HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որդիս անմեղ է, անօրեննե՛ր

2011թ. հուլիսի 23-ին ԱԱԾ աշխատակիցները /թվով 8 մարդ/ ներխուժեցին մեր տուն` որդուս ձեռքերը շղթաներ հագցրած: Մեր տունը խուզարկեցին և ոչինչ չգտան: Ե՛վ որդիս, և՛ մենք չգիտեինք, թե ինչու էին խուզարկում մեր տունը: Այն հարցին, թե ուր է համակարգիչը, որը գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանն օգտագործել է, որդիս, քանի որ ոչնչից տեղյակ չէր, պատասխանեց, որ տան խուզարկությունը թող ավարտեն, հետո կտանի քեռու տուն և համակարգիչը կհանձնի նրանց: Քեռու տունը մեր տանից հեռու չէ: Խուզարկությունից հետո որդիս ուղեկցեց նրանց քեռու տուն:

Մեկ օր առաջ գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանը որդուցս համակարգիչ էր խնդրել, որպեսզի սկայպով խոսի Վանաձորում գտնվող կնոջ հետ, որովհետև տարաձայնություններ ուներ: Քանի որ մեր նոթբուքը տանը չէր, որդիս Կարենին ուղեկցում է քեռու տուն, և Կարենը խնդրում է առանձին թողնել իրեն: Ինչ իմանար որդիս, որ ԱԱԾ քննիչ Ա.Թևանյանը և Կարեն Մեհրաբյանը որդուս գլխին սարքել են և ինչ-որ տեղեկություններ են հաղորդել համակարգչով: Այդ սքան արած թղթերը ԱԱԾ քննիչ Ա.Թևանյանն էր տվել Կարենին, և ոչ մի գաղտնի տեղեկություն չէին պարունակում: Ինչ իմանար որդիս.

1. Եթե որդիս իմանար, որ Կարեն Մեհրաբյանը ինչ-որ բան է հաղորդել համակարգչով, ապա ինչո՞ւ պետք է ԱԱԾ աշխատակիցներին համակարգչի տեղը ցույց տար:

2. ԱԱԾ աշխատակիցները առգրավման թուղթ չունեին, բայց որդիս առանց առգրավման թղթի, իր ձեռքով հանձնել է համակարգիչը:

3. Քեռու տանը մեկի փոխարեն երեք  համակարգիչ կար. որդիս կարող էր մյուս համակարգիչը հանձնել,եթե իմանար այդ մասին:

4. Որդիս ծրագրավորող է: Եթե իմանար, որ Կարենը գաղտնի տեղեկություններ է հաղորդել, ապա սխեման համակարգչի մեջից կհաներ կամ համակարգիչը կվերացներ:

Այս ամենը ապացույց են այն բանի,որ որդիս տեղեկություն չի ունեցել գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանի գործունեությունից:

Մյուս մեղադրանքն այն է, իբր որդիս Թուրքիայից 300 դոլար է ուղարկել Կարեն Մեհրաբյանին` Հայաստան: Որդուս դատապաշտպան Հարություն Բաղդասարյանի հրավիրած վկան` Հովհաննեսը, առաջին ատյանի դատարանում հայտարարեց, որ գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանը իրեն է զանգել և խնդրել, որ Տիգրանից 300 դոլար վերցնի և փոխանցի Հայաստան` Կարեն Մեհրաբյանին:

Հովհաննեսը, քանի որ օրը կիրակի էր և չգիտեր, թե որտեղից կարելի է ուղարկել, հանդիպում է որդուս` Աշոտին, և որդիս ցույց է տալիս տեղը, թե ում միջոցով կարելի է ուղարկել: Որդուս` Աշոտի ձեռքը այդ գումարին չի դիպել անգամ: Հաջորդ օրը որդիս զանգում է Կարենին և հարցնում. «Կարեն,այդ ի՞նչ փող ես ուզել Հովհաննեսից», և Կարենն անպատասխան է թողնում հարցը:

Մի՞թե քննիչ Ա.Թևանյանը և դատախազ Ա.Ամիրզադյանը սա չհասկացան… Որդիս այդ գումարի հետ գործ չի ունեցել: Քրեական գործում պարզ երևում է, որ Կարեն Մեհրաբյանը Հովհաննեսից է ուզել 300 դոլարը:

Հարց է ծագում, թե ԱԱԾ «քննիչ» Ա.Թևանյանն ինչո՞ւ է այդքան մակերեսային գործ վարել: Ինչո՞ւ չի հարցաքննել Հովհաննեսին: Բա ի՞նչ բարդեր Աշոտի վրա: Եվ սա կոչվում է օժանդակություն, և այս պատճառով որդուս 10 տարվա ազատազրկման են ենթարկել: Ե՛վ առաջին ատյանի դատարանում, և՛ վերաքննիչ դատարանում գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանը բազմիցս շեշտել ու կրկնել է շարունակ, որ Աշոտը իր գործունեությունից տեղյակ չի եղել, որ գաղտնի է գործել Աշոտից:

Կարեն Մեհրաբյանը տալիս է 12 իրական մեղավորների անունները /դատախազ, գնդապետ, փոխգնդապետ և ուրիշներ/,  նրանք մեզնից լավ գիտեն: Բայց նրանք ազատության մեջ են, իսկ մեղադրյալի աթոռին նստած են 5 անմեղ երիտասարդներ: Ո՞ւմ պատվերն են կատարում: Ինչո՞ւ են բանտերը լցնում անմեղ երիտասարդներով: Ինչո՞ւ պետք է քանակ ապահովելու համար անմեղ մարդիկ պատասխան տան ուրիշների փոխարեն:

Այս քրեական գործը լի է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով: Որդուս փաստաբան Հարություն Բաղդասարյանը նշել է 20-ից ավելի խախտումներ ու աղավաղումներ, բայց ո՞վ է բանի տեղ  դնում .բոլորը վախենում են իրենց  աթոռներից, պաշտոնները կորցնելուց:

Քննիչ Ա.Թևանյանը և դատախազ Ա.Ամիրզադյանը, տեսնելով, որ որդուս դեմ ոչ մի ապացույց կամ փաստ չունեն, քրեական գործից հանել են բոլոր հեռախոսային խոսակցությունները, որոնք ապացուցում են որդուս անմեղությունը, և դրա փոխարեն վերցրել են նախադասություններ, կտրել են առաջին և վերջին մասերը և ստեղծել իրենց ձեռնտու նախադասություններ: Սա նույնպես մարդու իրավունքի կոպիտ խախտում է, և այդպես իրենց սուտը բրթելով առաջ են տանում:

ԱԱԾ քննիչ Ա.Թևանյանը, տեսնելով, որ որդուս դեմ ոչ փաստ կա, ոչ ապացույց, ասել է. «Բրթելով էլ լինի, քեզ դատելու եմ, որ գնացել ես Թուրքիա՝ աշխատելու»: Այդ դեպքում ինչո՞ւ չի դատում հայ ազգի 50 %-ին:

Ես մայր եմ և 30-ից ավել տարիներ շարունակ կրթել ու դաստիարակել եմ բազմաթիվ սաների: Մի՞թե այդ ոճրագործները` քննիչ Ա.Թևանյանը, դատախազ Ա.Ամիրզադյանը, դատավորներ Մ.Մարտիրոսյանը և Ա.Դանիելյանը, մայրեր չունեն, խիղճ չունեն, որ մեղադրում են անմեղ մարդուն: Ես միամիտ մայր եմ, որ շարունակ նամակներ եմ գրում «ամեն ինչից անտեղյակ» պարոն Սերժ Սարգսյանին, պարոն Աղվան Հովսեփյանին` օգնություն խնդրելով, արդարության սպասելով: Ես ուզում եմ բղավել, որպեսզի լսեն բոլորը.

-Որդիս անմեղ է ,անօրեննե՛ր:  

Դատավարությունների ընթացքում որդիս, տեսնելով, որ անհիմն են մեղադրում իրեն, ՍՏԻ ԴԵՏԵԿՏՈՐ է պահանջել, բայց մերժել են` ասելով,որ մասնագետ չունեն:

Որդիս Նոր կտակարանն է պահել դատախազ Ա.Ամիրզադյանի դեմքին, որ նայի խաչին. սուտ չխոսի:

Որդիս հացադուլ է հայտարարել` լսելի դարձնելու իր անմեղությունը, բայց իզուր. շուրջբոլորը կույր և խուլ են ձևանում:

Այժմ գործը պետք է քննվի վճռաբեկ դատարանում: Ես միայն մի բան եմ խնդրում.

-ԱՆԱՉԱՌ ԵՂԵՔ, ՄԻ՛ ԴԱՏԱՊԱՐՏԵՔ ԱՆՄԵՂՆԵՐԻՆ:

Անահիտ Չտրկյան

Մեկնաբանություններ (2)

Armina
Այս գործը լի է բազմաթիվ խախտումներով,շինծու և սարքովի գործ է: Թիկունք չունեցող,վերին օղակներում ծանոթ չունեցող,անհայր և անմեղ մարդկանց բռնել են և ուրիշի գործած հանցանքը բարդել են իրենց վրա: Այս գործում կան իրական մեղավորներ,բայց ոչ ոք իրենց պատասխանատվության չի ենթարկում,որովհետև և քննիչը,և դատախազը,և դատավորը ծախված մարդիկ են,իրենց խիղճն ու հոգին ծախել են սատանային և լկտիաբար դատապարտում են Աշոտ Չտրկյանին առանց փաստերի,առանց ապացույցների, առանց վկայության:
Armine
Որդիս անմեղ է, անորեններ https://www.youtube.com/watch?v=tqpY3OA2BG0

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter