HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՄՊՊՀ-ի բացահայտումները. երշիկների որոշ տեսակների մեջ տավարի կամ խոզի մսին փոխարինում է գոմեշի միսը

Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում հրապարակվեցին հերթական ուսումնասիրության արդյունքները: Երշիկեղենի շուկայում մի քանի ամիս տևած ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են անբարեխիղճ գործունեություն իրականացնող օրինախախտ արտադրողները:

Դրանք են՝ «Մուշ», «Ա. Բիլյան», «Առ Դելիկատես», «Նատֆուդ», «Ջրվեժի մսամթերքի կոմբինատ»,«Մարիլա», «Բաբիկ 90», «Էրեբունի աստղ», «Հայր և որդի Գալստյաններ», «Երեմկա», «Էլիտ Պրոդ», «Ա. Շիրվանյան և ընկերներ», «Արտյոմ և Հրայր եղբայրներ», «Լումա», «Կարինե և Նարինե», «Նեպտուն Մար», «Սոս 97», «Տիրան Ղազարյան», «Գայան Ջամե», «Բարի արագիլ», «Արթուր Հակոբյան» ԱՁ:

Տուգանքների չափերը հաշվարկելիս ՏՄՊՊՀ-ն հաշվի է առել ինչպես տնտեսվարողների ապրանքաշրջանառության ծավալներն ու շուկային հասցված վնասի չափը, այնպես էլ նախկինում դրսևորած վարքագիծը: Քանի որ բացահայտված խնդիրները առնչվում են սպառողների շահերին և շատ կարևոր են, ՏՄՊՊՀ-ի որոշմամբ օրինախախտների հանդեպ նշանակվեց օրենքով սահմանված առավելագույն պատժաչափ՝ տվյալ ընկերության նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով:

Երշիկի արտադրության մեջ օգտագործվում են մեծաքանակ սոյա, օսլա, սպիտակաձավար (манная крупа), ալյուր, նիտրիտ, ֆոսֆատ և այլն. այդ մասին սպառողները տեղյակ չեն

Երշիկեղենի շուկայում գործող արտադրողների փաստաթղթային ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խախտումներ: Մասնավորապես, երշիկի պատրաստման ընթացքում օգտագործվող իրական բաղադրիչները փաթեթավորման վրա նշված չեն: Ուսումնասիրված գրեթե բոլոր դեպքերում վաճառքի հանված երշիկեղենի վրա նշվում է, որ պատրաստման ընթացքում օգտագործվել է տավարի և խոզի բարձրորակ միս:

Մինչդեռ ՏՄՊՊՀ-ն բացահայտել է, որ արտադրական պրոցեսում քաշի ավելացման, ախորժելի գույնի, կպչունություն ապահովելու և այլ նկատառումներով օգտագործվում են մեծաքանակ հավելանյութեր, ինչի մասին սպառողը տեղյակ չէ: Ընդ որում, նման դեպքեր բացահայտվել են նաև երեխաների համար նախատեսված, մանկական անվանումով երշիկներում:

Երշիկի մեջ սոյան օգտագործվում է հիմնականում արտադրանքին լրացուցիչ զանգված ապահովելու նպատակով, ինչի հետևանով էլ օգտագործված մսի քանակը երբեմն հասնում է նվազագույնի:

Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ տնտեսվարողի ցանկացած վարքագիծ, որը կարող է մոլորեցնել հասարակությանը նրա առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն: Մոլորեցում է համարվում նաև որակի, քանակի, բաղադրության կամ այլ բնութագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը, ինչն այս դեպքում առկա է:
 
Երշիկների որոշ տեսակների մեջ մսի մասնաբաժինը կազմում է ընդամենը 16 տոկոս, իսկ տավարի կամ խոզի մսին հիմնականում փոխարինում է գոմեշի ներկրված միսը

Երշիկի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների փաստաթղթերի համաձայն՝ արտադրության մեջ օգտագործվող մսի 1 կիլոգրամի գինը կազմում է 700-800 դրամ: Քանի որ ՏՄՊՊՀ-ն գնագոյացման ուսումնասիրություն է իրականացրել մսի շուկայում և հետևաբար տիրապետում է այս շուկայում գների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության, վերոնշյալ փաստերը ՏՄՊՊՀ-ին թույլ են տալիս ենթադրելու, որ երշիկի արտադրության մեջ հիմնականում օգտագործվում է գոմեշի ներկրված միս, որի 1 կիլոգրամը ներքին շուկայում իրացվում է հենց այդ գնով: Մինչդեռ երշիկների բաղադրության մեջ հիմնականում նշվում է տեղական խոզի կամ տավարի միս այն դեպքում, երբ տեղական մսի միջին շուկայական գինը վերոնշյալ գնից եռակի բարձր է:

ՏՄՊՊՀ-ի կատարած լայնածավալ ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել նաև մի շարք օրենսդրական բացեր, ինչի հետ կապված հանձնաժողովը կմշակի և գյուղատնտեսության նախարարությանը կներկայացնի համապատասխան առաջարկությունների փաթեթը: Մասնավորապես, որոշ դեպքերում երշիկի մեջ մսի պարունակությունը չի գերազանցում 16 տոկոսը, սակայն մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգով սահմանված չէ, թե կոնկրետ որքան պետք է լինի այն, կամ ստույգ ինչ բաղադրիչներ են անթույլատրելի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter