HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Լալայան

Ո՞ւմ դուդուկի տակ «կպարեն» հայրենակցական միությունները

Բոլոր ժամանակներում Հայաստանն ունեցել է մի մեծ, չբուժվող ցավ, որը շարունակ խանգարել է ազգի միասնությանը, խարխլել մեր պետականության հիմքերը: Դա հատվածապաշտություն կոչվող հիվանդությունն է, որից միշտ զգուշացրել են հայ շատ մտածողներ' Խորենացուց մինչև Րաֆֆի և Չարենց: Այդ ժամանակներից ի վեր առատ ջրեր են հոսել, փոխվել են սերունդներ, հարաբերություններ, բարքեր, բայց հիվանդությունը ոչ միայն մնացել է անամոք, այլև ավելի է խորացել՝ ձեռք բերելով նոր դրսևորումներ, որոնցից ամենատարածվածը նույն աշխարհագրական տեղանքի կամ նույն համայնքի պատկանելության հատկանիշի հիման վրա ստեղծվող միավորումներն են:

Օրինակ՝ ո՞վ կարող է հստակ ասել, թե ինչով են զբաղվում այսօր ՀՀ-ում մի քանի տասնյակի հասնող հայրենակցական միությունները, որոնք հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեն և, ըստ իրենց կանոնադրությունների, կոչված են խթանելու հայրենակիցների մշակութային առաջընթացը, տեղական ավանդույթների, ծեսերի, սովորությունների պահպանումը և խոշոր հաշվով, նպաստելու ազգի համախմբմանն ու երկրի բարգավաճմանը: Թեպետ մի քիչ դժվար է պատկերացնել, թե ինչպիսի մեխանիզմներով են այդ կազմակերպությունները պատրաստվում համախմբել ազգն ու ծաղկեցնել երկիրը:

Փոխարենը միանգամայն ակնհայտ է, որ այդ կառույցներից շատերը, որոնց ձայնն ու ծպտունը տարիներով դուրս չի գալիս, համապետական ընտրություններից առաջ մեկեն աշխուժանում են, համագումարներ են հրավիրում և հայրենակիցներին կոչ անում միավորվել, որպես կանոն, իշխանական այս կամ այն կուսակցության շուրջ, սատարել այս կամ այն թեկնածուին: Փաստորեն, երկպառակություն սերմանող հոռի երևույթը հանրությանը հրամցվում է ժողովրդի միասնության, իսկ ավելի հաճախ՝ բարեգործության քղամիդով, մինչդեռ իրականում այն՝ որպես գործիք, օգտագործվում է իշխանատենչ որոշ ուժերի կողմից: Այսինքն՝ կամա թե ակամա ծառայում է ճիշտ հակառակ նպատակին՝ հասարակության մասնատմանը:

Ինչ ասել կուզի՝ ժամանակին, մասնավորապես 1915-23թթ. Հայոց ցեղասպանության շրջանում և հետագա տարիների ընթացքում ստեղծված նմանատիպ միությունները, այլևայլ կազմակերպությունները զգալի դրական դերակատարություն ունեցել են աշխարհով մեկ սփռված հայության կյանքում: Թուրքական յաթաղանից մազապուրծ, Հայրենիքից և ինչքից զրկված մարդու համար կենսական անհրաժեշտություն էին ոչ միայն տարբեր կարգի օգնություններ ցուցաբերող նպաստամատույց մարմինները, այլև զուտ հայրենաբաղձության և մայր հողի հանդեպ կարոտի զգացմունքներն ինչ-որ չափով փարատելու կոչված միություններն ու ակումբները:

Այդ խորապատկերին ուղղակի անհասկանալի է մերօրյա «Նիգ Ապարան», «Տավուշ», «Լոռի», «Սյունիք», «Կյորես», «Արցախ», «Ջավախք», «Վասպուրական», «Մեղրի» և տասնյակ այլ հայրենակցական միությունների առաքելությունը, մանավանդ որ շատերից մնացել են միայն ցուցանակները, իսկ «տակը» բան չկա: Ճիշտ է՝ դրանց մի զգալի մասը ոչ վաղ անցյալում լավ էլ գործակցում էր իշխանության հետ, ավելի ստույգ՝ վերջինիս հլու կամակատարն էր, և չի բացառվում, որ այսօր՝ 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների շեմին, նույնպես պատրաստ է «պարելու» նրա դուդուկի տակ:

Առավել ևս, որ նախադեպերը բազմաթիվ են: Այսպես՝ 2005թ. նոյեմբերի 27-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ «Նիգ Ապարանի» նախաձեռնությամբ, որի ակունքներում կանգնած էր այդ միության պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, երեք տասնյակից ավելի հայրենակցական միություններ, ի հեճուկս ընդդիմության հայտարարած բոյկոտի, իշխանության հրահանգով լծվել էին ՀՀ Սահմանադրության քոչարյանական փոփոխություններին «այո» ասելու քարոզարշավին: Յուրաքանչյուրն՝ իր մարզում:

Մի փոքր ավելի հեռուն գնալով՝ կարելի է հիշեցնել նախընտրական 2003 թվականը՝ հայրենակցական միությունների քաղաքականացման, թերևս, ամենաբուռն շրջանը, երբ այդ միությունները իրար հերթ չտալով հայտարարում էին խորհրդարանական ընտրություններում քաղաքական այս կամ այն ուժին սատարելու մասին. «Արցախը»՝ ՀՀԿ-ին, «Գարդմանը»՝ ՕԵԿ-ին, «Վասպուրականը»՝ ՀՌԱԿ-ին և այլն: Լավ աշխատանքը, բնականաբար, գնահատվում էր արժանվույնս. նրանց ղեկավարները արտոնություններ էին ստանում՝ պաշտոնների կամ հովանավորչության տեսքով:

Բոլորովին վերջերս էլ նոր ավանդույթի վերածվելու միտումներ է դրսևորում հանրույթի ինքնակազմակերպման մեկ այլ եզակի ձև, որը հիմնված է ընտանեկան սկզբունքի վրա: Այդ հատկանիշով ստեղծված «Չիլինգարյան-Մամիկոնյան տոհմ» պատմաազգագրական ՀԿ շարքերում, օրինակ, արդեն հաշվվում է շուրջ 3.500 անդամ: Կազմակերպությունն, ի դեպ, ունի սեփական դրոշը, զինանշանը և օրհներգը: Իրենց նշանավոր տոհմածառերն են պաշտոնականացրել կամ տակավին այդ ճանապարհին են Աֆրիկյանները, Մկրտչյանները, Ափյանները, Բախշյանները և ուրիշ շատ ազգակցական միավորումներ:

Չի կարելի, իհարկե, պնդել, թե սա ինքնին վատ երևույթ է: Ամենևին: Մարդիկ ճանաչում են իրենց արմատները, սերունդներին դաստիարակում արժանավոր նախնիների օրինակով, պահպանում հայեցի ավանդույթները և այլն: Բայց չէ՞ որ կար ժամանակ, երբ հայրենակցական միություններին նույնպես դժվար թե բացասական պիտակ կպչեր: Դարձյալ նպատակն ազնիվ էր: Այդ հետո էր, որ այլակերպվեց գաղափարը, եթե չասենք՝ այլասերվեց գծուծ մտադրություններ ունեցող անձանց կամ խմբերի կողմից: Եվ ոչ մի երաշխիք չկա, որ վաղը նույն խմբերը չեն փորձի մարդահոծ այս կառույցները ևս ծառայեցնել իրենց անձնական շահադիտական նպատակներին: Ինչպես ասում են, աչքը տեսածից է վախենում:

Ամեն դեպքում նախագահի թեկնածուների առաջադրումների շուտով մեկնարկելիք փուլում կերևա՝ ինչ-որ բան փոխվե՞լ է արատավոր գործելակերպից, թե՞ ամեն ինչ, դեռ մի բան էլ՝ վրադիր, վերադառնում է ի շրջանս յուր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter