Երբ գիրքը գտնում է նկարչին
2012 թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12:12-ին, Թումանյանի թանգարանում կբացվի «Երբ գիրքը գտնում է նկարչին» խորագրով ցուցահանդեսը, որը հայաստանյան 5 խոշոր մշակութային կառույցի՝ Թումանյանի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Չարենցի տուն-թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանի և Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի համատեղ նախագիծն է:
Ցուցադրությունը կազմված է 4 բաժնից: Առաջինը ներկայացնում է 19-րդ դարի հայ գրքարտադրության կենտրոններն ու ժամանակի գրքի նկարազարդման նմուշները, երկրորդը՝ 20-րդ դարի նոր գեղարվեստական հոսանքները և հայ գրքի ձևավորումն այդ ժամանակշրջանում: Երրորդում ներկայացվում է գրքարտադրության մենաշնորհի շրջանը Խորհրդային Հայաստանում, իսկ չորրորդում ՝ երգիծանքն ու գրաֆիկան հետպատերազմյան շրջանում:
Ցուցահանդեսի արժեքավոր ցուցանմուշների թվում են Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Փանոս Թերլեմեզյանի, Գրիգոր Խանջյանի՝ գրական ստեղծագործությունների նկարազարդումները:
Ըստ էության, այս ցուցահանդեսը եզրափակում է հայ գրատպության 500-ամյակի հոբելյանական միջոցառումները, որոնք անցկացվեցին 2011-ի դեկտեմբերից սկսած առ այսօր ինչպես Հայաստանում,այնպես էլ աշխարհի տարբեր երկրների մշակութային ավանդույթներով հայտնի քաղաքներում:
Այն նվիրված է հայ գրքի գեղարվեստական ձևավորման ավանդույթներին, հայկական միջավայրում զարգացած ընթերցանության պատմությանը և ներկայացնում է 19-րդ դարի վերջերից մինչև 20-րդ դարի 70-ականներն ընկած ժամանակահատվածի պատմությունն ու այդ ընթացքում ստեղծված արժեքավոր ցուցանմուշները: Այս մասին հայտնում է «Գիրք» հիմնադրամի մամուլի գրասենյակը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել