HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Լուսանցագրություն. «Եւ պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով»

Արդի դարաշրջանի գրականությունը եւ մասնավորապես բանաստեղծությունը այս կամ այն չափով առնչված է եղել ազգաշինության, ազգային գաղափարաբանության ստեղծման եւ տարածման գործին: Իհարկե, չպետք է մոռանալ գրական գործերի ու հեղինակների հետագա մեկնաբանությունների, գնահատումների ու դասակարգումների, անտեսելու կամ առաջին պլան մղելու քաղաքականությունների մասին, որ «ազգային գրականության» եւ «ազգային գիտակցության» ստեղծման ընթացքի անխուսափելի մասն են կազմում:

Բայց, իհարկե, ազգերն ու հայրենիքները լինում են տարբեր. «Մնաս բարով, անլվա Ռուսաստան»,- ասում էր ռուս բանաստեղծը, որը հույս ուներ Կովկասում փրկվել իր հայրենիքից: Հայ բանաստեղծի համար այն ավելի շատ ցավի, ողբերգության աղբյուր էր. «Հեք մարդկության մեկ ոստը գոս՝ / Հայրենիք մը ունիմ թշվառ, / Չ օգնած անոր՝ մեռնի՛լ աննշան, / Ոհ, ա՛յս է սոսկ ցա՛վ ինձ համար:» (Պետրոս Դուրյան) կամ «Մի՞թե վերջին պոետն եմ ես, / Վերջին երգիչն իմ երկրի. / Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ / Պատել, պայծառ Նայիրի» (Վահան Տերյան):

Այստեղ հայրենիքը պարզապես բանաստեղծության թեմաներից մեկը չէ՝ ի թիվս այլ թեմաների. ինչպես երկիրը կամ ազգն ուներ բանաստեղծի կարիքը, այդպես էլ բանաստեղծը՝ հայրենիքի: Իսկ հայրենիքների տաբերությունը ծնում էր ոչ միայն հույզերի ու ապրումների, այլեւ լեզվի, խոսքի եղանակի տարբերություն: Պատկանելությունը՝ քաղաքական, պատմական, մշակութային, սահմանում է բանաստեղծի, իսկ ավելի ընդհանուր առմամբ՝ մտավորականի լեզուն այնպես, ինչպես հուշում են Հովհաննես Թումանյանի հետեւյալ տողերը. «Եւ պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով, / Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով, / Իմ նոր հայրենիք, / Հըզոր հայրենիք…»: Ընդգծենք՝ անեծքը պղծում է բանաստեղծի լեզուն, եւ նոր լեզվի գրավականը նոր, հզոր հայրենիքն է: Կարող էր թվալ, թե Խորհրդային Հայաստանում Թումանյանի երազանքն իրականացել էր, բայց այդ բանը պնդող բանաստեղծությունը երկիմաստությունների մեծ տեղ է թողնում. «Էլ ո՞վ կարող է, ո՞վ կհանդգնի / Վայրի մոլուցքով դարձնել նորից / Ավերի երկիր, ցավերի երկիր, / Դավերի երկիր Հայաստանս, / Երբ իր փառապանծ եղբայրների հետ / Արեւ է տանում աշխարհներին…» (Համո Սահյան, «Երգ Հայաստանի»):

Մի հարցազրույցում Հրանտ Մաթեոսյանը նկատում է. «Մաքուր գեղարվեստի անխառն հրճվանքը մեզ անծանոթ է, դա մեծ ազգերի անիրավվածի կոմպլեքսից ազատ զավակների շնորհն է (Աստված նրանց էլ գոնե անիրավողի կոմպլեքս շնորհեր)» (1979թ.): Ամփոփենք այս մեջբերումները. Հայրենիքի դառը ճակատագիրը դառնացնում է նրա բանաստեղծի լեզուն: Գաղութացված, ճնշված, անիրավված ժողովրդի զավակը ինչ-որ իմաստով զրկված է բողոքից ու ցասումից ազատ «մաքուր» ստեղծագործության հնարավորությունից:

Այս մտքի քննարկումը շարունակենք  Էդվարդ Սայիդի օգնությամբ, բայց նախ ծանոթանանք Թեոդոր Ադոռնոյի փոքրիկ էսսեին, որից Սայիդը մեջբերում է անում: (Ադոռնոյի այս տեքստին ես անդրադարձել եմ իմ «Հարմարվողականության լեզուն» հոդվածում) Ադոռնոն, համեմատում է հասարակության վերին եւ ստորին խավերի, տիրապետող եւ ենթակա դասերի լեզուները: Ըստ նրա՝ ժամանցը (պարապությունը), նույնիսկ հպարտությունն ու գոռոզությունը վերին խավերի լեզվին տվել են որոշակի անկախություն եւ ինքնակարգավորման կարողություն: Դրանով իսկ՝ այն հայտնվում է ընդդիմության մեջ սեփական սոցիալական ոլորտի նկատմամբ: Այն ելնում է տերերի դեմ, հրաժարվում ծառայել նրանց շահերին: Մյուս կողմից՝ «Ենթարկվածների լեզուն կրում է միայն տիրապետության կնիքը՝ այդպիսով էլ ավելի զրկելով նրանց արդարությունից, որ խոստանում է չխեղված, ինքնավար լեզուն բոլոր նրանց, ովքեր բավական ազատ են՝ արտաբերելու այն առանց չարության»:

«Մշակույթ եւ իմպերիալիզմ» գրքում Սայիդը նման ձեւով համեմատում է Առաջին եւ Երրորդ աշխարհների, որոնց միջեւ նույնպես առկա է տիրապետության հարաբերություն, մտավորականների լեզուները: Մանրամասն վերլուծելով Երրորդ աշխարհի մի խումբ մտավորականների աշխատանքները (ինչպես, օրինակ, հնդիկ պատմաբան Ռանաջիթ Գուհայի)՝ Սայիդը նկատում է, որ քաղաքականությունը եւ քաղաքական ազդակները անխուսափելիորեն ազդեցություն են թողնում նրանց գիտական աշխատանքի, նրանց հետազոտության վրա: Նրանց գրքերի տոնի եւ բովանդակության մեջ առկա բացահայտ քաղաքական եւ մարդկային հրատապությունը շոշափելիորեն տարբերվում է այն բանից, ինչ արդի Արեւմուտքում համարվում է նորմ գիտական աշխատանքի համար: Չլուծված քաղաքական իրադրությունը ներխուժում է գիտական աշխատանքի հռետորության մեջ եւ շեղում ակցենտները, որովհետեւ, թեեւ այդ հեղինակները գրում են գիտելիքի եւ իմացության որոշակի դիրքից, նրանց գրության մեջ արտացոլվում է ժողովրդի ուղերձը, որը ենթարկվածության պատմական արդյունք է: Եւ հենց այսպիսի հանգամանքներում օգտագործված լեզվի ակներեւ աղճատման մասին է գրում Ադոռնոն վերը մեջբերված հատվածում:

Սայիդն այնուհետեւ նշում է, որ արեւմտյան ակադեմիական հանրության կողմից Երրորդ աշխարհի մտավորականների աշխատանքները հաճախ չեն ընդունվում որպես հավասարազոր ներդրում ժամանակակից գիտելիքի ստեղծման գործում, այլ ավելի շուտ որպես տեքստեր, որոնք զգացական են եւ սուբյեկտիվ, եւ որոնց արժեքը դրանց պարունակած տեղեկատվությունն է՝ գրված բնիկի կողմից: Անընդունելի համարելով այս դիրքորոշումը՝ նա հիշեցնում է Ֆրանց Ֆանոնի միտքն այն մասին, թե «բնիկի համար օբյեկտիվությունը (մի բան է, որը) միշտ ուղղված է նրա դեմ»: Իհարկե, առանձին բաց հարց է մնում այն, թե ինչպես են առաջացել գիտական «օբյեկտիվության եւ անկողմնակալության» արեւմտյան կոդերը:

Մյուս կողմից՝ Էդվարդ Սայիդի «Օրիենտալիզմ» գրքի նպատակներից մեկն էր՝ ցույց տալ, որ տիրապետող հասարակության մշակութային ներկայացումները (ռեպրեզենտացումները) եւ մասնավորապես գրական տեքստերը, տարբեր ձեւերով կապված լինելով կայսերական գաղութային պրակտիկաների հետ, էական դեր են խաղացել երկրների գաղութացման գործում, որ գրական տեքստերն ու գիտական հետազոտությունները ինչ-որ ձեւերով մասնակից (եւ մեղսակից) են եղել կայսերական տիրապետության եւ գաղութատիրության օրինականացման ընթացքին:

Այսպիսով, լուծումը, որ առաջարկում է Սայիդը, հետեւյալն է. վերամիավորել երկու կողմերի փորձառությունը եւ մշակույթը եւ «կարդալ մետրոպոլիական կենտրոնի եւ ծայրագավառի տեքստերը կոնտրապունկտային ձեւով»: Իսկ ենթարկվածության պատմական հետեւանքներն անհնար է շրջանցել կամ անտեսել, բայց կարելի է այդ իրադրության մեջ կառուցել ինքնագիտակից եւ արդյունավետ ստեղծագործական դիրքորոշում:

Մեկնաբանություններ (2)

Անահիտ
shat hetaqrqir texekutyun er
Anush
shat hetaqrqir e....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter