HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վարկային ծրագի՞ր, թե՞ «հաճելի» խաբկանք (վիդեո)

«Ես բանկի առաջարկած միլիոն ու կես դրամը չվերցրեցի, նախ որովհետեւ իմ ծրագիրը մանրակրկիտ հաշվարկված եւ կազմված էր հենց 3 մլն դրամի համար: Եթե ես վերցնեի 1,5 մլն-ը, ոչ մի բան չէի կարողանալու անել, անտեղի փոշիանալու էր գնար, անտեղի տոկոսներ էի տալու, իրանք էլ իրանց մոտ ֆիքսելու էին, թե տեսեք, տեսեք՝ մարդիկ վարկ են վերցրել էժան տոկոսներով»,- ընդամենը մի քանի օր առաջ վարկ վերցնելու ձախողված փորձի մասին է պատմում կարմրաքարցի 23-ամյա Իշխան Վահրադյանը:

Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի 15 տուն եւ ընդամենը 62 բնակիչ ունեցող Կարմրաքար փոքրիկ համայնքը Կառավարության որոշումով ընդգրկված է մարզից ընտրված 15 աղքատ գյուղերի ցանկում, որտեղ Կառավարության ծրագրով հատկացվելիք վարկերի ոչ թե 4, այլ 6 տոկոսային կետին համարժեք մասը պիտի սուբսիդավորվեր: Կարմրաքարցի վարկառուն 14 տոկոս տոկոսադրույքով տրամադրվող վարկի միայն 8 տոկոսն էր մարելու, մնացած 6 տոկոսը սուբսիդավորելու էր պետությունը: Կարմրաքարցիները խոստովանում են, որ այս ծրագիրը գոնե իրենց համար հաճելի խաբկանք էր: Կառավարությունը հնարավորություն տվեց երազելու` զերծ պահելով շոշափելի արդյունքներից:

Իշխան Վահրադյանի նպատակը գյուղում «չեչիլ» կոչվող պանրի փոքր արտադրության ստեղծումն էր: «Պիտի պարտադիր ծրագրով հանդես գայինք: Վարկային գիծ բանկը չի բացում,- ասում է Իշխանը,- դրա հետ մեկտեղ էլ պիտի անպայման գրավ ունենաս: Գրավի առարկա են ջրովի վարելահողը, գյուղտեխնիկան, ընդ որում՝ նորը, տուն կամ բնակարան քաղաքում: Ու ես քանի որ ունեմ 2,8 հա ջրովի վարելահող, որոշեցի դիմել: Իմ ունեցած հողի շուկայական գինը բարձր է ու, ինձ թվում էր, որ լրիվ կբավականացներ 3 մլն դրամ վարկը ստանալու համար»:

Որպես ներդրում Վահրադյանները առաջարկել էին իրենց պատկանող կիսակառույց շինությունը, որտեղ պիտի կազմակերպվեր պանրի արտադրությունը: Շինության վրա իրականացվելիք 621 հազար դրամի շինարարական աշխատանքներն իրականացնելու էր վարկառուն: Վարկային գումարից 365 հազար դրամը սարքավորումների գնման համար էր նախատեսված, մնացած գումարն ամբողջովին հումքի ձեռք բերման վրա պիտի ծախսվեր: 

«Արդշինինվեստ» բանկին Իշխանը ներկայացրել էր բավական մանրակրկիտ մշակված մի ծրագիր, որտեղ գնագոյացում, իրացում, մրցակցություն, սպառող, մատակարարում, ներդրման ուղղությունները, ռիսկերը, կանխարգելումը, դրամական հոսքերը եւ այլն, ամեն ինչ մանրամասնորեն հաշվարկված էր: «Ծրագիրը ներկայացրել եմ վարկային կազմակերպությանն, ինձ ասում են էսպիսի միլիոն հատ ծրագիր կա, չենք ուզում, էդ դեպքում ո՞նց է ապահովվելու մրցունակությունը մեր երկրում»,- տարակուսում է կարմրաքարցի երիտասարդը:

Իշխանը վստահ էր, որ գոնե «չեչիլ» պանրի արտադրության ծրագիր միլիոն հատ տվյալ վարկային կազմակերպությունում դժվար կլիներ հայտանբերել, եւ իր առաջարկը համարում էր վարկավորման ենթակա: Նախ դրա իրականացման շնորհիվ գյուղում ստեղծվելու էր աշխատատեղ: Գյուղացիները կաթը մթերելու հետ կապված խնդիրներ չէին ունենալու: «Աշտարակ-կաթ» ընկերությունը հարեւան Հացիկ գյուղից կաթը տանում է լիտրը 150 դրամով, իսկ վատ ճանապարհները պատճառաբանելով` կարմրաքարցիներից կաթն ընդունում 130 դրամով:

Եվս մեկ նկատառում. տնայնագործական եղանակով ստացվող այս պանրատեսակի գինը շուկայում տատանվում է 3500-ից 4000 դրամի սահմաններում: Շիրակի մարզում իր համային առանձնահատկությամբ աչքի ընկնող սննդատեսակի արտադրության կազմակերպումը, Իշխանի հավաստմամբ, բավականին կազդեր շուկայում գոյություն ունեցող գնային քաղաքականության վրա: «Եթե կազմակերպենք արտադրությունը, հազիվ 1000 դրամի հասնի «չեչիլ» պանրի ինքնարժեքը»,- ասում է Իշխան Վահրադյանը:

«Չեչիլ» պանրի պատրաստումը բավական աշխատատար է: Հիմնականում ձեռքի աշխատանքն է գերիշխում: Դա է պատճառը, որ այն արտադրվում է քիչ քանակությամբ, անհատների կողմից եւ շուկա հանվում բավական բարձր գներով: Բացի դրանից՝ ասում են, որ պանրի միայն այս տեսակի պատրաստման ժամանակ կաթն այնքան է եռացվում, մինչեւ 65 աստիճան, որ նրա մեջ ոչնչանում են անգամ բրուցելոզի հարուցիչները:

«Արդշինինվեստ» բանկը, բնականաբար, մինչեւ ծրագրին հավանություն տալը պիտի նախ գնահատեր գրավի առարկան: Գնահատման համար մասնագետը բանկի հրավերով Կարմրաքար էր հասել Երեւանից, որ գնահատի Վահրադյանների ունեցվածքը, այս դեպքում՝ գրավի առարկան: Իշխանը բացատրում է, որ Կառավարության ծրագրի հետ կապված առանձնացվել է մի գնահատող կազմակերպություն, եւ միայն այդ կազմակերպության աշխատակիցներն են այդ գործն իրականացնում:

Գնահատող մասնագետի ճանապարհածախսը՝ 3000 դրամ եւ եւս 5000 դրամ հավելավճար, վճարել են Վահրադյանները, թեպետ իրենք չէին եղել հրավիրող կողմը: Իշխանը բացատրում է, որ օրենքով մեկ հողակտոր գնահատելն արժե 15 հազար դրամ: Եթե իր ծրագիրը շահեր, ապա կանխիկ վճարած 5000 դրամը կհանվեր գնահատման գումարից: Մասնագետի տված եզրակացությունից հետո զանգահարել են «Արդշինինվեստ» բանկից եւ տեղեկացրել, որ Վահրադյանների առաջարկած գրավը չի բավարարում 3 մլն դրամ վարկի տրամադրման պահանջներին:

«Այսինքն՝ իմ հողակտորների ընդհանուր արժեքը եղել էր 4 մլն դրամից մի քիչ ավել: Գնահատած արժեքից վարկային կազմակերպությունը հանում է լիկվիդային արժեքը, այսինքն՝ շուկայական արժեք` բազմապատկած 0,45-ով, որը Կենտրոնական բանկի որոշումն է, ու քո գումարը սրա արդյունքում պակասում է: Ստանում են լիկվիդային արժեք, որի 70 տոկոսն է բանկը ձեւակերպում որպես վարկ»,- պատմում է Իշխանը:

1 մլն 495 հազար դրամ է կազմել բազմապատկում-հանում մաթեմատիկական հաշվարկներից հետո Վահրադյաններին առաջարկվող գումարը, որից երիտասարդը հրաժարվել է: Իշխանին բանկի հետ այս կարճատեւ շփումը հանգեցրել է մեկ եզրակացության` բավական շատ են արհեստական խոչընդոտները, ավելորդ գումարների գանձումը, Կառավարության ծրագրի ու բանկային քաղաքականության անհամապատասխանությունը: 

Իշխանն այս նույն ծրագիրը ներկայացրել է Հայ-ամերիկյան համալսարանի «Գյուղական համայնքների զարգացման ծրագրին»: Մոտակա մի շաբաթվա ընթացքում իրեն հրավիրելու են բանկ, որ թեստ-քննություն անցնի, տեսնեն՝ արդյոք ինքը վարկունակ է, թե չէ, հասկանում է՝ ինչի է գնում, բիզնեսից գաղափար ունի, թե չէ:  2011 թ.-ի փետրվար-մարտ ամիսներին Իշխանը մասնակցել էր «Գյուղական համայնքների զարգացման ծրագիր» մեկամսյա անվճար դասընթացներին:

«Գրածս ծրագիրը էդ ուսուցման արդյունքն էր»,- ասում է Իշխան Վահրադյանը: Այն, որ զրկվել է Կառավարության առաջարկած ցածր տոկոսադրույքով վարկ վերցնելու հնարավորությունից, այնքան էլ չի տխրեցրել երիտասարդին: «Գյուղական համայնքների զարգացման» ծրագրով ինքը կստանա վարկ՝ ամսական 0,5 տոկոս, տարեկան 0,6 տոկոս տոկոսադրույքով իր ուզած 3 մլն դրամը՝ 27 ամիս մարման, որից 2 ամիսը արտոնյալ ժամկետով:

«Հետո մի բան էլ էր ինձ զարմացրել,- տպավորություններն է փոխանցում սկսնակ վարկառուն,- «Արդշինինվեստ» բանկի հայտը որ լրացնում էի, էնտեղ հարցեր էին գրված, ասենք` տարեկան եկամուտներդ ինչքան են կազմում, ամսական եկամուտներդ ինչքան են, ընտանեկան ծախսերդ ինչքան են, տարեկան ինչ գումար ես ծախսում, իսկ համալսարանի ծրագրի հայտը լրացնելիս բոլոր հարցերը վերաբերում են քո բիզնեսին: Իրանց հետաքրքրում է, թե դու արդյոք գիտես ինչի ես գնում, դու հասկանում ես, թե ինչ ես ստանալու քո այդ բիզնեսից, ինչ օգուտ ես տալու գյուղացիներին, վերջինը պարտադիր պայման է: Համայնքին պետք է ինչ որ բանով օգուտ տաս անպայման: Իսկ «Արդշինինվեստ» բանկում, ես, օրինակ, մեր ընտանիքի տարեկան ծախսը գրել էի միլիոն ու կես դրամ, ինձ ասին, շատ է, էդքան չպիտի ծախսես: Գրել էի, թե ամսական ընտանիքս 100 հազար դրամ է ծախսում, ասին՝ հայ-հայ-հայ. էդ ի՞նչ եք անում, որ էդքան ծախսում եք: Իսկ որքանո՞վ են ճիշտ նմանատիպ հարցադրումները: Գուցե բանկին ամեն դեպքում հետաքրքրեր, թե ես ինչպես էի պատրաստվում իմ առաջարկած ծրագիրը իրականացնել»:

Ո՞ւմ են բաժին հասել աղքատ համայնքների համար նախատեսված վարկերը: Գագիկ Վահրադյանը Իշխանի հայրն է եւ Կարմրաքարի երկարատեւ ղեկավարը: Ասում է, որ սկզբից շատ վատ է զգացել, երբ Կարմրաքարը հայտնաբերել է ամենաաղքատ գյուղերի ցուցակում: Հետո մտածել է՝ գուցե դա ինչ-որ կերպ օգնի իր համագյուղացիներին. ամեն դեպքում պետության կողմից 6 տոկոսի սուբսիդավորումը քիչ օգնություն չէ: Համայնքի շահագրգիռ անդամներով մասնակցել են նաեւ Շիրակի մարզպետարանի կազմակերպած բանկեր-համայնքների ներկայացուցիչներ հանդիպմանը, որի ժամանակ ներկայացվել են ծրագիրն ու վարկավորման պայմանները:

«Առ էսօր, պաշտոնապես հայտարարում եմ, ոչ ոք մեր համայնքից չի օգտվել այդ 8 տոկոսով տրվող վարկային ծրագրից,- ասում է Գագիկ Վահրադյանը,- իմ տղային ոչ թե մերժել են, այլ ինքն է հրաժարվել այն գումարից, որ առաջարկում էր բանկը, որովհետեւ առաջարկել են ուղիղ կեսը հարկավորից: Սկզբում հայտարարում էին, թե Կառավարության կողմից սուբսիդավորվող ծրագրի առավելությունն այն է, որ գրավի փոխարեն կարող են հանդես գալ երկու երաշխավոր, բայց օրն եկավ, բարին՝ հետը, պարզվեց, որ համ գրավն է պետք, համ երաշխավորը»:

Կարմրաքարցիներից վարկային ծրագրին մասնակցելու հայտ ներկայացրել են նաեւ Արթուր Մաթեւոսյանը, Սուրեն Սարգսյանը, Մանվել Մաթեւոսյանը: Միայն Արթուր Մաթեւոսյանը, լինելով «Գյուղփոխբանկ»-ի անդամ, վարկ, այնուամենայնիվ, ստացել է՝ միայն թե 8 տոկոսի փոխարեն 10 տոկոս տոկոսադրույքով: «Ամենազավեշտալին այն է, որ եթե համարվում ես աղքատ, ապա, բնականաբար, չպիտի ունենաս նյութական մեծ ռեսուրսներ գրավի համար, իսկ էսօր մեր բանկերի պահանջները ահռելի գրավներին է վերաբերում:

Այսինքն՝ գրավի ապահովվածությունն է կարեւորվում վարկը տրամադրելիս, ոչ թե քո ծրագիրը, բայց նույնիսկ էս դեպքում եթե դու 100 տոկոսով ապահովագրում ես քո վարկը գրավով, մեկ է՝ բանկը տալիս է էդ գրավի 30 տոկոսի չափով վարկ: Գրավի գնահատման պրոցեսն ամենադաժաններից է,- Գագիկ Վահրադյանը ծիծաղում է,- մարդ պիտի լավ հումորի զգացում ունենա, որ խելքը չթռցնի տարբեր տեսակի մուծումներից՝ նախնական ու ոչ նախնական: Իսկ դա մեր գլխով արդեն անցել է»:

Կարմրաքարցիների մի մասն էլ, տեսնելով համագյուղացիների ձախողումը, այլեւս չի փորձել մասնակցության հայտ ներկայացնել: Գագիկ Վահրադյանն ասում է, որ այս դեպքում ամենամեծ խոչընդոտը հենց գրավի պահանջն է: Բանկը գյուղացու անասնագոմն ու անասունը որպես գրավ չի ընդունում: «Դե, եթե սուպերմարկետ ու բենզակալոնկա ունենայի, կհամարվեի քաղքցի, բայց ես գյուղ կապրիմ, էն էլ՝ Կառավարության կողմից աղքատ ճանաչված»,- զրույցը եզրափակում է Կարմրաքարի համայնքապետը:

Մեկնաբանություններ (1)

Varaz Syuni in Amsterdam
Yes HAMOZVATS em, yev 100%-ov GTNUM em, vor Hayastani ECONOMICA-n ERKARAZHAMKET zargatsnelu en ayspisi POKR biznesnery (NERKEVITS-VEREV)..............VOCH TE pspxun,kaskatseli, (kisa)mafios, METS restorannern u benza-kalonkanery, kam ZORBA u TUNAVOR hankardyunaberutiuny, AYL Իշխանի գյուղում «չեչիլ» կոչվող պանրի փոքր արտադրության ստեղծումն u nmannery. HOYAKAP e................BAYTS PASTY na e, vor GISHATICH MASNAVOR bankery SAXMUM ISK ARDEN spanum en ayspisi HOYAKAP naxadzernutiunnery, isk PETUTIUNY CHI zspum u SANDZAHARUM ayspisi GISHATICH BANKERIN-tokosayin AGAH chankerov...................Inchkan haskatsa xosky mot 5000-6000 euro-i masin e. Sa CHNCHIN GUMAR e petutian hamar, vory karox e MI AMBOXCH GYUX bavakanin ognel..........Ete petutiuny 5-6000 euro-i hamar TOXNUM e vor ayspisi HOYAKAP NAXADZERNUTIUNNER kortsanven, apa ayd PETUTIAN hamapatasxan marminnery BATSARDZAK shahagrgrvats CHEN, vor ayd ERKIRY ZARGANA..... Urish EL INCH piti mtatses ba?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter