
Գետահովիտցիները դեմ են հէկի կառուցմանը. «Գյուղը հավատաց իր ուժերին» (վիդեո)
Գետահովիտցիները երեկ կայացած հանրային լսումների ժամանակ մեկ մարդու պես ոչ են ասել իրենց գյուղում նոր հէկ կառուցելուն:
«Գյուղացիները նույնիսկ քվեարկելու կարիք չունեցան. ծափահարություններով և մեծ խանդավառությամբ իմ համագյուղացիները տեր կանգնեցին իրենց որոշմանը: Ամենամեծ հաղթանակն այն էր, որ գյուղը հավատաց իր ուժերին: Ես երկար ժամանակ բացակայում էի երկրից, և երբ համագյուղացիներիս հարցրի` առաջ է՞լ էիք այսպես միասնական ուժերով պայքարում ձեր իրավունքների համար, ասացին` չէ, նման բան առաջին անգամ է կատարվում»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց Գետահովիտ գյուղի բնակիչ Ղազար Ենգիբարյանը:
Բնապահպան-ակտիվիստ Լևոն Գալստյանը նշեց, որ հանրային լսումներն անցկացվել են չնայած այն բանին, որ Գետահովիտի տարածքում այս նոր հէկի` «Խաչաղբյուր-2-ի» շինարարական աշխատանքներն ընթանում են բազմաթիվ ապօիրնություններով, որոնց հետևանքով ոչ միայն շրջակա բնությունն է ոչնչացվում, այլ նաև մեծ կորուստներ է ունենում գյուղացին:
«Դեռ նոր հէկը չեն կառուցել, բայց գյուղացին արդեն ջրի խնդիր ունի, գետը ցամաքելու հետևանքով սողանքային գոտի է առաջանում, Գետահովիտ գյուղի ձախափնյա մասի այգիներն ընդհանրապես կարող են առանց ջրի մնալ և չորանալ: Գյուղից մի փոքր վերև տուրիստական բազա է գտնվում. եթե շարունակվի ոչնչացվել բնությունը, այս տարածքը նույնիսկ զբոսաշրջիկներին չի գայթակղի: Գյուղացիների շրջանում խոսակցություններ կան, որ երբ նոր հէկը կառուցեն ու սկսեն շահագործել, նրանց դրամական փոխհատուցում կտան. իսկ եթե չտա՞ն, կամ եթե տալու են, ինչո՞ւ հիմիկվնից չեն տալիս: Ինքս լինելով բիզնեսմեն, խիստ կասկածում եմ, որ որևէ գործարար իր եկամուտը հենց այնպես կկիսի ուրիշի հետ: Նույնիսկ եթե ինչ-որ գումար տան, մայր բնությանը հասցված վնասները չեն կարող փոխհատուցել»,-հավելեց գետահովիտցին:
«Եթե բնապահպանության նախարարությունը շարունակի իր ապօրինությունները Գետահովիտի հարցում, այդ գյուղում կիրականացնենք «Թռչկան-2» օպերացիան»,- հայտարարեց բնապահպան Մարիամ Սուխուդյանը:
«Գյուղացիները համոզվեցին, որ եթե գյուղ կանգնի, գերան կկոտրի, և նրանց ձայնը լռեցնելն այլևս դժվար կլինի. նրանց աչքի դիմաց կենդանի օրինակ կա` գետը ցամաքեցնող «Խաչաղբյուր-1»-ը, որն իր չափսերով մի քանի անգամ փոքր է նույն գետի վրա կառուցվող այս նոր հէկ-ից»,- եզրափակեց գետահովիտցի Ղազար Ենգիբարյանը:
Մեկնաբանել