HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

«Պիտանի չեն» արտահայտության մեջ դատարանը գործարար համբավն արատավորելու դիտավորություն է տեսել

ՀՀ վերաքննիչ դատարանը որոշել է մասնակի բավարարել Առողջապահության ազգային ինստիտուտի նախկին աշխատակից Յուրի Մնացականյանի վերաքննիչ բողոքը՝ բեկանելով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.09.2012 թվականի վճիռը և գործն ուղարկելով նույն դատարան՝ նշված ծավալով նոր քննության: Որոշումը դատարանը կայացրել է 2012թ. նոյեմբերի 23-ին:  

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը վճռել էր մերժել Յուրի Մնացականյանի՝ հրապարակային ներողություն խնդրելուն եւ վիրավորանքի համար 1 մլն դրամ փոխհատուցելուն պարտավորեցնելու հայցն ընդդեմ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի և Վիգեն Շահինյանի, երրորդ անձ՝ «Նյուզ Էյ Էմ» ՍՊԸ-ի։ Յուրի Մնացականյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձվեր 20.000 ՀՀ դրամ՝ որպես չվճարված պետական տուրք։

Հայցվորն իր վերաքննիչ բողոքում պահանջել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը բեկանել և փոփոխել` կայացնելով հայցապահանջն ամբողջությամբ բավարարելու մասին նոր դատական ակտ:

Վերաքննիչ բողոքի պատասխանում պատասխանողը պահանջել էր մերժել վերաքննիչ բողոքը և ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

Վերաքննիչ դատարանը համարել է, որ Վ. Շահինյանի արած «պիտանի չեն» գնահատողական արտահայտությունը «չի հանդիսանում իր գնահատողական դատողության օբյեկտիվ արտահայտում, ավելին` վերջինիս կողմից բարեխիղճ մոտեցման դրսևորում»: Վերջին դիրքորոշման համար վերաքննիչ դատարանը հիմք է ընդունում նաև այն, որ լրագրողի այն հարցին, թե ինչ նկատի ունի «պիտանի չեն» ասելով՝ Վ. Շահինյանը պատասխանել է. «Այսինքն՝ դեկանատ չկա: Օժանդակ ստորաբաժանումներում 6 հոգի են, իսկ նոր պայմանները թելադրում են, որ 3-ը մնան»:

Վ. Շահինյանի վերջին արտահայտությունը դրանից առաջ արված արտահայտությունների համատեքստում վերլուծելով՝ դատարանը եզրահանգել է, որ նրա կողմից նշված օժանդակ ստորաբաժանումներում առկա 6 հոգուց կրճատման ոչ ենթակա 3-ին է նա համարում «պիտանի» ինստիտուտի գործունեության համար, իսկ մյուսներին` ոչ: Հետևաբար, Վ. Շահինյանի արած «պիտանի չեն» արտահայտության պարզաբանումը ևս վկայում է նրա` անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելու դիտավորության առկայության մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter