
Դատավորը վճիռը չհրապարակեց. Ծառուկյանի դեմ գերմանացի ներդրողի գործի քննությունը վերսկսվում է
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր պետք է հրապարակեր գերմանացի ներդրող, «ԻստԻնվեստոր» ընկերության տնօրեն Ստեֆան Լաքսհուբերի՝ ընդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի գործով դատական ակտը:
Սակայն նիստը նախագահող դատավոր Արայիկ Մելքումյանը վճիռը չհրապարակեց: Նիստի քարտուղարը վճռի հրապարակման ժամին հայտարարեց, որ դատարանը որոշել է վերսկսել գործի քննությունը, և շուտով նիստ կնշանակվի, որի մասին կողմերը լրացուցիչ կծանուցվեն:
Հիշեցնենք, որ բաժնետերերի 2008թ. հոկտեմբերի 12-ի ընդհանուր արտահերթ ժողովը որոշել էր համախմբել (կոնսոլիդացնել) Երևանի «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը' դրանցից ամեն 2363.5 հատը փոխարինելով մեկ նոր բաժնետոմսով, որի անվանական արժեքը 18 908 000 ՀՀ դրամ է: Իսկ ընկերության մեկ ամբողջական բաժնետոմսի շուկայական արժեքը, որով հետ էր գնվել բաժնետերերից, սահմանվել էր 28 000 դրամ: Մինչդեռ «ԻնտԻնվեստորը» մեկ բաժնետոմսը ձեռք էր բերել 105 հազար ՀՀ դրամով: Գերմանացի ներդրող Ստեֆան Լաքսհուբերը որոշել է դատական կարգով վերականգնել իր սեփականության իրավունքը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել