«Ծերացած» գրադարաններ
Սոնա Բաղդասարյան
Փորձառու գրադարանավարուհին չէր կարողանում զսպել հուզմունքը: Լավագույն ավանդույթներ եւ բարի համբավ ունեցող դպրոցի գրադարանի գրքերը տնօրենի մեկ հրամանով «բանտարկվել են» երկու դասասենյակներում հետեւյալ պատճառաբանությամբ՝ «Հիմա ո՞վ է գիրք կարդում»: Նախկին գրադարանն այժմ վերածվել է սրճարանի:
Ավագներից հաճախ կարելի է լսել կարծիք, թե այսօրվա երիտասարդ սերունդը հեռու է գրքերից, ու ոչ բոլորն են հետաքրքրված ընթերցանությամբ: «Ցավոք, ընթերցողները շատ քիչ են,- ասում է Գորիսի պետական համալսարանի գրադարանի վարիչ Անգին Տատինցյանը:- Միայն հումանիտար ֆակուլտետի ուսանողներն են գեղարվեստական գրքեր ընթերցում, որոնց ծրագրային գրքեր են հանձնարարում, մյուս ֆակուլտետների ուսանողները գեղարվեստական գրականությունից չեն օգտվում: Փոխարենը հետաքրքրվում են ժամանակակից հրատարակություններով` թեսթերով, ճաշատեսակներով, աստղագուշակներով եւ գունավոր հրատարակությամբ ժամանցային ամսագրերով»:
Համալսարանի գրադարանը հիմնադրվել է 1967 թ. եւ սկզբում ընդամենը 100 կտոր գիրք ուներ: Տարիների ընթացքում գրադարանային ֆոնդը համալրվել է: 1987թ. ( այն ժամանակ Երեւանի մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը վերակազմավորվեց Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի ) , մոտ 70 հազար կտոր գիրք հատկացվեց քաղաքի դպրոցներին, Արցախի մանկավարժական ինստիտուտին:
Այնուհետեւ գրադարանի գրքային ֆոնդը հարստացավ այլ բուհերի գրադարաններից, ինչպես նաեւ միության տարբեր քաղաքներից ստացված տեխնիկական գրականությամբ:
2004 թ. այն համալրվեց նաեւ Ազգային գրադարանից ստացված գրականությամբ:
«Թեպետ գրքերի ֆոնդը հարուստ է,- խոսքը շարունակում է գրադարանավարուհին,- այնուամենայնիվ, լուրջ խնդիրներ կան գրադարանի կահավորման, ջեռուցման ապահովման ուղղությամբ: Որեւէ հնարավորություն չկա գրքերի պահպանման համար պահանջվող անհրաժեշտ միջոցառումներն իրականացնելու:
Շենքային համեմատաբար բարվոք վիճակում է Գորիսի կենտրոնական գրադարանը՝ մանկական, կենտրոնական մասնաճյուղերով:
Գրադարանավար Զոյա Գալստյանը տեղեկացնում է, որ այն վերջերս է վերանորոգվել: Գրադարանն ունի «Գրադարանային մատենագիտական դասակարգում» համակարգ: «Բավական ընդարձակվել է մեր ընթերցողների շրջանակը,- նշում է տիկին Զոյան:- Սակայն չենք կարողանում բավարարել աշակերտների պահանջարկը, քանի որ արդեն 15 տարի է գրքերի ֆոնդը չի թարմացվում: Նախկինում յուրաքանչյուր ամիս 10-15 հազար կտոր գիրք էինք ստանում, բաժանում գյուղական գրադարաններին: Չեմ կարծում, որ այն ժամանակ ավելի շատ գրքեր էին հրատարակվում: Գրախանութներում հերթեր էին գոյանում, ծանոթ պիտի գտնեիր, որ դասական գրողի գիրք ձեռք բերեիր: Հիմա գրախանութներում գրքեր շատ կան, սակայն գները մատչելի չեն, ու մարդիկ նախընտրում են գրադարանից օգտվել, բայց գրադարանային ֆոնդն աղքատիկ է»:
Գրքերի ֆոնդի սղության, ինչպես նաեւ շենքային պայմանների առումով վիճակն անմխիթար է գյուղական եւ դպրոցական գրադարաններում:
Գորիս քաղաքի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի տնօրեն Սիրուշ Ակլունցը նշում է, որ վերջին 20 տարվա ընթացքում դպրոցը ոչ մի կտոր գեղարվեստական գիրք չի ստացել: Դպրոցի գրադարանը համալրվում է միայն դասագրքերով, որոնք միշտ աշակերտների թվից պակաս են լինում:
Պատկերը նույնն է քաղաքի գրեթե բոլոր դպրոցներում:
«Բավականաչափ հնացել, քրքրվել ու մաշվել են դպրոցի գրքերը, գիրք ունենք, որ դպրոցի երկու տարիքին է ու պատկերացրեք, թե քանի երեխա է օգտվել այդ գրքից: Դպրոցը միայն դասագրքեր է ստանում, բայց եթե ուզում ենք, որ այսօրվա սերունդը կրթվի գրքով, նախ գիրք գտնելը պետք է նրա համար մատչելի լինի»,- ասում է թիվ 5 դպրոցի տնօրեն Էդիկ Գրիգորյանը:
Վերիշեն գյուղի դպրոցի տնօրեն Մատվեյ Ղազարյանը նշում է, որ իրենց դպրոցի գրադարանային ֆոնդի հարստացման համար իրենք են գրքեր հայթայթում. «Դիմում եմ ժամանակակից գոնե մեր հայրենակից բանաստեղծներին, գրողներին, որ իրենց գրքերից մեկական օրինակ նվիրեն դպրոցի գրադարանին: Նաեւ ինքս եմ գրքեր գնում: Գիտեմ, որ հույսս չպիտի դնեմ, թե մի օր որեւէ կազմակերպություն մտահոգվելու է գրադարանները նոր հրատարակված գրքերով համալրելու խնդրով: Համագործակցում ենք այլ դպրոցների հետ, դասագրքերի փոխանակում կատարում»:
Շինուհայր գյուղի դպրոցի տնօրեն Շիրազ Գրիգորյանը ցավով է նշում, որ Սյունիքի մարզի ամենամեծ գյուղի դպրոցն առանձին գրադարան չունի, չկա նաեւ գեղարվեստական գրականություն: Դասասենյակներից մեկում պահվում են մի քանի տասնյակ դասագրքեր, որոնք աշակերտների շատ փոքր թվին են բավարարում: Համեմատաբար լավ վիճակում է գյուղի գրադարանը: Այս տարի Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը 250 կտոր գիրք է նվիրել գյուղի գրադարանին:
«Զավեշտ է, որ դպրոցում աշակերտները Պարույր Սեւակի բանաստեղծությունների մասին են խոսում, սակայն աշակերտները դրանք կարդալու հնարավորություն չունեն: Գիտեմ, որ շատ մարդիկ կան, ովքեր մեծ թվով գրքեր ունեն տներում, որոնք արդեն չեն կարդում: Ցանկալի է, որ դրանք հանձնվեն հատկապես դպրոցական գրադարաններին, որպեսզի նաեւ այսօրվա սերունդը դասականներին կարդալու հնարավորություն ունենա: Դրա հետ միասին ժամանակակից յուրաքանչյուր հեղինակ իր հրատարակած գրքերից կարող է նվիրել դպրոցական գրադարաններին»,- շարունակում է Շինուհայրի դպրոցի տնօրենը:
Նման նախաձեռնության օրինակ է Գորիսի տարածաշրջանի Տաթեւ գյուղը: «Զանգակ 94» հրատարակչությունը յուրաքանչյուր նոր գիրք հրատարակելիս մեկական օրինակ ուղարկում է գյուղի գրադարանին:
Կրթության արհեստակցական մարզային միության նախագահ Արարատ Լալաբեկյանը նշում է, որ մարզում գործող բոլոր գրադարանների վիճակն անմխիթար է ոչ միայն այն պատճառով, որ նոր գրքեր չեն ստանում, այլեւ շենքային վատ պայմանների: «Գրադարանները կարծես թե չեն կարեւորվում ոչ միայն աշակերտների, այլեւ տնօրենների կողմից: Եվ թե՛ դպրոցների, թե՛ համայնքների բյուջեներում որեւէ հատկացում չի արվում գրադարանների բարելավման, գրքային ֆոնդի հարստացման համար»,- եզրափակում է միության նախագահը:
Հոդվածը պատրաստել է «Գորիսի մամուլի ակումբ» հ/կ-ն՝ Համաշխարհային բանկի եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:
Սոնա Բաղդասարյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել