HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում գործում է ՏՏ ոլորտի ավելի քան 350 կազմակերպություն

ԱՄՆ Սան Հոզե քաղաքում մեկնարկել է բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված «ԱրմԹեք-2012» համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը։

Հայաստանում գործում է ՏՏ ոլորտի ավելի քան 350 կազմակերպություն, որից 107-ը ներկայացնում է արտասահմանյան ընկերություններ, ընդ որում՝ 50-ը ամերիկյան կապիտալի մասնակցությամբ: Ոլորտի ընդհանուր շրջանառությունը 205 մլն ԱՄՆ դոլար է, որից արտահանելի մասը՝ 120 մլն-ը: Շարունակաբար աճում է ոլորտում զբաղվածների թիվը, որն այս պահի դրությամբ հասնում է 6760-ի:

Իր ելույթում Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է, և պատահական չէ, որ վերջին շրջանում ոլորտում արձանագրվում է շուրջ 25 տոկոս տարեկան աճ: Նրա խոսքով՝ դառնալով Հայաստանի տնտեսության առաջատար ուղղություններից մեկը՝ ՏՏ ոլորտը ռազմավարական նշանակություն է ձեռք բերում տնտեսության զարգացման համար:

«Տարածաշրջանում ունենք մրցակցային որոշ առավելություններ, որոնք պարտավոր ենք օգտագործել: Դա առաջին հերթին բնակչության բարձր կրթական մակարդակն է, խորհրդային տարիներին ձևավորված մաթեմատիկայի և բնական գիտությունների դասավանդման լավ ավանդույթներն ու տվյալ ոլորտում բավական ամուր համալսարանական ներուժը: Խորհրդային տարիներին Հայաստանի տնտեսական մասնագիտացումներից մեկը հենց տեղեկատվական տեխնոլոգիաներն էին՝ software, hardware, semiconductors, որոնք սպասարկում էին ԽՍՀՄ ռազմաարդյունաբերական համալիրը: Հայաստանը նախկին ԽՍՀՄ տեղեկատվական տեխնոլոգիաների եզակի կենտրոններից էր: Մեզ մոտ ձևավորվել էին այդ արդյունաբերությունն սպասարկող անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու բավարար մասնագիտական ներուժ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Ոլորտում արձանագրվող շարունակական առաջընթացի հարցում նա կարևորել է համաշխարհային գիտական և տեխնոլոգիական առաջատար կենտրոններից մեկի՝ Կալիֆորնիա նահանգի մեծաթիվ հայկական համայնքի դերը, ինչը տարածաշրջանի մյուս երկրների համեմատ Հայաստանի լրջագույն առավելություններից է: Նա ընդգծել է, որ սփյուռքը հսկայական ներուժ ունի աշխարհում տեխնոլոգիական խոշոր ընկերությունների ու առաջատար կենտրոնների հետ կապեր հաստատելու և Հայաստանը պատշաճ կերպով ներկայացնելու առումով:

Տիգրան Սարգսյանն ընդգծել է կրթության կարևորությունը տեղեկատվական տեխոնոլոգիաների զարգացման գործում: «Կառավարության գործունեության ծրագրում մեծ տեղ են գրավում կրթությանը վերաբերող խնդիրները: Մենք հիմնել ենք «Լույս» հիմնադրամը, որը հնարավորություն է ընձեռում աշխարհի ցանկացած ծայրում ապրող հայ երիտասարդներին կրթություն ստանալ աշխարհի 10 լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում»,- ասել է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter