
«Հայկական ժամանակ». վտանգված է Հայաստանի անկախությունը
Դեկտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված արձանագրության շուրջ իրավիճակն ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել: «Եվրասիական ինտեգրացիան 21-րդ դարում» անվանմամբ ֆորումի շրջանակներում ՌԴ-ում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ ստորագրված փաստաթուղթը, որին միացել է նաև ՀՀԿ-ն, առաջին քայլն է Խորհրդային Միության վերականգնման ճանապարհին: Դրան հաջորդելու է 2013-ի հունվարին հուշագրի ստորագրումը, որով, փաստորեն, կսկսվի ՀՀ-ի անդամակցությունը այդ նեո ԽՍՀՄ-ին:
«Իշխող կուսակցությունները պատասխանատվություն են կրում Եվրասիական միության ստեղծման ուղղությամբ ինտեգրացիոն գործընթացների համար»,-փաստաթուղթը մեկնաբանելով ասել է «Եդինայա Ռոսիա»-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Ժելեզնյակը:
Հատկապես ուշագրավ է, որ ՀՀԿ վերնախավում փաստաթղթի շուրջ չկա միասնական կարծիք: Նախորդ օրը թերթի թղթակիցը փորձել է ստանալ վարչապետ Տիգրան Սարգսյանի մեկնաբանությունը: Պարզվել է' նա տեղյակ չէ փաստաթղթից: Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ ասել է, թե ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրվել. «Էնտեղ պարզապես հանդիպումը արձանագրվել է մեր կողմից, որովհետև խնդիր է եղել նաև, մեր ազգային խնդիրների հետ կապված միջամտություն է եղել, այդ պատճառով հետաձգել են' հետագայում նորից քննարկելու համար...»:
Սա վկայում է, որ նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը ինչ-որ գործընթաց է սկսել Վլադիմիր Պուտինի հետ, որի ավարտը կարող է ճակատագրական դառնալ Հայաստանի համար:
Մեկնաբանել