
Անկախության 20 տարում Կաթնաղբյուրում որևէ հիմնախնդիր չի լուծվել (տեսանյութ)
Լոռու մարզի մոտ 1000 բնակիչ ունեցող Կաթնաղբյուր գյուղը գտնվում է Ստեփանավանից 18 կմ արևելք: Ստեփանավանից Կաթնաղբյուր տանող ճանապարհը գրեթե անանցանելի է: Կաթնաղբյուրցիներն ասացին, որ անկախության տարիներին գյուղի զարգացման որևէ հիմնախնդիր չի լուծվել: Կաթնաղբյուրը ջրառատ գյուղ է, սակայն գյուղացիների բնակարաններում ջուր չկա: Գյուղի կանայք դույլերով ջուր էին կրում փողոցների ջրի ծորակներից:
Համայնքի նորընտիր ղեկավար Արթուր Սավթալյանն ասաց, որ գյուղի մոտ 350 հա վարելահողերի հազիվ 30%-ն է մշակվում: Գյուղացիների 80%-ն արտագնա աշխատանքի է մեկնում իրենց ընտանիքների գոյատևման համար: «Կաթնաղբյուրը ծերանոց է դարձել, երիտասարդները գնում են Ռուսաստան, արտասահման, ուր պատահի»,- ասաց երիտասարդ Ռաֆայել Հովհաննիսյանը:
Գյուղից հեռացել են նաև 77-ամյա Նազիկ Սարգսյանի 5 երեխաները: Ծեր կինը չի կարողանում այլևս պահպանել իր գոյությունը:
«Հինգ երեխա ունեմ, ամենքը մի երգրում են: Մեր գյուղի նման խեղճ գյուղ չկա»,- ասաց Նազիկ Սարգսյանը:
Կաթնաղբյուրը գազիֆիկացված չէ, անբարեկարգ են ներհամայնքային ճանապարհները: Գյուղացիները Կաթնաղբյուրի ծանր վիճակի համար մեղադրում են երկրի նախագահին:
«Քյասիբ գյուղ, ամեն ինչից զրկունք, ոչ մի բան էլ չունենք: Աստծո եսիր ու գերին ենք: Սերժ Սարգսյան զուտ մեր գյուղին չէ նայել: Ամոթ է: Գոնե մեր գեղին բան չըրէցին, որ ասենք`էս մի բան ըրեցին: Ամենաեսիր գյուղն է մեր գյուղ, որովհետև չնայեն մեր գյուղին»,- ասաց կաթնաղբյուրցի 80-ամյա Գալյա Հակոբյանը:
Գալյան նաև հավելեց. «Կուզեի Սերժ Սարգսյանը մեր գյուղ եկող ճանապարհները սարքի, մեր գազը քաշի, մի քիչ օգնություն տա ժողովրդին»:
Կաթնաղբյուրցի Ջոն Կիրակոսյանը գյուղի ամենահրատապ լուծում պահանջող խնդիրը համարեց Ստեփանավանի հետ Կաթնաղբյուրին կապող ճանապարհի բարեկարգումը: Երիտասարդ գյուղատնտեսը կարծում է, որ ճանապարհի բարեկարգման դեպքում նախ կավելանա գյուղի ելումուտը, հետո կնվազի Ստեփանավան-Կաթնաղբյուր ճանապարհածախսը:
«Ստեփանավանից մինչև Տաշիր տաքսին 1200 դրամով է ուղևոր փոխադրում, Ստեփանավանից մինչ մեր գյուղը 4 հազար դրամ է տաքսին գնահատում, երեկոյան ժամերին 5 հազար դրամ են ուզում, գիշերը ռաստ գաք` կարող է 10 հազար դրամ ուզեն»,- ասաց Ջոն Կիրակոսյանը:
Նա նշում է, որ Ստեփանավան-Կաթնաղբյուր անբարեկարգ ճանապարհի պատճառով գյուղից տեղափոխվող ապրանքի ինքնարժեքը բարձրանում է, բացի դրանից՝ գնորդներին անանցանելի ճանապարհի պատճառով Կաթնաղբյուրը չի ձգում:
Կաթնաղբյուրի նախկին համայնքապետ Սերոժ Հակոբյանն այս տարի կամովին չի առաջադրել իր թեկնածությունը համայնքի ղեկավարի պաշտոնի համար: Նախկին համայնքապետն իր պաշտոնավարման անցած 4 տարին անարդյունավետ է աշխատել գյուղի հրատապ խնդիրների լուծման գործում: «Դե, գյուղապետին պետությունը պետք է միջոցներ տա: Մարդիկ ինչ անեն, գնան Ռուսաստանից փող բերեն, որ հարկեր տա՞ն, ոնց կլինի»,- ասում է Ջոն Կիրակոսյանը:
Կաթնաղբյուրցիները թերահավատ են ցանկացած պաշտոնյայի խոստումների նկատմամբ: Նորընտիր համայնքապետ Արթուր Սավթալյանից էլ գյուղում միայն շոշափելի աշխատանք են ակնկալում: «Բռնած նախարարներից, բռնած երկրի նախագահից էս 20 տարի է խոստումներով կերակրում են: Խոստումների վրա էլ ուշադրություն դարձնող չկա»,- ասում է Ջոն Կիրակոսյանը:
Կաթնաղբյուրի համայնքապետարանում գյուղի զարգացման 2009-2012թթ. քառամյա ծրագիրը մեզ չտրամադրեցին: Ասացին, թե հաշվապահի չհրկիզվող պահարանում փակված է, հաշվապահն էլ գյուղում չէ: Ֆիզիկայի ուսուցիչ, ներկայիս համայնքապետ Արթուր Սավթալյանը ծանր մարտահրավերների առաջ է կանգնած. նա կարծում է, որ առաջին հերթին պետք է լուծել գյուղի գազիֆիկացման, Ստեփանավանին կապող գյուղի ճանապարհի և Կաթնաղբյուրի խմելու ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման խնդիրները:
Հրատապ խնդիրների լուծման հարցում համայնքի ղեկավարն անկնկալում է Լոռու մարզպետարանի աջակցությունը: Ա. Սավթալյանը հայտնեց, որ Կաթնաղբյուրի 2013-2016 թթ. քառամյա զարգացման ծրագիրը քննարկման փուլում է: Շուտով այն ներկայացնելու է ավագանու հաստատմանը:
Կաթնաղբյուրում տներից մեկի բակում փայտ ջարդող մի կին գրավեց ուշադրությունս: Երբ մոտեցա, ձայնս լսելով՝ գլուխը թեքեց: Կինը` կաթնաղբյուրցի Էմմա Պողոսյանն, ասաց, որ արդեն 10 տարի տառապում է փսորիազ հիվանդությամբ:
Երիտասարդ կնոջ դիմագծերը չէին երևում անտանելի վերքերի տակ: Թվում էր, թե կնոջ աչքերից ուր որ է, արյուն է հոսելու: «Մի քանի օր առաջ հեռախոսով դիմեցի Երևան, որ ինձ օգնեն: Բժիշկն ասաց` «մարդ ուղարկի, գա դեղ տանք` քսես դեմքիդ», ես էլ մարդ չունեմ, որ ուղարկեմ դեղն ստանա»,- ասաց Էմման:
Հիվանդությունը կանխելու համար աղքատ գեղջուկը ֆինանսական միջոցները չի ունեցել: Էմման ասաց, որ 16 հազար դրամ հիվանդության իր թոշակով կերակրում է 4 անձից կազմված իր ընտանիքը: Էմմային խորհուրդ տվեցի բուժման համար ֆինանսական օգնություն խնդրել համայնքապետից: «Է~, իրենց աթոռի համար ընտրություն կանեն, ընտրվեցին` էլ տեր չեն»,- պատասխանեց նա:
Գյուղից հեռացա ծանր զգացողությամբ, ճանապարհի ոլորաններից երևում էր մթնշաղի մեջ թաղվող Կաթնաղբյուրը: Աչքիս առջեւ Կաթնաղբյուրի անուշադրության մատնված սրտաբաց մարդիկ էին, իսկ ականջիս հնչում էր կաթնաղբյուրցի Նազիկ Սարգսյանի ձայնը. «Մեր թագավորի աննունն ի՞նչ է, հա, Սերժ Սարգսյան: Է~, որ թագավոր չկարաց մեր էրգիր սարքե, մեր գյուղապետն ինչ կարա ընե»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել