Սիլիկոնային հովտում մեկնարկել է «ԱրմԹեք 2012»-ը
Այսօր Սիլիկոնային հովտում մեկնարկեց «ԱրմԹեք 2012» համաժողովը, որն ընթանում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում «Սովորելով անցյալից և կերտել ապագան» խորագրի ներքո: Համաժողովը հյուրընկալել է Սթենֆորդի համալսարանի քաղաքաշինության և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետը:
Արդեն հինգերորդ անգամ անցկացվող այս համաժողովին մասնակցում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների շուրջ 120 ղեկավարներ, հետազոտողներ, ակադեմիական ոլորտի և ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական պաշտոնյաներ Հայաստանից:
Միջոցառման նպատակն է ներկայացնել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը, ուրվագծել զարգացման հեռանկարները և ընդլայնել ԱՄՆ գործարարության հնարավորությունները:
«ԱրմԹեք 2012» համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի»), «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ը, «Վիասֆեր տեխնոպարկ»-ը, Զարգացման հայկական գործակալությունը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, Հայաստանում ամերիկյան առևտրի պալատը և Հայկական միջազգային միջմասնագիտական խումբը (G2IA):
«ԱրմԹեք» 2012 համաժողովի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է բիզնեսը բիզնեսին (B2B) ձևաչափով հանդիպումների անցկացմանը, Սիլիկոնային հովտում տարբեր ընկերություններ գործնական այցերի կազմակերպմանը, համաժողովի մասին իրազեկմանը, ինչպես նաև կազմակերպման աշխատանքների իրականացմանը:
Այս տարի կազմակերպվելու են չորս պանելային ինտերակտիվ քննարկումներ, որոնց ընթացքում բանախոսներն ու մասնակիցները հնարավորություն են ունենալու ներկայացնել և քննարկել առաջիկա տարիներին Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավոր ուղղությունները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել