HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երաժշտությունն է լռության ամենաբնական միջամտությունը

Գուրջիեւին քչերը գիտեն Հայաստանում, սակայն ողջ աշխարհում նա հայտնի է որպես 20-րդ դարի մեծագույն մտածողներից մեկը:

Գուրջիեւը ծնվել է Ալեքսանդրապոլում 1870-ական թթ., կոնկրետ տարեթիվը հայտնի չէ, թեեւ նշվում են նաեւ 1866 եւ 1869 թվականները: Գուրջիեւի հայրն աշուղ է եղել, մանկության տարիներին շատ է լսել աշուղական երաժշտություն, դարձել աշուղական մրցույթների հանդիսատես: Նրա հետաքրքրությունների շրջանակը շատ բազմազան է եղել. ուսումնասիրել է բժշկություն, կրոններ, տարբեր ժողովուրդների էպոսներ, երաժշտություն… Երիտասարդ տարիներին իր համախոհների հետ, ովքեր իրենց կոչում էին «Ճշմարտություն որոնողներ», սկսեց ճամփորդել՝ այցելելով Հնդկաստան, Պարսկաստան, Արաբական երկրներ, Տիբեթ եւ այլ վայրեր՝ հասկանալու մարդու գոյության իմաստը:

Այս ընթացքում Գուրջիեւը հանդիպումներ է ունեցել բազմաթիվ հոգեւորականների, ականավոր մարդկանց հետ, մասնակցել ֆոլկլորային, հոգեւորական տարատեսակ ծեսերի: Այնուհետեւ մեկնել է Մոսկվա, հետո՝ Արեւմուտք՝ վերջնականապես հաստատվելով Ֆրանսիայում:

Հենց այստեղ էլ հիմնել է «Մարդու հարմոնիկ զարգացման դպրոց»-ը, որի հիմքում ընկած է մարդու արթնացման սկզբունքը. մարդն ապրում է «քնած», նա ողջ կյանքում ռեֆլեքսների գերին է դառնում: Դրանք այնքան են գերակշռում մարդու կյանքում, որ զսպում են նրա ազատ միտքը, շեղում կենտրոնացումը:

Գուրջիեւը բարդագույն շարժումների միջոցով կենտրոնացնում է միտքը:

«Մարդու հարմոնիկ զարգացման դպրոց» հիմնվեց նաեւ ԱՄՆ-ում, որից հետո այն տարածում գտավ ամբողջ աշխարհում:

Գալով երաժշտությանը` պետք է նշել, որ Գուրջիեւն ունեցել է բացառիկ երաժշտական տաղանդ: Ապրելով աշուղական ընտանիքում` արեւելյան երաշտության գիտելիքները լիովին յուրացրել է, տարիներ տեւած ճանապարհորդությունների ընթացքում դրանք մտապահել է, լրացրել, իսկ տարիներ անց, երբ ստեղծել է իր դպրոցը, նրա աշակերտներից Թոմաս դե Հարթմանը՝ ժամանակի հայտնի կոմպոզիտորներից մեկը, գրի է առել երաժշտությունները, որոնք նա թելադրել է: Այնուհետեւ դե Հարթմանը դրանք «դարձրել» է դաշնամուրային ստեղծագործություններ: Այդպես ստեղծվեցին մոտ 300 դաշնամուրային ստեղծագործություններ:

Տարիներ շարունակ Գուրջիեւի երաժշտությունը կատարել են տարբեր արվեստագետներ, սակայն կոնկրետ Հայաստանում առաջին անգամ Գուրջիեւի երաժշտության՝ արեւելյան գործիքների կատարմամբ ձայնագրություններն արվել են բոլորովին վերջերս:

Գուրջիեւի անվան ժողովրդական նվագարանների համույթի ձայնասկավառակը վերջերս արժանացել է աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխություններից մեկի` «Edison Award» -ի մրցանակին՝ «Լավագույն ժողովրդական ալբոմ» անվանակարգում:

Գուրջիեւի եւ առհասարակ երաժշտարվեստի շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը երաժիշտ, «Գուրջիեւ» անսամբլի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Լեւոն Էսկենյանի հետ:

Լեւոն, կպատմես քո` որպես արվեստագետի «հարաբերությունների», ծանոթության մասին Գուրջիեւի հետ:

Առաջին անգամ Գուրջիեւի երաժշտությունը լսել եմ 2005 թվականին Անյա Լեխների դաշնամուրային կատարմամբ:

Հիշում եմ` ես ու կինս, ով նույնպես երաժիշտ է, լսում էինք ու միանգամից զգացինք, որ այն շատ հարազատ է մեզ. շատ նման էր մինչ այդ լսածներին, բայց նաեւ ուրիշ էր, նոր մեզ համար: Իմ երեւակայության մեջ արեւելյան գործիքներով Գուրջիեւի երաժշտությունն ավելի լավ կհնչեր: 

Երբ արեւելյան երաժշտությունը վերածում ես դաշնամուրայինի, շատ ելեւէջներ անհետանում են:

Այդպես սկսեցինք ուսումնասիրել: Ուսումնասիրեցի հայկական, ասորական, արաբական ու քրդական երաժտությունները, եւ որպեսզի ճիշտ գործիքավորեմ դրանցով Գուրջիեւի երաժշտությունը, սկսեցի արեւելյան գործիքներն ուսումնասիրել` սանթուր, թառ, ուդ, քանոն, քամանչա, դուդուկ… Սա պետք էր նաեւ, որպեսզի ճիշտ համադրեի այս գործիքների երաժշտությունները

Իսկ ե՞րբ ու ինչպե՞ս հիմնեցիր «Գուրջիեւ» անսամբլը:

2008թ. հիմնեցի «Գուրջիեւ» անսամբլը: Այն կոչվում է Գուրջիեւ, քանի որ ստեղծվել է Գուրջիեւի ստեղծագործությունները կատարելու համար:

Հավաքեցի երաժիշտների, ովքեր տիրապետում էին ժողովրդական նվագարաններին: Առաջին շրջանում Նարեկացի արվեստի միության աջակցությունն է եղել փորձերի առումով, առաջին համերգներն էլ այնտեղ ենք ունեցել: 2008թ. Կամերային երաժշտության տանը համերգ ունեցանք` ներկայացնելով Գուրջիեւի երաժշտությունը ժողնվագարանների կատարմամբ: Մաեստրո Տիգրան Մանսուրյանն այնտեղ էր: Վերջինս հավանեց ու ծանոթացրեց Մանֆրեդ Այխերի հետ, ով գերմանական «ECM Records» հրատարակչության տնօրենն է:

Վերջինս իր հերթին, հավանելով երաժշտությունը, 2011թ. հրապարակեց մեր ձայնասկավառակը` «Գուրջիեւի երաժշտությունը» («Music of Georges I.Gurdjieff» The Gurdjieff Folk Instruments Ensemble-Levon Eskenian), եւ այն միանգամից միջազգային ճանաչում ունեցավ: Ի դեպ, այս ձայնասկավառակն այժմ կարելի է գտնել նաեւ բոլոր այն երկրներում, որտեղ վաճառվում են «ECM Records»-ի հրատարակությունները:

... Միջազգային տարբեր փառատոններից սկսեցին հրավիրել. ՌԴ-ում, Շվեյցարիայում, Բելգիայում, Լեհաստանում, Հոլանդիայում, Գերմանիայում, Իտալիայում... Ձայնագրության մեջ 14 երաժիշտ են նվագում, իսկ համերգներին 10 երաժիշտով ենք մեկնում` պայմանավորված համերգային ծախսերով:

Փաստորեն, հենց այս ձայնասկավառակն արժանացավ էդիսոնի անվան մրցանակին, ինչը, ըստ էության, մեծ հաղթանակ է նաեւ հայերիս համար:

Գիտես, ինձ համար մեծ անակնկալ էր իմանալ, որ ներկայացվել ենք Էդիսոնի անվան մրցանակաբաշխությանը, ավելի մեծ եղավ ուրախությունս, երբ իմացանք, որ մեր ձայնասկավառակը հաղթող է ճանաչվել: Դա աշխարհի 4 ամենամեծ մրցանակաբաշխություններից է: Ուրախությունս շատ ավելի մեծ է, երբ հասկանում եմ, որ այսպիսով հայ արվեստագետի այս մեկնաբանությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաեւ Գուրջիեւի ակունքների նկատմամբ միջազգային մակարդակով:

Լեւոն, սփյուռքահայի շեշտադրում ունես, որտեղի՞ց ես ծնունդով:

Ծնվել եմ Լիբանանում: 1996թ. եկել եմ Հայաստան` երաժշտական կրթություն ստանալու: Նախ ավարտեցի երաժշտական ուսումնարանը, հետո ընդունվեցի կոնսերվատորիայի դաշնամուրային բաժին: 2007 թվականին ավարտեցի նաեւ կոնսերվատորիայի ասպիրանտուրան: Այդպես հաստատվեցի Հայաստանում:

Լիբանանում ինչպիսի՞ն են պայմանները ստեղծագործող մարդու համար:

Յուրաքանչյուր երկրում էլ դժվար է, Լիբանանում ստեղծագործելու միջավայրն այն չէ, այստեղ ամեն ինչ ավելի ազատ է, ինքնազարգացման ավելի մեծ հեռանկարներ կան, բայց Հայաստանում ապրելով` անպայման պետք է փորձես կապ հաստատել դրսի հետ, որպեսզի կարողանաս քո կարիերան ստեղծել: Միայն Հայաստանում չես կարող: Լիբանանում ավելի հեշտ է նյութական իմաստով:

Իսկ միայն տաղանդն արդյոք բավակա՞ն է քո ասած դրսի կապերը հաստատելու եւ կարիերա անելու համար:

Տես, այստեղ պետք է խոսեմ օբյեկտիվ արվեստի մասին: Սկզբում օբյեկտիվ արվեստ հասկացողությունն ինձ համար թվում էր ցնդաբանության նման մի բան. ո՞նց կարող է օբյեկտիվ լինել արվեստը, եթե այն սուբյեկտն է ստեղծում: Բայց գոյություն ունի օբյեկտիվ մեկնաբանություն` ինչքանով ես կարողանում օբյեկտիվ նայել:

Պետք է ուսումնասիրել, պետք է ստեղծածդ լինի օբյեկտիվ հիմքերի վրա կառուցված: Որքան մոտենում ես դրան, այնքան դյուրին է լինում հաջողության հասնելը: Միայն տաղանդի վրա չես կարող հույս դնել. (տաղանդը) ամենի մի մասն է միայն:

Իսկ ի՞նչ է երաժշտությունը:

Ես սիրում եմ լռությունը: Ինձ համար երաժշտությունն ամենաբնական միջամտությունն է լռությանը: Երբ անբնական է այդ միջամտությունը, աղմուկ է լինում:

Իսկ ինչքանո՞վ կարող ես բացատրել երաժշտությունը…

Երեւի կա ներքին երաժշտություն, ու ինձ թվում է՝ այն չունի ռացիոնալ բացատրություն…

Շատ հաճախ կարող ես լսել այնպիսի բաներ, որ երաժշտություն չէ, բնության մեջ չկա նման բան, ի՞նչ է մտածել էդ գրողը, չես կարող հասկանալ…

Ինձ համար հարմոնիկ, մաքուր բնական երգեր են Նարեկացու տաղերը, հայկական հորովելները, Կոմիտասի գրառած հայկական ժողովրդական երգերը, գութանի երգերը…

Դրանք ստեղծված են հատուկ նպատակներով: Ի՞նչ է երաժշտությունը: Գյուղացիները պահանջ են ունեցել հողը սիրելու, բնությունը սիրելու, դրանք բնության մեջ գոյոթյուն ունեցող երաժշտություն են, դրա համար էլ նշված երաժշտություններն արտակարգ մաքուր են: Նրանց ձայնը, կատարումը բնության ձայնն է, բնության միջից հողի ձայնն է դա` բնական, մաքուր:

Մարդն ուղղակի միջոց է դառնում բնության երգը, ձայնը դուրս բերելու համար: Այդ պատճառով էլ այս երաժշտություններն ու այս արվեստագետները միայն մեկ ազգի չեն պատկանում, դրանք տիեզերական են, ինչպես տիեզերքի բնակիչ էր ինքը` Գուրջիեւը…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter