու առաջարկություններ անել, որպեսզի ցուցաբերած աջակցությանը ցանկալի արդյունք ունենա: Այս ամենը պետք է իրագործվի համալիր, քանի որ, եթե ամբողջ համակարգը բաց եւ թափանցիկ չլինի, ԶԼՄ-ները հնարավորություն չեն ունենա հարցին լուծում գտնել եւ տեսնել, թե ինչ է տեղի ունենում: Նման դեպքում նոր գործընթացը կարող է եւ չսկսվել: Այնուամենայնիվ, ես լավատեսորեն եմ տրամադրված:

Արդյոք «A1+»-ը կվերաբացվի, հնարավորություն կունենա եթեր դուրս գալու նորից:

Այսօր առավոտյան տեսա պր-ն Ամալյանի պաշտոնական հայտարարությունը հաճախականությունների բաշխման վերաբերյալ, եւ պետք է ասեմ, որ հիասթափված եմ: Անշուշտ, «A1+» հեռուստակայանին պետք է հնարավորություն ընձեռնվի նորից վերադառնալ եթեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter