HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

Կրպակ` հրապարակի գազոնի փոխարեն

Էջմիած ին քաղաք ի ճարտարապետական դիմագիծն ու գեղագիտական տեսքը վերականգնելու հիմնավորմամբ տեղական իշխանությունները երկու տարի առաջ որոշեցին ապամոնտաժել քաղաքի կրպակներն ու տաղավարները: Բայց այսօր տաղավարաշինությունը կրկին թափ է առնում, ընդ որում` քաղաքի կենտրոնից:

Կոմիտասի հրապարակի հարեւանությամբ գտնվող Մաշտոց 6 շենքից 3 մետր հեռավորության վրա նոր կրպակ է կառուցվում` 19 քմ ընդհանուր մակերեսով:

Կրպակի տերը Արցախյան պատերազմի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ, նախկին ՀՀՇ-ական, ներկայումս ԵԿՄ անդամ Գագիկ Մկրտչյանն է: Հրապարակամերձ գազոնում նրա կրպակի համար տեղ է հատկացրել Էջմիածնի քաղաքապետ Գագիկ Ավագյանը: Նա վկայակոչում է ՀՀ կառավարության 286 որոշումը, որը համայնքի ղեկավարին արտոնում է մինչեւ 20քմ տարածքն առանց մրցույթի հատկացնել միանձնյա որոշմամբ: Քաղաքապետի խոսքերով` տարածքը հատկացվել է ժամանակավոր օգտագործման համար` առանց օտարման իրավունքի: Բայց այս որոշումը զայրացրել է Մաշտոց 6 շենքի բնակիչներին ու շենքի առաջին հարկում տեղակայված առեւտրի եւ սպասարկման օբյեկտների սեփականատերերին: «Կառուցվելիք կրպակն ամբողջությամբ փակելու է առաջին հարկի 4 օբյեկտների ճակատային մասը` զրկելով բնական լույսից: Էականն այն չէ, թե տարածքը քանի տարով է հատկացվում. մտավախությունն այն է, որ հետագայում դրա կողքից նոր կառույցներ կբարձրանան»,- ասաց Մաշտոցի 6 հասցեում առեւտրի օբյեկտ ունեցող Մայիս Աթանյանը:

Նշենք, որ տարածքը Գ. Մկրտչյանին հատկացվել է 10 տարի ժամկետով: Էջմիածնի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի առաջատար մասնագետ Սիրանույշ Դանղյանն ասաց. «Այն բավարար հեռավորության վրա է բնակելի շենքից եւ չի խանգարում 1-ին հարկի օբյեկտների լուսավորությանը, իսկ քաղաքաշինական պահանջներից ելնելով` ցանկացած ժամանակ կարող է քանդվել»:

«Սոսենի» գեղեցկության սրահի մենեջեր Կարինե Հարությունյանին վրդովեցրել է այն փաստը, որ 1 քմ-ի դիմաց ամսական 2500 դրամ է մուծում տեղական բյուջե իրենց կենտրոնի անունն ազդարարող գովազդային վահանակի համար, բայց կառուցվելիք կրպակն իր 3 եւ ավելի մետր բարձրությամբ փակելու է այդ վահանակը: «Ստացվում է` վճարելու եմ ստվերում մնալու համա՞ր»,- ասաց Կ. Հարությույնայը:

Իրենց բարեխիղճ հարկատուներ համարող սեփականատերերը հայտարարում են, որ ոտնահարվել է սեփականության իրավունքը: «Տարեկան 2 մլն դրամ հարկ եմ տալիս: Բա իրավունք չունե՞մ առաջարկելու, պահանջելու»,- ասաց Մ. Աթանյանը, ով, բոլոր կողմերին գոհացնելու եւ քաղաքի տեսքը չաղավաղելու համար, քաղաքապետին առաջարկել էր փոփոխել հատկացրած տարածքի հասցեն: Բայց նոր սեփականատեր Գ. Մկրտչյանը չի ուզում լսել այդ մասին: «Քաղաքապետն այդտեղ է հատկացրել, այդտեղ էլ կառուցելու եմ»,- հայտարարել է նա` ենթադրելով, որ այդ տարածքի վրա աչք ունեն հենց իրենք` աղմուկ բարձրացնողները:

Մինչ շենքի բնակիչներն ու 1-ին հարկի սեփականատերերը պաշտոնյաների դռներն են թակում, Գագիկ Մկրտչյանը զինվորականների հսկողության ներքո ոչնչացնում է կանաչ տարածքն ու փորում շենքի հիմքը: Շենքի բնակիչ Մայրանուշ Մովսիսյանը պատմում է, որ երբ ցանկացել է խանգարել թփերը կտրողներին, քաշքշուկների մեջ է ընկել. «Եթե հարեւանները չմիջամտեին, ինձ հաստատ ծեծելու էին»,- ասաց Մ. Մովսիսյանը:

Հարկ է նկատել, որ ճարտարապետ Ռաշիդյանի նախագծած Կոմիտասի հրապարակն ու դրա մերձակա տարածքը ձեւավորման համար ժամանակին արժանացել է պետական մրցանակի: «Ու հիմա եկել, կացնում են այդ գեղեցկությունը: Չի կարելի 30-ամյա կանաչ գոտին ոչնչացնել, մի շարք մարդկանց կամքն արհամարհել, նրանց բարոյական ու տնտեսական վնաս հասցնել, ինչ է, թե` բավարարվի մեկի ցանկությունը»,- նկատեց 1-ին հարկի սեփականատերերից Նորիկ Լեւոնյանը: Սեփականատերերի փոխանցմամբ` նոր կառույցի տերը չունի համապատասխան փաստաթղթեր, եւ նրա գործողություններն ապօրինի են:

«Պահանջվող բոլոր փաստաթղթերն արդեն ձեռք եմ բերել ու միտք չունեմ շինարարությունն ընդհատել»,- հակադարձեց Գ. Մկրտչյանը: Հարցին, թե դենդրոլոգի եզրակացություն ունի՞, պատասխանեց, որ կա Բնապահպանության նախարարության համաձայնությունը: Շենքի բնակիչները թեժ գծով կապվել են ԲՆ համապատասխան ծառայության հետ` սկսված բարբարոսությունը կանխելու խնդրանքով: Մասնագետներ են ուղարկվել Բնապահպանական տեսչության Արմավիրի տարածքային կառույցից, որոնք եկել, տեսել, գնացել են:

Անտեսված են նաեւ հակահրդեհային կանոնների պահանջները: Ըստ քաղաքաշինության` 1996-ից գործող նորմերի` պարտադիր է, որ կառույցը հարեւան շենքի պատի ելուստային մասերից նվազագույնը 6 մ հեռավորության վրա գտնվի: Իսկ քանի որ Էջմիածինը 9 բալանոց սեյսմիկ գոտում է, ապա 6 մետրը պետք է ավելացվի 20 տոկոսով: Այսինքն` կրպակի հեռավորությունը Մաշտոց 6 շենքից պետք է լինի նվազագույնը 7,2 մետր: Մինչդեռ բաժանարար այդ գիծն ընդամենը 3 մետր է:

Շենքի բնակիչներն ու 1-ին հարկի սեփականատերերը նամակով դիմել են երկրի ղեկավարներին: ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունից նրանց դիմումը վերահասցեագրվել է Արմավիրի մարզպետին: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ստորագրությամբ ուղարկված պատասխանը, մեղմ ասած, անորոշ է. «Տարածքը սահմանված կարգով համաձայնեցված է շահագրգիռ կազմակերպությունների հետ, եւ քաղաքացու հետ կնքվել է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter