HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական գիտական սերիալ սոցիոլոգիական մոտիվներով

Երկրում լայն թափով ընթանում է նախանախընտրական պայքարը: Ընդ որում, սերիալախեղդ ժողովրդին «հրամցվում են» ակնհայտ սերիալային տարրեր պարունակող սցենարներ, կիրառվում են ինտրիգը պահպանելու «տեխնոլոգիաներ»: Վիվարոն որ չամաչի՝ կարող է կարճաժամկետ ու երկարաժամկետ խաղադրույքներ սահմանել՝ Լեւոնը ե՞րբ կխոսի, Ծառուկյանը ե՞րբ կասի, միասնական թեկնածու կլինի՞, Սերժը առաջի՞ն փուլով կանցնի, Րաֆֆին ե՞րբ կփոշմանի եւ այլն…

Գեներալի աղջիկը, Եղբայրները, Անծանոթը, բանը ստվերում մնալու վտանգի առջեւ են հայտնվել… Բայց, ի տարբերություն հեռուստասերիալների, որտեղ սովորաբար Նոր տարուց առաջ հանգուցալուծումներ են լինում, կյանքային սերիալում այդ ժամանակ նոր-նոր սկսվելու են հետաքրքիր իրադարձությունները: Ոմանք էլ կան՝ ասում են, թե գիտեն՝ ինչ է լինելու սերիալի էս եթերաշրջանի վերջում՝ փետրվարին: Բայց, չգիտես ինչու, տարբեր մարդիկ տարբեր բաներ են ասում՝ մարդ գլուխ չի հանում:

Մի մարդ կա, որի ասածները ճիշտ են դուրս գալիս՝ նա էլ լռում է…

Ու էս խառը իրադրության մեջ գիտաշխատողը, բյուջեի 13 տոկոսանոց ապտակը դեռ չմարսած, պիտի կողմնորոշվի, թե ում սատարի, որ դեպի գիտության պայծառ ապագա տանող մութ թունելի վերջում թեկուզ գերզգայուն ֆոտոընդունիչով լույսի գոնե մի ֆոտոն բռնի…

Գործող նախագահն ու ՀՀԿ-ն: Բայց դե էս 4-5 տարի ա՝ սկսել են խոստումներ ու խորհուրդներ տալ, կարեւորել գիտությունը, ծրագրեր են գրել, թե եսիմ որ թվին լավ ա լինելու, այն գերակա ճյուղ են հայտարարել ու մեկ ա՝ էական բան չեն արել… Հիմիկվա պաշտոնյաների կարգախոսը ոնց որ լինի «ինձանից հետո՝ թեկուզ գիտության ֆինանսավորման ավելացում…»:

Ծառուկյանն ու ԲՀԿ-ն: Չնայած անցած տարի երիտասարդ գիտնականների ու լրագրողների համար մրցանակաբաշխություն կազմակերպվեց, բայց դե անկախությունից հետո՝ «ոսկեդեկադի» ընթացքում, երբ տնտեսությունը «վագրի ցատկերով» սուրում էր առաջ, ԲՀԿ-ն, կառավարությունում ունենալով լիքը պորտֆելներ, գիտության հանդեպ հեչ մտահոգություն չցուցաբերեց: Դեռ 2007 թվից իրենց ծրագրում գրված է, որ «անհրաժեշտ է հասնել գիտության ոլորտին պետական բյուջեի ծախսային մասի առնվազն 3 %-ի հատկացմանը…»: Առնվազն…

Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը: Բայց դե առաջին նախագահի օրոք Վիկտոր Համբարձումյանը հեռացավ ԳԱԱ-ից, էդ տարիներին ուղեղների մեծ արտահոսքի  հետեւանքով է այսօր գիտության բնագավառում համարյա բացակայում միջին սերունդը: Էս վերջերս էլ Բագրատյանը գիտության ֆինանսավորման ավելացնելու ծրագիր ներկայացրեց, իշխողներն ասացին՝ «չէ»: Դե բա հո «հա» չէին ասելու. մտքներին լիներ՝ կբարձրացնեին էլի: Ծրագիր գրելուց իրենք էլ վատ չեն: Հիմա էլ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ի որոշումներից կախված, կարող է նույնիսկ ինքնակազմաքանդվի: Համակարգելու գործն էլ կփակվի…

Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ժառանգությունը»: Գիտության մասին լավ-լավ բաներ են խոսում, բայց դե թույլ են էլի. հաստատ շանս չունեն: Մի քանի օր առաջ տեսանք, թե ինչպես Ավանում «Ժառանգությունը» պարտվեց ՀՀԿ-ի նկարին (տեսնես էդ նկարի մարդը գիտության ֆինանսավորման մասին ինչ կարծիք ունի): Քոքոբելյանենց հետ հանելուկային գործարքի մեջ մտան ԱԺ ընտրություններին ու իրենց հարգանք վայելող անդամներին, օրինակ՝ Լարիսա Ալավերդյանին, հետին պլան մղեցին: Ի՞նչ իմանաս հետո մի ուրիշ հանելուկային գործարք չե՞ն կնքի ու օրինակ՝ գիտության ֆինանսավորման հարցը հետին պլան մղեն:

Դաշնակները: Իրենք էլ են լավ բաներ ասում, բայց դե քիչ են էլի. հաստատ շանս չունեն: Իրենց 7 կետն էլ ընդունող չի լինի, ու քիչ էլ կմնան: Համ էլ «ոսկեդեկադի» ընթացքում ահագին ժամանակ գիտության ու կրթության ոլորտը իրենց ձեռքն էր… Օպտիմիզացիա ա էին անում:

Էլ ո՞վ կա: Հա՜, գիտության համար «իրեն կոտորող» ՕԵԿ-ը :) Դե, չնայած Հովհաննես Մարգարյանն ասում ա, որ իրենցից «ցխկվում, տրաքվում են», Բիշարյանն էլ թե՝ «չգիտես ինչու, բշտում են…», իրենք էս անգամ բավարարվելու են սատարելով: Դե լավ ա՝ քիչ կերեւան… Թե չէ կարող ա բոլորս «ցխկվենք»:

Էպոսագե՜տը: Չէէ՜, նա երեւի միայն հումանիտար գիտությանը «տեր կանգնի»:

Ափսոս, Կարապետյանները՝ Արամն ու Կարապետիչը, չեն մասնակցելու ընտրություններին: Նրանք մի բան կանեին:

Հայրիկյան ջան… :)

Միասնակա՞նը… Իիի՜…

Չէ է, ելք չկա. էս սերիալային դաշտում գիտության գործերը բարելավելու հարցում ոչ մեկը հույս չի ներշնչում… Քասթինգ էլ չեն անում. սերիալի համար նոր հարմար թեկնածուներ հորիզոնում չեն երեւում:

Հ.Գ. (Ֆուտուրիստական)

Է՛վրիկա… Տարբերա՛կ… Ե՛լք…. Էն մա՜րդը…

Պետք է ազգովի կամ, ավելի ճիշտ, գիտնականովի էդ մարդու ոտերն ընկնել, խնդրել, համոզել, պաղատել, որ գիտության ֆինանսավորման մասին մի լավ բան ասի: Չէ՞ որ իր ասածները ճիշտ են դուրս գալիս…

Ու գիտաշխատողն սկսեց զանգել ընկերներին էն հույսով, որ մեկն ու մեկը կիմանա սոցիոլոգ Ադիբեկյանի կոորդինատները…

Հորդոր.

Ինչ էր երեկ նույնն է այսօր,
Նույն բզկտումն ամենազոր,
Եվ պառակտված փշրանք դարձած
Մի ժողովուրդ...

Նայեք իրար, նայեք Ձեր մեջ
Ինչ կա հզոր հաղթող հավերժ
Եվ որն է խաչը հավատքի,
Ով է Հայր մեր...

Արդեն բավ է միմյանց խաբենք,
Քանի դեռ ուշ չէ, կանք դեռ մենք,
Քանի դեռ սուրը ոսոխի
Ճամփին է դեռ...

Ստեփան Գյոզալյան
9.12.2012

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter