HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գծային պատերազմ» գեներալների միջեւ

Հակոբ Սամվելյան

Էջմիածնի ԲՈՒԱՏ-ի (Բեռնաուղետար ավտոտրանսպորտ ձեռնարկություն) եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի միջեւ ( մինչեւ մանդատը վայր դնելը ) կնքված պայմանագրի համաձայն` էջմիածնեցի 2500 ուսանողներ Էջմիածին-Երեւան-Էջմիածին տրանսպորտից անվճար երթեւեկելու արտոնություն ունեին:

Երթեւեկության միջոցը` ավտոբուսները, տրամադրում էր ԲՈՒԱՏ-ը, գումարը` յուրաքանչյուր երեխայի հաշվով ամսական 6000 դրամ` Հ. Հակոբյանը:

Էջմիածին-Երեւան, Արմավիր-Երեւան, Մարգարա-Երեւան, Մասիս-Երեւան երթուղիները 1995 թվականից սպասարկում է Էջմիածնի ԲՈՒԱՏ-ը, որը պատկանում է գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդուն` ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանին:

Էջմիածին-Երեւան գիծը վաղուց Գրիգորյանների սեփականությունն է, եւ ավտոբուսով, միկրոավտոբուսով, անգամ տաքսով գիծ դուրս գալու համար անհրաժեշտ է Գրիգորյաններից որեւէ մեկի թույլտվությունը: Բայց բոլորովին վերջերս այդ չգրված օրենքը վերացնելու փորձ արեց Էջմիածնի մյուս գեներալը` ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը. նա արտասահմանյան արտադրության 55 տեղանոց հինգ նոր ավտոբուսներ բերեց եւ հայտարարեց, որ ավանդույթը կշարունակվի, ու մայրաքաղաքում սովորողներն էլի կերթեւեկեն անվճար: Իհարկե, որեւէ մեկը Սեյրան Սարոյանին չի հարցնում` որտեղի՞ց քեզ այդքան միջոցներ, որ կարողացել ես 5 ավտոբուս ձեռք բերել, բայց սա հարցի մի կողմն է, սրա ժամանակը դեռ չի եկել:

Ու, մինչ ավտոբուսները սեպտեմբերի 1-ին դուրս կգային երթուղի, Սարոյանի ներկայացուցիչ փոխգնդապետ Արմեն Պողոսյանը, մարտական անունը` Արծիվ, գեներալի հանձնարարությամբ հանդիպում է Հրանտ Գրիգորյանի հետ` տեղեկացնելու, որ այդ երթուղով այսուհետ աշխատելու են նաեւ իրենք: Սկզբունքորեն դեմ չլինելով` Հ. Գրիգորյանն առաջարկում է համագործակցել այնպես, ինչպես Հակոբյանի հետ: Չընդունելով պայմանը` Ա. Պողոսյանը հեռանում է: Սեպտեմբերի 1-ին Սարոյանի ավտոբուսները դուրս են գալիս երթուղի:

Իրավիճակը պարզաբանելու նպատակով գործին խառնվում է գեներալ Մանվել Գրիգորյանը. Արմեն Պողոսյանի հետ զրույցի ընթացքում գեներալն անպարկեշտ արտահայտություններ է թույլ տալիս Ս. Սարոյանի հասցեին, ինչն ափերից հանում է վերջինիս ներկայացուցչին, ու նա հրում է գեներալ Մանվել Գրիգորյանին: Գործի են անցնում գեներալի մարդիկ ու Արմեն Պողոսյանին, Ս. Սարոյանի թիկնազորի պետ Նիկոլին եւ եւս 5 հոգու, որոնք հսկել են հանդիպման ամբողջ ընթացքը, լավ ծեծելուց հետո տանում են միայն իրենց հայտնի ուղղությամբ:

Հեռախոսով իմանալով դեպքի մանրամասները` սեպտեմբերի 3-ին` իր ծննդյան օրը, Օդեսայից վերադառնում է գեներալ Սարոյանը: Տեսնելով ծեծված տղաներին` հորդորում է չկոտրվել, որովհետեւ «դաբրոն» կա, ու մինչեւ վերջ գնալու են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter