Լիլիթն ընդամենը... իր բաժին Գորիսը չի սիրում
Կացարան 4-րդ աստիճանի վթարայնության... Մշակութային արժեք-փլվածքում
53-ամյա շինվարպետ Առուշան Առաքելյանի 5 հոգուց բաղկացած ընտանիքը շուրջ 20 տարի ապաստան է գտել Գորիսում որպես «Բաղնիքի դպրոց» հայտնի, մեկ դարը վաղուց բոլորած, հազիվ կանգուն, ցից պատերով շենքի մի... կարկատած ծերում:
Շենք, որն անցած դարասկզբին՝ Վարարակնի բարձրադիր աջ ափին, Գորիս-Կյորեսը սահմանգծող ներկայիս Մակիչի փողոցում մեծահարուստ Յոլյանների առանձնատունն է եղել, հետո եղել է մանկատուն, դպրոց, բաղնիք, հետո լքվել ու սկսել է ավերվել, հետո էլ ավերել են սկսել...
Հետո մանրամասն ու խնամքով նախագծվել է, որ մշակույթների օրրան քաղաքի մշակույթին նպաստ բերի, որ վերականգնվի ու վերանորոգվի, դերասանի տուն դառնա, բայց գծագիրը ցայսօր... սպասում է համայնքապետարանի քաղաքաշինության և բնակկոմտնտեսբաժնում... Ճարտարապետական ինքնատիպ լուծումներով երբեմնի այս շինությունը Ակ. Բակունցի չքնաղ արձակի կյորեսյան «ուլունքներից» էլ էր...
Քաղաքի տարբեր սերունդների ճարտարապետ-շինարարների վկայությամբ՝ քաղաքում մատերի վրա հաշված ամենահին ու ամենավթարային շինություններից է: Թերևս՝ ամենավթարայինը: 4-րդ աստիճանի վթարայնությամբ այն ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հուշարձանների պահպանության գործակալությունում, որպես պատմամշակութային արժեք, գրանցված-հաշվառված է:
Գրանցումով պատիվ արած է ու լքյալ է...
![]() |
![]() |
Լքյալ ու մոռացված՝ իր պատմությամբ, պահպանել-վերականգնելու կոչվածների... արգելափակված պարտավորվածությամբ, էնտեղ ապաստանած մարդկանց ու նրանց ճակատագրերի նկատմամբ, որքան հասցրի հասկանալ՝ քաղաքային իշխանության քար անտարբերությամբ...
Շենքում ապաստան գտած երեք ընտանիք կա: Ամենավտանգավոր հատվածում՝ աշխարհից ու իրենք իրենցից հոգնած փայտե փտած սյուների վրա, նրանց կացարանն է, ուր զրույցս, մեղքս ինչ թաքցնեմ, փորձում էի հնարավորիս արագ տանել համեմատաբար անվտանգ՝ ավելի քիչ թեքված, ավելի քիչ ճոճվող տարածք...
Առուշանի հարկի տակ ստիպված էինք հյուրընկալվել գիշերով, որովհետև նա աշխատում է առանց հանգստյան օրերի ու աշխատում է մինչ մութն ընկնելը...
«Իսկ այստեղ ես դպրոց գնալ չեմ կարողանում, մեր տուն էլ դասատուներ չեն գալիս»
«Է՜, ես ոչ «կախարդական փայտիկին» եմ հավատում, ոչ՝ Ձմեռ պապի բարձի տակ բան դնելուն, ոչ մի բանի էլ չեմ հավատում: Բայց որ հարցնում եք, ասեմ՝ ես մենակ մի բան եմ ուզում՝ Գորիսից գնանք, շո՜ւտ գնանք, ուրիշ տեղ ապրենք, Երևանում ապրենք, Գորիսում էլ ապրել չեմ ուզում,- մտացիր դեմքին ակնհայտորեն ցավ գծագրելով՝ ասաց լուսանկարչական ապարատից նկարներն իր համակարգիչ տեղափոխող Լիլիթը: - Հիմա ես սրանք քաշեմ իմ կոմպյուտեր, Դուք վերցրեք, որ հետո ես դրանք արագ ջնջեմ, ամբողջ կյանքումս էս եմ տեսնում, հիմա էլ ստեղից չտեսնեմ... »:
Այդպես էլ արեցինք, ու նա համակարգչի էկրանից արագ ջնջեց իրենց ու իրենց տան մասին պատմող լուսանկարները: «Մի՛ն Գորիսը, մի՛ն էլ մեր տունը՝ նո՜ւյնն են»,- մի երկար, շա՜տ երկար կյանք ապրածի դառնությամբ, ցիտելու պես ասաց Լիլիթը:
Լիլիթն ինքն էր առաջարկել իր լուսանկարչական ապարատից օգտվել՝ ասելով, որ շատ «մաքուր» է նկարում, որ անգամ հիմա՝ գիշերով ընտիր կնկարի, որ այն նոր է, որ այն իր համար իր ավագ եղբայր Շամիրն է Մոսկվայից ուղարկել, որ նա այն իր առաջին աշխատավարձով է գնել...
14-ամյա Լիլիթը մանկուց հաշմանդամ է (մանկական ցերեբրալ պարալիչ): Չասաց, բայց հայացքն ու իր չեղած տեսադաշտին հառած նրա խորունկ աչքերն ասացին, որ առանց Շամիրի այնքա՜ն տխուր է... Խորը հոգոցն էլ կնիքեց չասածը. «Շամիրը որ գա, մենք հաստատ կգնանք Գորիսից, ես շատ բաներ կտեսնեմ, անպայման զբոսայգի էլ կգնանք, ես կնայեմ ուրախ վազվզող երեխաներին, շնիկներին զբոսանքի հանած մարդկանց... Երկա՜ր կնստենք, մարդիկ կանցնեն, կգնան իրենց գործին, պլզած աչքերով ինձ չեն նայի. ե՜ս եմ ուզում նայել... Էնտեղ ես էլի ընկերուհիներ կունենամ, Երևանի իմ՝ «odnoklassniki»-ով ծանոթացած ընկերուհուս կհանդիպեմ... Գիտե՞ք, նա շատ ուժեղ է, նա անընդհատ փորձում է առանց սայլակի տեղաշարժվել ու իր ասելով՝ դա նրան հաջողվում է: Ինձ էլ է լավ խորհուրդներ տալիս: Երբ նրա հետ զրուցում եմ, ես այդ գիշերը այնպե՜ս հեշտ եմ քնում ու լավ երազներ եմ տեսնում... »:
«Մի կարգին բանով կզբաղվեմ,- քիչ լռելուց հետո շարունակեց Լիլիթը,- այստեղ ես դպրոց գնալ չեմ կարողանում, մեր տուն էլ դասատուներ չեն գալիս... Այնտեղ մեկը կգտնվի, որն ինձ հայերեն կարգին գրել-կարդալ կսովորեցնի, ես հեքիաթներ, հետաքրքիր բաներ կկարդամ,- լռությունն անսպասելի ընդհատելով, ասես ինքն իր հետ զրուցելով՝ շարունակեց Լիլիթը: - Երևանում՝ Նորքի հատուկ դպրոցում, չկարողացա մնալ. մերոնց կարոտին չկարողացա դիմանալ, թե չէ հիմա այնքա՜ն բան կկարողանայի անել... Անգլերեն կուզեի սովորել: Գորիսում պապան մի քանի անգամ դպրոցում իմ մասին ասել է, բայց... Որ մենք էլ հարուստ լինեինք, երևի կգային... Չէ՛, կգնանք, անպայման կգնանք, ի՞նչ կա էստեղ, ո՞վ է գոնե մի անգամ մեզ հիշել... »:
Լիլիթի խոնավ ակնախոռչերում արցունքները սառեցին:
Լավատեսության հյուլե՞, որտեղի՞ց...
Նորից մի լռություն՝ թաց փայտի ճտտոցներով... Կենդանի. եկավ կարգավորելու մեր զրույցի ընթացքը: Եկավ ասելու, որ, չէ՛, դու այստեղ հեչ ռոմանտիկայի բջիջ մի փնտրիր, ջանք մի թափիր լավատեսության հյուլե գտնելու ու այն հոդվածիդ «մարգարիտը» դարձնելու...
Եկավ ասելու, որ որքա՜ն սեփական է, ավա՜ղ, ամեն մարդու անհաջողությունների թնջուկը, որ այն որքա՜ն անտեսանելի է իշխանություններին, փողի պարտակման անվերջնալի հոգս ունեցող, «ձեռներեց» բառով հանդերձված հարուստներին, բարոյականության, հավասար իրավունքների շեփորահարմամբ «ոսկե» ճառեր ասողներին... Մե՛զ: Բոլորի՛ս: Որ այս պատերի հեղձուկից դուրս գալուց հետո մենք էլի արագ, շատ արագ մեր ուղեղն ու մեր սիրտը ազատագրելու ենք... ավել ծանրությունից՝ ուրիշին պատուհասածից... Ուրիշի՛ն:
«Լիլիթի արդեն 10 տարվա հենասայլակն էլ վաղուց փոքրացել ու համարյա փչացել է»
Առուշանը մութն ընկնելուց հետո միայն տուն եկավ: Եվ արդարանալու պես ասաց. «Ինչ անեմ, օրն ինչքան հնարավորություն՝լույս է տալիս, փորձում եմ օգտագործել, դրսում եմ աշխատում. «բարքաշ» էի անում: Ի՞նչ անեմ»:
«Մեր տանը Լիլիթի տեղաշարժմանը օգնելու համար միշտ տղամարդ է պետք: Դե, քանի որ քարի ցեխը մեր տանը կից է, Շամիրն էստեղ քարի գործը սովորեց, մասնագետ դարձավ, էստեղ էլ շատ թե քիչ աշխատանք ուներ, բայց... Բայց պարտքերն արդեն շատ էին նեղում, էլ ելք չկար, դրսում՝ Մոսկվայում, գործ կար, իրեն կանչող կար, ինքն էլ գնաց: Մեր ընտանիքի համար Շամիրի բացակայությունը ահավոր դժվար բան է, բայց ճար չկար: Հիմա զոռն ընկավ Արայի վրա,- մի ծանր հոգոց էլի կտրեց խոսակցությունը: - Ինքն էլ ներքին արյունատար անոթների խցանման, կերակրափողի երակների վարիկոզ լայնացման հետ կապված լուրջ խնդիրներ ունի, 5 կիլոգրամից ավելի ծանրություն նրան չի կարելի, բայց ի՞նչ անենք, ո՞վ օգնի Լիլիթին»:
![]() |
![]() |
Առուշանը վեր կացավ ու հայացքը հատակին՝ փորձեց վառարանի մոտ շարված փայտերը կարգավորել, բայց դեպ աչքերը գնացող ձեռքը մատնում էր, թե ինչու նա նույն փայտն էր հա՜ դնում-վերցնում...
«Ինչ ասեմ,- կրկին շարունակեց,- Ռիման ու Արան են, ես ամբողջ օրը դրսերում եմ: Մայրն էլ վատառողջ է, տարվա մի մասը տնից ակամա բացակայում է հոգեկան առողջության սրացման պատճառով, պարտադիր բուժումներ է ընդունում: Նա երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, Արան՝ երրորդ: Էս վերջերս էլ կեսը պարտքով, կեսն էլ իրար անելով, մի հին մեքենա գնեցինք, որ Լիլիթին գոնե մեկ-մեկ լույս աշխարհ հանենք. տարվա մեջ էնքա՜ն տաքսու փող էինք տալիս: Լիլիթի արդեն 10 տարվա հենասայլակն էլ վաղուց փոքրացել ու համարյա փչացել է»:
Նրանց ընտանեկան ամսական հաստատուն բյուջեն ընդամենը 70 հազար դրամ է՝ անապահովության սոցիալական նպաստով ու հիվանդության՝Ռիմայի, Արայի ու Լիլիթի թոշակներով, իսկ տարվա մեջ ավելի քան 150 հազար դրամի միայն փայտ են գնում: «Գազ չունենք, ասում են՝ սա մշակութային հուշարձան է. չի կարելի»,- ասում է Առուշանը:
***
Լռությունը ծանր էր: Նանեն նորից թեյ լցրեց: Նանեն երեխաների ավագ քույրն է՝ Առուշանի առաջին կնոջից ծնված: Նանեն իր մայրիկի տանն է ապրում: Նոր է ամուսնացել: Առաջին բալիկին է սպասում: Ամուսնու հետ հաճախ են այստեղ լինում: Լիլիթն ու բոլորը շատ ջերմ հայացքներով են նայում Նանեին: Նանեի մայրն էլ չկա:
Առուշանը կարդում է հայացքս ու հայացքով էլ ասում՝ նրանք բոլորն էլ իմն են... Բարի դեմքով ու շատ հյուրընկալ Ռիման Նանեին տան ամենահարմարավետ ու ամենալայն աթոռին էր անընդհատ հորդորում նստել ու նրա ափսեում խնձոր էր ավելացնում...
Իսկ Արան այդ ողջ ընթացքում փորձում էր հարթել մխացող կրակի ու թաց փայտերի անհաշտությունը, մեկ էլ անհանգիստ հայացքով ուղեկցում հատակի թեքություններն ու անհարմարությունները հաղթահարող, արդեն ծանրաքայլ Նանեին: Իսկ Գորիսը հե՜չ չսիրող Լիլիթի հայացքը հաճախ էր սիրով ու խաղաղությամբ հանգրվանում քույրիկի կլորացած փորիկին...
«Ես ի՞նչ անեմ, ո՞նց ու ինչո՞վ ջուր քաշեմ»
Ռիման էլի ջրի էր գնացել: Տանն անհրաժեշտ ջուրը 51-ամյա կինը տուն է բերում մոտ 150 մետր հեռավորության վրա գտնվող ցայտաղբյուրից: Եկավ ու սկսեց կարմրած-կապտած ձեռքերով օղակել վառարանի խողովակը: Քիչ հետո նրա ընկույզի մուրաբայով թեյը վայելելիս մի մեղավորություն ասես նեղացնում էր բուկս: Իմ՝ «հնար չկա՞ տանը ջուր ունենալու կամ գոնե այն մի քիչ մոտ բերելու հարցին» ի պատասխան՝ Առուշանն ասաց. «Ի՞նչ անեմ, ոնց ու ինչով ջուր քաշեմ»:
Զգացի, որ հարցս կանացի զգացողությանս մղումով էր ու իրավիճակի առումով մի քիչ անպատեհ գուցե: Ուղղակի իմ ուղեղի՝ մարդուս ֆիզիկական հնարավորությունների ու օրվա մեջ անհրաժեշտ նվազագույն ջրի ծավալների մոտավոր հաշվարկումը թույլ չտվեց հասկանալ, թե ինչպես կարելի է ջուր կրելով հոգալ հինգ հոգանոց ողջ ընտանիքի հոգսը: Այն էլ մեր ժամանակներում, երբ կանայք մի թաշկինակն անգամ սիրով վստահում են լվացքի մեքենային՝ դեռ չասած կեղտոտ ամանների մասին: Իսկ այդ ընթացքում Ռիման ուսերը թոթվելով լուռ լսում էր ու ինձ նայելով տխուր ժպտում: Թարգմանեցի՝ բա ո՞վ կրի...
Լիլիթը ԼՈՒՅՍ է ուզում, մարդկային ջերմություն
Իսկ ես այդ ողջ ընթացքում մի հարցի պատասխան էի փնտրում, թե ինչո՞ւ Լիլիթն այդպես չի սիրում երկնքի տակ բաց թանգարան Գորիսը, թե ինչո՞ւ է նա սպասում այստեղից որքան հնարավոր է շուտ գնալուն: Բայց այդ նույն Լիլիթն այնպե՜ս սիրով է հիշում իրենց տանը շատ մոտ գտնվող բացօթյա սրճարանը, ուր ամռանն իրեն տարել է Արան, որը ցրտերի պատճառով հիմա փակ է: Չէ՞ որ դա էլ նույն Գորիսն է, նույն քաղաքն է... Նույն հիացումով Գորիսի՝ երեխաների համար ամբողջովին նորացված, աշխույժ զբոսայգին է մտաբերում:
Դժվար չէր հասկանալ՝ Լիլիթի քաղաքը, Լիլիթի բաժին տունն իր ճոճվող ու ճկված կացարանն է, որտեղ ողջ տարին շատ մկներ ու միջատներ են լինում, որտեղ ծխածեփ պաստառներն անընդհատ ճղվում ու փոթեր են տալիս... Որտեղ շատ տխուր է, անշուք է, որտեղից երևացող բան՝ տեսադաշտ չկա, որտեղ բոլորն իրեն սիրում են, բայց հիվանդ ու տխուր են (Ռիմայի անվճար դեղերը միշտ չեն անվճար, 24-ամյա Արային Մոսկվայում վիրահատելու հույսն անիրական է), որտեղ խեղճ մայրը ջուր կրելուց ազատ ժամանակ չունի, առողջություն էլ չունի, որ նստի իր մոտ, որտեղ հայրն օրնիբուն աշխատում է, իր համար համակարգիչ է գնում ու Նանեի հարսանիքի համար չեղածից մեծ ծախսեր է անում, որտեղ ոչ ոք երբևէ չի գալիս ու չի ասում՝ ա՛յ ժողովուրդ, դուք ի՞նչ հալի եք: Բայց մի անգամ, Լիլիթի վկայությամբ, ՀՕՄ-ից... Միակ զավեշտ-«մխիթարությունն» էլ այն է, որ շենքի իրենց հատվածը, ինչպես Ռիման ասաց, դպրոցի դիրեկտորի կաբինետն է եղել...
Էլի դժվար չէր հասկանալ, որ Լիլիթը ոչ թե Գորիսը չի սիրում, այլ Գորիսը չի զգում, որովհետև իրեն ու իրենց ոչ ոք չի զգում ու տեսնում: Իսկ ինքն աշխարհը տեսնում է համացանցով, որտեղ այնքա՜ն տաք գույներ կան, որտեղ... տեղաշարժվելու խնդիրը չկա, որտեղ լատինատառ զրուցելու հնարավորություն կա, որտեղ իրեն ու իրենց մոռացած Գորիսը չկա...
Լիլիթը՝ այդ խելացի ու թախծոտ աչքերով դեռատի աղջնակը ԼՈ՜ՒՅՍ է ուզում, մարդկային ջերմություն...
Հ.Գ. Ջերմություն, որ իրենք զորու են տալ: Տնից դուրս գալիս Ռիման Արային ասաց, որ վերցնի Նանեի համար իր պատրաստած ուտելիքով լի պայուսակը... Ի՜նչ տխուր ու չքնաղ բան է էս կյանքը, ու ի՜նչ դժվար է հասկանալ, թե որտեղ է բնավորվում բարեգթությունը... Իրավ, անքննելի են գործերը Աստծո...
Լենա Հովսեփյան
Տեսանյութեր
Լուսանկարներ



Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել