
Խնդրում են այս շաբաթվա ընթացքում հայտարարել նոր մրցույթ՝ Խոսրովի արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար
Ինչպես հայտնի է, «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը մնաց թափուր նոյեմբերի 23-ին անցկացված «մրցույթից» հետո: Այդ օրվանից անցել է շուրջ երկու շաբաթ, սակայն «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի անցկացման նոր հայտարարություն չի արվել Բնապահպանության նախարարության կողմից: Մեր նախաձեռնությունները այսօր դիմում են հղել բնապահպանության նախարարին, որում մասնավորապես նշված է.
«Կարևորելով Խոսրովի անտառ պետական արգելոցի պահպանության և կառավարմանը կապված հարցերը և անընդունելի համարելով բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարումը ժամանակավոր պաշտոնակատարի ձեռքում թողնելը՝ խնդրում ենք այս շաբաթվա մեջ հայտարարել «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ և հրապարակել այդ հայտարարության տեքստը:
Միևնույն ժամանակ սույն մրցույթն ավելի թափանցիկ և արդար անցկացնելու համար առաջարկում ենք հայտարարության տեքստում հստակեցնել.
- նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջները, մասնավորապես՝ համապատասխան բնագավառի բարձրագույն կրթությունը և որակավորումները («համապատասխան կրթություն» բառակապակցությունը տարաբնույթ ընկալման տեղիք է տալիս),
- ներկայացվելիք հայեցակարգերի պահանջները, մասնավորապես`բովանդակային պահանջները, ակնկալվող ծավալը,
- հանրայնացնել բոլոր թեկնածուների ինքնակենսագրությունները, մասնագիտական և աշխատանքային փորձի տվյալները,
- հանրայնացնել նրանց կողմից ներկայացված`պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգերը (ըստ հավակնորդների տեսակետի),
- ապահովել մրցույթի, այդ թվում` հարցազրույցների հրապարակայնությունը:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ լրացուցիչ աշխատանքներ կատարելու կամ տեղեկություններ ձեռք բերելու անհրաժեշտություն չկա, ուստի ակնկալում ենք ստանալ Ձեր պատասխանը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հհ սահմանված 5-օրյա ժամկետում:
«Թռչկան» և «Խոսրով» քաղաքացիական նախաձեռնություններ
10.12.2012
Ֆեյսբուքյան խումբ. https://www.facebook.com/groups/206773119400969/
Մեկնաբանել