HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Սարոյան

Սնանկացման հայկական տարբերակ

Օգոստոսի վերջին ՀՀ տնտեսական դատարանը, ըստ Արմավիրի մարզի տարածքային հարկային տեսչության հայցի պահանջի, անվճարունակ ճանաչեց էներգետիկայի համակարգում գործող «Հայատոմէներգամոնտաժ» ԲԲԸ-ին (մինչեւ 2001 թվականի սկիզբը` ՓԲԸ): Այս վճռի հրապարակումից հետո հատուկ լիազորագրով նշանակված կառավարիչը կուսումնասիրի ընկերության ֆինանսական վիճակը, կպարզի սնանկացման պատճառները, գույքագրում կկատարի, ակտիվները կհաշվառի, պարտատերերի ժողով կգումարի եւ, բավարար միջոցների առկայության դեպքում, ըստ օրենքով սահմանված առաջնահերթության, կաշխատի բավարարել պարտատերերի պահանջները: Մեկ անգամ եւս ընդգծենք` բավարար միջոցների առկայության դեպքում: Իսկ ընկերության պարտքերը շոշափելի գումար են կազմում` 115 մլն. դրամի հարկային, 80 մլն. դրամի կենսաթոշակային, մոտ 50 մլն. դրամի աշխատավարձային պարտքեր, գումարած պարտքային պարտավորություններն այլ կազմակերպությունների հանդեպ: Համաշխարհային բանկի կոմից տրամադրած վարկի 180 մլն. դրամը (մրցութային կարգով շահելուց հետո օբյեկտների նորոգումը իրականացնելու համար) նույնպես ժամանակին ոչ նպատակային է ծախսվել:

Այս պարտքերը, ձեռնարկության վերջին տնօրեն Աշոտ Մկրտչյանի վկայությամբ, եղել են մինչեւ իր կողմից տնօրեն նշանակվելը (1999թ. վերջ): Թե ինչու նա չի հրաժարվել այդպիսի պարտքեր շալակած ընկերության գործադիր տնօրեն նշանակվել` մեզ համար անհայտ մնաց: «Միանշանակ` եկել էի ոտքի կանգնեցնելու»,- ասաց Ա. Մկրտչյանը, թեեւ պարտքի կլորիկ թվերը ոտքի կանգնեցնելու որեւէ հույս նրան չպետք է ներշնչեին:

Նշենք, որ «Հայատոմէներգամոնտաժը» էներգետիկայի համակարգում շիննորոգման աշխատանքներ իրականացնող, Հրազդանում (2) եւ Արմավիրում (2) տեղամասեր ունեցող ՓԲԸ էր մինչեւ 2001թ. կեսերը` 80% պետական բաժնեմասով, իսկ դրանից հետո` ԲԲԸ: Ընկերությունը վերջին տարիներին վնասով է աշխատել. նախկին տնօրենը (եւ այլ անձինք) փոխվել եւ ապա դատական պատասխանատվության է ենթարկվել մի շարք չարաշահումների համար, բայց այսօր ազատության մեջ է, որովհետեւ աշխատողների վկայությամբ` «գժի թուղթ» ունի: Թե ինչպես էայդ դեպքում ձեռնարկություն ղեկավարել` «մեր իրականության մեջ ամեն ինչ հնարավոր է» սկզբունքի ֆենոմենին կարելի է դասել:

Ընկերության անվճարունակ ճանաչելու փաստի առթիվ զուգորդումները ծնվում են մեր ամենօրյա կյանքի դիտարկումներից: Դասական պատկեր է` Հայաստանի շատ ձեռնարկությունների նման հերթական սնանկ ձեռնարկությունն է, որոնց սնանկ ճանաչվելուց հաճախ ոչ թե պետությունն է շահում, (հարկային եւ այլ պարտքերի բռնագանձում), այլ մասնավոր անձինք, ովքեր դատական վարույթների իրագործման հաճախ տարիներ ձգվող ժամանակաընթացքում հնարավորություն են ունենում ձեռնարկությունների միջոցներն անպատիժ փոշիացնել: Թեեւ դեռ 1997 թվականին էր Արմավիրի ՆՎՇՏԻ դատարանը վճիռ կայացրել հօգուտ պետական բյուջեի ընկերությունից բռնագանձել 101 մլն. 56 հազ. դրամ հարկային պարտքի եւ պետական տուրքի գումարը, բայց այդ վճռի պահանջն այդպես էլ չէր իրագործվել, եւ պարտքը շարունակել էր մեծանալ: Անցած տարվա դեկտեմբերին Արմավիրի տարածքային հարկային տեսչությունը դիմել էր տնտեսական դատարան` անվճարունակ ճանաչելու արդյունքում իր գումարները ստանալու ակնկալիքով: Վերջին վճռից հետո շատ ժամանակ չի պահանջվի համոզվելու համար` ո՞ր սցենարն է կիրառվելու «Հայատոմէներգոմոնտաժի» դեպքում, արդյոք անվճարունակ ձեռնարկությունը աճուրդներին գին գցել-չգնելուց հետո` գործընթացի ստվերային ռեժիսորների կողմից այն «ջրի գնով» գնելու՞, թե՞ ավելի բարի նպատակների իրագործման սցենարները:

Այս ձեռնարկության հանդեպ մեր հետաքրքրությունը պայմանավորված է «Հայատոմէներգամոնտաժ» ձեռնարկության նախկին փոխտնօրեն Վեներա Անտոնյանի` Հետաքննող լրագրողների ընկերակցությանն ուղղված նամակով: ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին ուղղված բողոք-նամակներում ձեռնարկության փոխտնօրեն Անտոնյանը մատնանաշում է, որ 2000 թվականից ընկերությունում շինարարական աշխատանք չի կատարվել, օրինական հաշվապահություն չի վարվել, 90-ականների կեսերին հաշվառված 154 մլն դրամի հիմնական միջոցները թալանվել են` արհեստական պայմաններ ստեղծելով ընկերությունը սնանկ ճանաչելու համար, որ ոչ ոք պատասխան չտա: Ըստ Վ. Անտոնյանի` Էներգետիկայի նախարարությունը չէր կարող անտեղյակ լինել ընկերության վիճակից, մանավանդ որ փոխնախարար Ի. Իսայանը ընկերության բաժնետերերի խորհրդի նախագահն է: Բազմաթիվ խախտումներ նշող դիմում-բողոքներում հայտնվում է նաեւ այն մասին, որ Վ. Անտոնյանը չի կարողանում ստանալ 1999-2000 թվականների համար իրեն հասանելիք աշխատավարձը. 969 հազար դրամի մի մասը Արմավիրի դատական ակտերի հարկադիր կատարման կառույցը, դատարանի վճռից հետո, կարողացել է գանձել եւ վճարել գույքի վաճառքի արդյունքում, 563 հազար դրամ այդպես էլ չի վճարվել, իսկ դատական վարույթի իրականացման վերջին ութ ամիսներին վճարման գործընթացը կասեցվել է:

55-ամյա Վ. Անտոնյանը, որ 24 տարի աշխատել է «Հայատոմէներգամոնտաժ» ընկերությունում տարբեր պաշտոններով ապրում է մենակ եւ այսօր ապրելու ուրիշ միջոց չունի` սպասում է 2-3 տարվա իր աշխատավարձին: Սնանկացման վճռից հետո, այլ պարտատերերի նման նա եւս պետք է դիմի այս անգամ տնտեսական դատարան (մինչ այդ անցնելով Արմավիրի մարզի դատարանի, դատախազության, դատական ակտերի կատարման, ՀՀ արդարադատության նախարարության քավարանով), որպեսզի նրա պարտքը եւս հաշվառվի եւ հետո վճռվի դրա ճակատագիրը: Իսկ այդ վիճակի իրական մեղավոր նա համարում է հարազատ ընկերության ղեկավարությանը, որը 2000 թվականին մյուս 280 աշխատակիցների նման իրեն եւս իր հաշվին արձակուրդ ուղարկելով` ազատվել է իրենից միայն այն պատճառով, որ հանգիստ եւ ձեռքերն ազատ գործի: Բոլոր ատյաններին եւ մեզ ուղղված նրա դիմում-բողոքներն, այսպիսով, երկու մասանոց են. ա) ձեռնարկությունում տիրող վիճակը, բ) իրեն հասանելիք աշխատավարձի պարտքը: Չի կարելի ասել, որ նրա դիմում-բողոքներն անպատասխան են մնացել: Նախագահի, ԱԺ նախագահի եւ վարչապետի ապարատից դրանք ուղարկվել են Էներգետիկայի նախարարություն` ստուգելու բերված փաստերը եւ պատասխանելու: Բայց...

Այստեղ հարկ է կրկին կանգ առնել վաղուց արդեն անարդյունավետ համարվող այն գործելակերպի վրա, որը կիրառվում է Հայաստանում քաղաքացիների բողոքների ստուգման ընթացքում: Եթե որեւէ մեկը բողոքում է իր հանդեպ կատարված անարդարությունից եւ դիմում է վերադաս օղակներ, ապա վերջիններս այդ դիմումները վերահասցեագրում են այն նախարարություն կամ կառավարման օղակ, ումից բողոքում է դիմումատուն:

Այս պատմությունը դրա տիպիկ օրինակն է. մարդը բողոքում է իր ղեկավարությունից, ի վերջո` էներգետիկայի նախարարությունից, իսկ նրա դիմում-բողոքներն ուղարկվել են հենց այդ նախարարություն: ՀԵնց այդ նախարարության մասնագետներով եւ «Հայատոմէներգամոնտաժ» ձեռնարկության տնօրենով, գլխավոր հաշվապահով համալրված աշխատանքային խումբն է ստուգել եւ բացարձակապես չհիմնավորված համարել ձեռնարկության նոր նշանակված տնօրենից ԲԲԸ-ի գործունեությանն ավելի քաջածանոթ երկարամյա փոխտնօրենի մեղադրանքները: Մենք չենք կարող կանխակալ լինել եւ ի սկզաբանե չհավատալ այդ ստուգումների արդյունքներին, բայց չենք կարող չարձանագրել նաեւ հարցի սկզբունքորեն սխալ դրվածքը. մի՞թե էներգանախարարությունը պետք է ասի, թե ժամանակին լավ չի վերահսկել ընկերության գործունեությունը եւ վիճակի համար իր մեղքի բաժինը եւս կարող է լինել, թե՞ ընդհակառակը, սխալ կհամարի Վ. Անտոնյանի մատնանաշած փաստերը:

Էներգանախարարությունը Վ. Անտոնյանի դիմումերի առիթով պատասխանել է 3 անգամ. 2001թ. մայիսի 29-ին` միաժամանակ պատասխանելով նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյանին: Իսկ 2002թ. հուլիսի 8-ին ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի վարիչ Ա. Ասատրյանին (պատճենը` Վ. Անտոնյանին) ուղղված պատասխանում հղում է արվում հենց այս, ինչպես նաեւ դրանից 2 ամիս հետո` 27.07.01 թվագրված պատասխաններին: Մինչդեռ հուլիսի 27-ի պատասխանը նույնպես մատնանշում է ամենաառաջին պատասխանը: Այսպիսով, վերջին պատասխանում նշված «էներգանախարարությունը բազմիցս անդրադարձել է» արտահայտության տակ թաքնված է մեն-մի պատասխան` մայիսի 29-ինը: Իսկ այդ պատասխանը հինվում է մեր ձեռքի տակ գտնվող 17.04.01 թվագրված ստուգման ակտերի վրա, որը ստորագրել են էներգանախարարության երեք բարձրաստիճան մասնագետ, ԵԷՑ ՓԲԸ-ի ինժեները, «Հայատոմէներգամոնտաժ» ԲԲԸ գործադիր տնօրենը, գլխավոր հաշվապահը, հաշվապահը. իրենք իրենց ստուգել են, էլի:

Իսկ Վ. Անտոնյանը շարունակել է բողոքել հենց այս առաջին պատասխանից եւ ստուգումից հետո` ստուգման արդյունքներին կետ առ կետ հակադրելով իր մեղադրանքները, մինչդեռ հետագա բողոքներին դեմ են արել հենց այդ ստուգման հիման վրա կազմված պատասխանը:

Ներկայացնենք ստուգման արդյունքները եւ դրանց ընդդիմախոս Վ. Անտոնյանի տեսակետները` հետեւություններ անելը թողնելով ընթերցողին:

Ըստ ակտի Վ. Անտոնյանի բողոքի այն կետը, որը վերաբերում է նախկին տնօրեն Ռ. Ռեիզյանի կողմից եկամտաբեր եւ մշտական աշխատանք ունեցող տեղամասերը դրանց ղեկավարներին վաճառելուն (Վ. Անտոնյանը գրում է, որ ձեռնարկության տեղամասերի միջոցների հիման վրա են ստեղծվել «Հատուկէներգամոնտաժ» ՍՊԸ-ն, «Հատուկհիդրոէներգամոնտաժ» ՓԲԸ-ն)` ստուգմամբ չի հիմնավորվել, քանի որ ընկերության հաշվապահությունում բացակայում են այդ մեղադրանքն ապացուցող փաստաթղթեր. այսինքն, եթե անօրինական վաճառել է, դեռ պետք է այդ անօրինականությունը ապացուցող փաստաթղթեր թողներ: Վ. Անտոնյանը շարունակում է պնդել, որ տեղամասերը վաճառվել են, այդ փաստը անզեն աչքով էլ տեսանելի է, դրանք ՓԲԸ (անցած տարեկեսից` ԲԲԸ-ի) կառուցվածքում արդեն չկան, մինչդեռ տեղամասերի պետերը, նոր ձեւավորված ՍՊԸ-ՓԲԸ-ի ղեկավարներ որպես, նախկին տեղամասերի միջոցներով, աշխատողներով նույն գործը շարունակել են անել եւ իրենց համար շահույթ ստանալ:

Ըստ Վ. Անտոնյանի` 2000թ. հուլիս-օգոստոս ամիսներին ընկերության նոր տնօրեն Աշոտ Մկրտչյանի հանձնարարությամբ ինքը «Հրազդան-5» ԾԻԳ-ի հաշվապահությունում ստուգել է, թե որքան լիազորագիր է ստացել «Հատուկէներգամոնտաժի» տնօրենը «Հայատոմէներգամոնտաժ» ընկերության հաշվին: Տեղամասերի պետերի կողմից ստացված նյութական արժեքների 13 լիազորագիր փակված չի եղել, դրանց գումարը կազմել է 18 մլն դրամ: Ավելի պարզ ասած` «Հատուկէներգամոնտաժ» ՍՊԸ-ի տնօրենը ընկերությունից ստացել է 18 մլն. դրամի նյութեր եւ դրանց դիմաց պարտք մնացել: Ըստ Վ. Անտոնյանի` այս պարտքի հիմքերը իր ստուգած ԾԻԳ-ում պահպանված կլինեն` եթե ընկերությունում չկան: Մինչդեռ ըստ ստուգման ակտի` 22 լիազորագրից 5-ը փակված է, 8-ը չեղյալ է համարվել, 9-ը բաց է, որոնց հետագա օգտագործման փաստերը ընկերության հաշվապահությունում բացակայում են: Օգտագործված 5 լիազորագրի միջոցով ստացված է 1 մլն. 200 հազարից մի փոքր ավել դրամի ապրանքանյութական արժեքներ. ինչպես տեսնում եք` ընդդեմ կարծիքները մանեւրում են 18 մլն եւ 1 մլն. 200 հազ դրամի տարբերության միջեւ:

Ըստ ակտի` նոր տնօրենի ժամանակ (1999թ. նոյեմբերի 24-ից հետո) գույքագրման արդյունքում 18,8 մլն. դրամի նյութական արժեքների պակասորդ, նախկին տնօրենի կողմից կանխավճարների ոչ նպատակային օգտագործում է արձանագրվել` ընկերության ընդհանուր վնասը հասցնելով 573 մլն-ից ավելի դրամի: Ահա եւ նոր տնօրենն էլ, որ վնասով չաշխատեն, կանխավճարներն էլ նպատակային ծախսվեն` վերցրել, ստանձնած աշխատանքները հանձնել է բոլորովին ուրիշ ընկերությունների` «Գետնառյուծ» ՍՊԸ-ին, «Բաղրամյանշին» ՓԲԸ-ին, ձեռք բերված նյութերն էլ 20-25%-ով էժան են եղել: Դրան Վ. Անտոնյանը հակադրում է այն տեսակետը, որ եթե վնասով էին աշխատում, ոչ թե աշխատանքն ուրիշ ընկերությունների պետք էր հանձնել (ծանոթների ընկերությունների` շահի ակնկալիքով), այլ պարզապես պետք է գար այնպիսի տնօրեն, ով կարող էր օգուտով աշխատեցնել հիմնարկը. այս տնօրենի օրոք, Վ. Անտոնյանի խոսքով, 15 մլն. դրամի վնաս է եղել, հիմնարկն էլ քարուքանդ է արվել-փակվել: Մինչդեռ ակտով Վ. Անտոնյանի բողոքի այն մասը, ուր ասվում է, որ ընկերության տնօրենը եւ նրա տեղակալը իրենց սեփական ՍՊԸ-ներին են մրցույթ «շահեցնում» եւ ի օգուտ իրենց աշխատեցնում` հանձնաժողովի իրավասություններից դուրս է դիտվում ստուգելը: Ստուգմամբ 43,4 մլն. աշխատավարձային պարտքից ընդամենը 3,4 մլն-ն է նոր տնօրենի օրոք մնացած համարվել: Սակայն Վ. Անտոնյանը հավատացած է, որ ստուգումից առաջ 18 մլն. դրամ արագ-արագ հետին ամսաթվով են աշխատավարձ վճարել, որ պարտքը քիչ կազմի: Ակտում չկան մի շարք մեղադրանքների պատասխաններ, որոնք մատնանշված են ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին ուղղված նամակներում: Օրինակ, Երեւանի ՋԷԿ-ում կատարած աշխատանքների դիմաց 30 մլն. դրամի լամպ է մուտք եղել ընկերության պահեստ, դրանք հետագայում ուղարկվել են Սիբիր եւ այլուր, բայց ոչ մի լումա օգուտ ընկերությանը դրանից չի եղել: Պահեստում այժմ, ըստ Վ. Անտոնյանի, 5 մլն-ի լամպ էլ չկա: Նկատի առնելով, որ բողոքագրի եւ ԷՆ պատասխանի տեսակետներում անորոշ պահեր կան` մենք ձգտում էինք ավելի մանրամասն պարզաբանումներ ստանալ պատասխանը ստորագրած ԷՆ փոխնախարար Լ. Շահվերդյանից, «Հայատոմէներգամոնտաժ» ԲԲԸ-ի բաժնետերերի խորհրդի նախագահ, ԷՆ փոխնախարար, «Հայէներգո» ձեռնարկության տնօրեն Ի. Իսայանից: Ապարդյուն: Նրանք լավագույնս պաշտպանված են բոլոր ոչ ստանդարտ հարցադրումներից. լրատվական ծառայության բարեհամբույր պատասխանատուի միջոցով մեզ մատնացույց արվեց մեկ պարզաբանող` ընկերության տնօրեն Աշոտ Մկրտչյանը: Այդպիսով բաց մնաց հիմնական հարցը` արդեն 5-6 տարի ձեռնարկությունում տիրող ճգնաժամային վիճակի վերահսկման պատասխանատվության մասին:

Մեզ հասանելի ԲԲԸ-ի տնօրեն Աշոտ Մկրտչյանը, չնայած իր պնդմամբ ազատման երեք դիմում է գրել տնօրինությունը ստանձնելուց արդեն 6 ամիս հետո եւ իրեն կարող է տնօրեն չհամարել, բայց անցած տարի որպես տնօրեն ստորագրել է ստուգման ակտը: Մեզ հետ ունեցած զրույցում նա նշեց, որ ինքը օգուտով է աշխատել, նախկինից մնացած աշխատավարձի պարտքից 13 մլն-ը փակել է (թվախաղի հետ մենք գործ չունենք` բերում ենք յուրաքանչյուրի ասած թիվը), Արագածի, Մուսալեռի, Գետաշենի կիսատ նորոգած ջրանցքներն ինքը մեծ օգուտով է ավարտել: Բայց քանի որ հարկային եւ այլ նախկին պարտքերը մեծ էին, արդյունքն այս է: Ըստ նրա` ընկերության համար լավագույն տարբերակը լուծարումը կլիներ. «Չարչարվեցինք, բայց հաշվապահը մի 2 օր հիվանդացավ, բալանսն ուշացրեցինք, դրա համար գործը մտավ տնտեսական դատարան: Սովետական ոճով աշխատող հիմնարկ էր, վերակառուցել չէր լինի: Գնացած հիմնարկ էր»,- ձեռնարկության մասին որպես մահացածի արտահայտվեց տնօրենը:

Մեր կողմից ավելացնենք, որ ձեռնարկությունների ֆինանսատնտեսական իրական վիճակի գնահատումը շատ դժվար գործ է: Հարցը ոչ թե պարտքեր եւ անվճարունակություն վկայող փաստաթղթերի առկայությունն է, որ Հայաստանում միշտ էլ կարող են սարքել, այլ այդ թղթերի հետեւում գոյություն ունեցող ռեալ իրավիճակը, որը միշտ էլ կարող է մնալ բազմաթիվ մասնավոր շահերի ետեւում եւ տեսանելի չլինել: Հյաստանում չկա մի անկախ կառույց, որը բոլոր տեսակի շահերից դուրս գնահատի ձեռնարկությունների ֆինանսական վիճակը եւ մասնավորեցումից, եւ սնանկացումից, եւ առողջացման ծրագիր ներկայացնելուց առաջ:

Ուստի Վ. Անտոնյանն այլ ճանապարհ չունի, քան դատի տալ ընկերության ղեկավարությանը եւ դատարանում ապացուցել իր իրավացիությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter