HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրվում է Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպելու մեջ

Ս. Զատիկյանի սպանության դեպքի առթիվ 2006թ. հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է Ս. Հակոբյանի կողմից Ս. Զատիկյանի սպանությունը կազմակերպելու մասով քննությունը: Նրա վերաբերյալ գործն անջատվել է առանձին վարույթ, քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ ուղարկել դատարան։ 

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ս. Հակոբյանը, Ս. Զատիկյանի հետ նախկինում ունեցած վիճաբանության պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, նախնական համաձայնության գալով Ն. Խաչատրյանի հետ, Ա. Առուշանյանին նյութապես շահագրգռելով պատվիրել է սպանել Ս. Զատիկյանին:

Ա. Առուշանյանը 2006թ. հունիսի 22-ին` ժամը 14:45-ի սահմաններում, Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում, «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով  կրակել է Սեդրակ Զատիկյանի վարած ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով մեքենայի ղեկի մոտ նստած Ս. Զատիկյանը եւ պատահական անցորդ Կարինե Սարգսյանը տեղում մահացել են:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Ս. Հակոբյանը ապօրինի կերպով ձեռք է բերել եւ պահել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են նրա տան խուզարկությամբ:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Ս. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իարավասության առաջին ատյանի դատարան:

Նշենք, որ Ա. Առուշանյանի, Ա. Հովհաննիսյանի եւ Լ. Ղեւոնդյանի մասով գործը դատարան է ուղարկվել տարիներ առաջ եւ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դեռեւս 2007 թվականի դատավճռով Ա. Առուշանյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Հովհաննիսյանը եւ Լ. Ղեւոնդյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով:

Ս. Հակոբյանի եւ Ն. Խաչատրյանի նկատմամբ 2007 թվականին հայտարարվել էր հետախուզում։ Ս. Հակոբյանը հայտնաբերվել է 2011 թվականի դեկտեմբերի 14-ին, իսկ Ն.Խաչատրյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter