HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Ինչպե՞ս եք ապրում կոռուպցիայի այս գարշահոտի մեջ. անողոք փաստեր

Արթուր Հովհաննիսյան

2012 թ. հունվարի 28-ին «Հայացքը» տողերիս հեղինակի ստորագրությամբ հրապարակեց «Երբ ՀՀ ոստիկանությունն անտեսել է նույնիսկ հանցագործության մասին հաղորդումները» վերտառությամբ հոդվածը: ՀՀ ոստիկանության «Ուղիղ կապ»-ի հյուրը ս.թ. հունվարի 26-ին ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանն էր: Հնարավորություն էր ընձեռվել նրան հարցեր ուղղելու` ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունների, այդ թվում` իրավախախտումների, ինչպես և հակահասարակական արարքի մասին հաղորդում կամ հայտարարություն չընդունելու վերաբերյալ:

Անշուշտ, չէինք կարող բաց թողնել վերոնշյալ հնարավորությունը, քանզի ոստիկանությունը տարիներ շարունակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175, 180, 181, 182-րդ հոդվածների պահանջների կոպիտ խախտմամբ անտեսել է ոչ միայն սոսկ իրավախախտումների, հակահասարակական արարքների, այլև նույնիսկ հանցագործությունների մասին բազմաթիվ հաղորդումներ` տարիներ շարունակ հրապարակված հանրապետական նշանակության և հանրապետությունից էլ դուրս տարածում ունեցող զանգվածային լրատվության տարբեր միջոցների կողմից: ԶԼՄ-ներում հանցագործության մասին ուղղակի և անուղղակի հաղորդումների բազմաթիվ օրինակներից սկզբի համար բերել էինք ընդամենը 20-ը, ընդ որում` միայն տողերիս հեղինակին պատկանողները (ԶԼՄ-ներով այդպիսի բազմաթիվ հաղորդումներ են եղել նաև իմ գործընկերների կողմից): Ավելորդ չենք համարում մեջբերել վերոնշյալ հրապարակման մեջ ՀՀ ոստիկանությանը հիշեցման կարգով մատնանշված այդ 20 հաղորդումներից ընդամենը մի քանիսը.

«Սևանա լիճը մահացման փուլում է. հաղորդում հանցագործության մասին» («Հայաստանի զրուցակից» շաբաթաթերթ, 27.11.2009, էջ 2,5), «Նախարարությունը պետք է պատասխան տա» («Հայացք» շաբաթաթերթ, 24.10. 2010, էջ 6), «Հանցավոր անգործություն ու բնապահպանական աղետ. արգելված սիգը վաճառվում է ամեն օր, իսկ նախարարությունը ուղտի ականջում քնած է» («Հայացք» շաբաթաթերթ, 14.01.2011, էջ 7), «Բացահայտ հանցագործություն է կատարվում» («Հայոց Աշխարհ» օրաթերթ, 20.05.2006, էջ 1), «Հանցագործությունների մասին հաղորդումներն անտեսվում են» («Հայոց Աշխարհ» օրաթերթ, 11.02.2010), «Սիգի պաշարների ոչնչացումից հետո արգելքն արդեն նման է շոուի. հաղորդում հանցագործության մասին» («Հայոց Աշխարհ» օրաթերթ, 10.12.2010, էջ 1), «Սա հաղորդում է հանցագործության մասին» («Հայացք» շաբաթաթերթ, 29.10.2010, էջ 11), «Հենց ոստիկանությունն է նրանց լկտիացրել» («Հայացք» օրաթերթ, 07.06.2011, էջ 2), «Ոստիկանությունում անտեսել են հանցագործության մասին հաղորդումը» («Հայացք» օրաթերթ, 28.07.2011, էջ 5):

Այն ժամանակ պարոն Հակոբյանի հետ մեր զրույցի սկզբում նախ փորձեցինք մի սկզբունքային հարց ճշտել. իր հետ ուղիղ կապի հնարավորության ընձեռումը տպավորություն ստեղծելո՞ւ համար է, թե՞ իրական գործ անելու: Մեր զրուցակիցը հավաստեց, որ ոստիկանությունը ոչինչ չի անում արտաքին տպավորություն ստեղծելու համար: Շատ լավ, այդ դեպքում ցանկանալով հասկանալ, հիշյալ հոդվածում հրապարակայնորեն հարցրել էինք` ի՞նչն է պատճառը, որ հանցագործության մասին վերոնշյալ և այլ հաղորդումները տարիներ շարունակ հետևողականորեն անտեսվել են, դրանց պատասխանը եղել է քար լռությունը, հանցագործության մասին հրապարակայնորեն 20 և ավելի հաղորդում տվողիս, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների կոպիտ խախտմամբ, չի ուղարկվել նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին գոնե մեկ որոշման պատճենը: Հարգելի ընթերցող, ինչպես արդեն կռահեցիք, այդ հարցն առ այսօր մնում է անպատասխան:

Քանի որ վերոնշյալ հաղորդումների, հոդվածների հետքերով գնալու դեպքում հարցաքննության պետք է կանչվեին ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, շատ հնարավոր է, որ բացատրություններ պահանջվեին նաև ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանից և ներկայիս նախարար Արամ Հարությունյանից, մեզ իրավունք էինք վերապահել եզրակացնելու, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների խախտման գնով հանցագործության մասին հաղորդումներին ընթացք չտալը պայմանավորված է Հայաստանն ախտահարած համակարգային կոռուպցիայով, այդ թվում նաև` քաղաքական կոռուպցիայով: Հիմա արդեն միանշանակ է, որ մեր վերոնշյալ եզրակացության հարցում չենք սխալվել:

Հունվարյան մեր այդ հեռախոսազրույցի ընթացքում պարոն Հակոբյանն առաջարկեց վերոնշյալ հոդվածները հրապարակած ԶԼՄ-ների անունները, հրապարակումների ամսաթվերը, հոդվածների վերնագրերը և մյուս տեղեկությունները փոխանցել իրեն` խոստանալով զբաղվել դրանցով ու պատասխանել: Այս կապակցությամբ գրեցինք. «Մնացյալը ցույց կտա ժամանակը, պարզապես հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունում «Ուղիղ կապ»-ը գործում է նաև հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման նպատակով: Հրաշալի առիթ է ապացուցելու, թե ոստիկանությունն իսկապես շահագրգռվա՞ծ է այդ կապի ամրապնդմամբ: 

«Երբ ՀՀ ոստիկանությունն անտեսել է նույնիսկ հանցագործության մասին հաղորդումները» վերնագրով մեր հոդվածից մեկ շաբաթ չանցած, ստացանք ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի կողմից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ. Ավետիսյանին ուղղված թիվ 22/138 պաշտոնական գրության պատճենը որպես ի գիտություն: Պարոն Հակոբյանն այն գրել էր հոդվածից 2 օր հետո` հունվարի 30-ին` մեր հրապարակմանը բացառիկ օպերատիվությամբ արձագանքելով: Սկիզբն իսկապես խոստումնալից էր, հույսեր արթնացան: Ստորև մեջբերում ենք հիշյալ նամակի բովանդակությունն ամբողջությամբ.

«2012թ. հունվարի 26-ին կայացած «ՈՒղիղ կապ»-ի ընթացքում հեռախոսազանգ է ստացվել «Հայացք» շաբաթաթերթի լրագրող Արթուր Հովհաննիսյանից, ով հայտնել է, որ տարբեր ժամանակներում մի շարք լրատվամիջոցներում իր և իր գործընկերների կողմից հաղորդումներ են հրապարակվել մի շարք «հանցագործությունների» վերաբերյալ, սակայն ոստիկանությունը դրանց չի արձագանքել:

Լրագրող Ա. Հովհաննիսյանը նույնաբովանդակ ևս մեկ հրապարակմամբ հանդես է եկել նաև «Հայացք» շաբաթաթերթի 2012թ. հունվարի 28-ի համարում:

ՀՀ ոստիկանության պետի բանավոր հանձնարարությամբ Ձեր քննարկմանն եմ ուղարկում նշված հոդվածը` նյութեր նախապատրաստելու և դրանց ընթացքը լուծելու համար:

Խնդրում եմ արդյունքների մասին հայտնել ՆԱ վարչությանը` ՀՀ ոստիկանության պետին զեկուցելու և լրագրողին տեղեկացնելու համար»:

Շատ լավ է, որ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետը մեր «Երբ ՀՀ ոստիկանությունն անտեսել է նույնիսկ հանցագործության մասին հաղորդումները» հոդվածն իր գործընկերների անգործության մասով, ըստ էության, նույնպես համարել է հաղորդում հանցագործության մասին և ուղարկել ԿՀԴՊ գլխավոր վարչության պետին, հակառակ պարագայում պետք է ծառայողական քննություն նշանակվեր-սկսվեր, ինչը չի արվել: Այնուհանդերձ, ընդգծենք, որ նյութեր նախապատրաստելու և դրանց ընթացքը լուծելու ժամկետը ՀՀ ոստիկանության կողմից հերթական անգամ կոպտորեն խախտվել է: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջի համաձայն` «Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն եւ լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում: Այդ ժամկետը շատ վաղուց է անցել, հիմա արդեն 2012 թ. դեկտեմբերն է, տարին արդեն նույնիսկ ավարտվում է:

Հերթական անգամ խախտվել է նաև ՀՀ քր. դատ. օր.-ի 181-րդ հոդվածի պահանջը` «Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետեւյալ որոշումներից մեկը`

1) քրեական գործ հարուցելու մասին.

2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին.

3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին»:

Եթե քրեական գործ հարուցելու մասին որոշում, այնուամենայնիվ, ընդունել են, ապա նույն օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջի խախտմամբ, նշված որոշման պատճենը հանցագործության մասին հաղորդում տվողիս չեն ուղարկել, եթե քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում են ընդունել, ապա 185-րդ հոդվածի պահանջի խախտմամբ տվյալ որոշման պատճենը հանցագործության մասին հաղորդում տվողիս չեն ուղարկել, ինչն, ի դեպ, պարտավոր էին կատարել անհապաղ:

Ավելին. ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի կողմից անտեսվել է Ա. Հակոբյանի խնդրանքը` արդյունքների մասին իր ղեկավարած ՆԱ վարչությանը հայտնելու վերաբերյալ, իսկ վերջինիս պետն ընդամենը 10-15 օր անց մոռացել է ԶԼՄ-ում հանցագործության, հավելենք` նաև կոռուպցիայի մասին հաղորդման առնչությամբ ծառայակցին ուղղած իր պաշտոնական գրության մասին, ուշացումից հետո նրանից չի պահանջել արդյունքների մասին տեղեկատվություն կամ հաշվետվություն: Մոռացել է նաև, որ պարտավոր էր զեկուցելու ՀՀ ոստիկանության պետին, ու պետք է նաև տեղեկացներ հաղորդումը տված լրագրողին: Հարգարժան Վլադիմիր Գասպարյանն էլ իր հերթին է մոռացել, որ ինքը ՆԱ վարչության պետին բանավոր հանձնարարություն է տվել, ու վերջինս պետք է իրեն զեկուցեր: Բնականաբար հարց է առաջանում` երբ երեք բարձրաստիճան իրավապահներ միաժամանակ մոռանում են, «մոռանալ» բառն արդյոք չպե՞տք է չակերտներում գրել:

Հանցագործության մասին հիշյալ հաղորդումներին ՀՀ քր. դատ. օր.-ի և «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի պահանջների կոպիտ խախտմամբ ընթացք չտալը, տողերիս հեղինակի համոզմամբ, քաղաքական կոռուպցիայի հետևանք է (հաղորդումներին պատշաճ վերաբերմունքի դեպքում քննության ուշադրության կենտրոնում պետք է հայտնվեին ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ՀՀ բնապահպանության նախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Հարությունյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ): Եթե ՀՀ ոստիկանությունն այլ բացատրություն ունի, պարտավոր է ներկայացնել: Ակնկալում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը կկատարի քննության օրինականությունը վերահսկելու իր սահմանադրական և օրենսդրական գործառույթն ու պարտականությունը: Ի դեպ, սույն հոդվածն ուղարկում ենք նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինին` որպես ի գիտություն:

Եվ վերջում` մի խորհուրդ. թող որևէ մեկը չկասկածի տողերիս հեղինակի հետևողականությանը ու սին հույսեր փայփայի, թե գրեց, կանցնի կգնա, չտեսնելու տանք: Հոդվածների շարքն այս հրապարակմամբ չի ավարտվելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter